ՍԱՂՄՈՍՆԵՐ 118
118
Շնորհակալության աղոթք հաղթանակի համար
1Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։
2Թող Իսրայելն ասի. «Հավիտյան է նրա ողորմությունը».
3Ահարոնի տունն ասի. «Հավիտյան է նրա ողորմությունը».
4Տիրոջից վախեցողներն ասեն. «Հավիտյան է նրա ողորմությունը»։
5Նեղության մեջ կանչեցի Տիրոջը. Տերն ինձ լսեց և ընդարձակ տեղ հանեց։
6Տերն ինձ հետ է. ես չեմ վախենում. մարդն ինձ ի՞նչ է անելու։
7Տերն ինձ հետ է իմ օգնականներով, և ես պիտի նայեմ իմ թշնամիներին։
8Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան թե մարդկանց ապավինել։
9Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան թե իշխաններին ապավինել։
10Բոլոր հեթանոսները պաշարեցին ինձ, բայց ես Տիրոջ անվամբ պիտի ջարդեմ նրանց։
11Ամեն կողմից շրջապատեցին ինձ, բայց ես Տիրոջ անվամբ պիտի ջարդեմ նրանց։
12Մեղուների պես շրջապատեցին ինձ, հանգան ինչպես փշերի կրակ, բայց Տիրոջ անվամբ պիտի ջարդեմ նրանց։
13Ուժեղ զարկեցիր ինձ, որ ցած ընկնեմ, բայց Տերն ինձ օգնեց։
14Տերն իմ զորությունը և իմ սաղմոսն է. նա փրկություն եղավ ինձ համար։
15Ցնծության և փրկության ձայն կա արդարների վրաններում. Տիրոջ աջը զորություն է գործում։
16Տիրոջ աջը բարձր է. Տիրոջ աջը զորություն է գործում։
17Ես չեմ մեռնելու. պիտի ապրեմ և պիտի պատմեմ Տիրոջ գործերի մասին։
18Տերը խիստ խրատեց ինձ, բայց ինձ մահվան չմատնեց։
19Ինձ համար բացե՛ք արդարության դռները, որ մտնեմ նրանց մեջ և գոհանամ Տիրոջից։
20Այս դուռը Տիրոջն է. արդարները սրանով պիտի մտնեն։
21Գոհանում եմ քեզնից, որ ինձ լսեցիր և փրկություն եղար ինձ համար։
22Այն քարը, որ շինարարներն անարգեցին, նա դարձավ անկյունաքար։
23Տիրոջից եղավ այս բանը, զարմանալի է թվում մեր աչքին։
24Սա այն օրն է, որ Տերն արարեց. թող ցնծանք և ուրախ լինենք նրանում։
25Օ՜, Տե՛ր, փրկի՛ր, օ՜, Տե՛ր, հաջողությո՛ւն տուր։
26Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անվամբ. օրհնում ենք ձեզ Տիրոջ տնից։
27Տերն է Աստվածը և լույս է ցույց տալիս մեզ. մատաղները կապեցե՛ք չվաններով, տարե՛ք մինչև սեղանի եղջյուրները։
28Դու ես իմ Աստվածը, և ես գոհանում եմ քեզնից, ո՛վ իմ Աստված, ես պիտի պանծացնեմ քեզ։
29Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։
Currently Selected:
ՍԱՂՄՈՍՆԵՐ 118: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018