YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 104

104
Փառաբանություն Արարչին
1Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ. ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, դու շատ մեծ ես, գեղեցկություն և փառք ես հագել։
2Լույսը հագնում ես հանդերձանքի պես, երկինքը տարածում ես վարագույրի պես։
3Նա իր վերնատները շինում է ջրերի վրա, ամպերը կառք է դարձնում իր համար և գնում է քամու թևերի վրա։
4Իր հրեշտակներին քամիներ է դարձնում, իր պաշտոնյաներին՝ այրող կրակ։
5Նա հաստատեց երկիրն իր հիմքերի վրա, որպեսզի բնավ և հավիտյան չսասանվի տեղից։
6Անդունդներով, ինչպես հանդերձանքով, ծածկեցիր նրան. ջրերը կանգնում են լեռների վրա։
7Քո սաստելուց նրանք փախչում են, քո որոտի ձայնից հետ են գնում սարսափած։
8Սարերը բարձրանում են, և ձորերը իջնում այնտեղ, ուր տեղ ես հաստատել նրանց համար։
9Դու սահման դրիր, որ չանցնեն նրանից, հետ չդառնան, որ երկիրը ծածկեն։
10Դու աղբյուրներ ես բխեցնում ձորերում. նրանք հոսում են լեռների միջով։
11Նրանք խմելու ջուր են տալիս բոլոր վայրի գազաններին, և վայրի էշերը կոտրում են իրենց ծարավը։
12Երկնքի թռչունները բնակվում են նրանց վրա և ձայն են տալիս ճյուղերի միջից։
13Նա իր վերնատներից ջուր է խմեցնում լեռներին, քո գործերի պտուղներով կշտացնում ես երկիրը։
14Խոտ է բուսցնում անասունների համար և բանջար՝ մարդու օգուտի համար, և հաց է հանում հողից։
15Եվ գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը, յուղ, որ փայլեցնում է նրա երեսը, և հաց, որ հաստատում է մարդու սիրտը։
16Կշտանում են Տիրոջ ծառերը՝ Լիբանանի մայրիները, որոնք նա տնկեց։
17Թռչուններն այնտեղ բույն են դնում, արագիլը եղևնիների վրա շինում է իր տունը։
18Բարձր սարերը ապավեն են վայրի այծերի համար, և վեմերը՝ ճագարների։
19Նա ժամանակների համար ստեղծեց լուսինը. արեգակը ճանաչում է իր մայրամուտը։
20Խավար ես դնում, և գիշեր է լինում. անտառի բոլոր գազանները ման են գալիս նրա մթնում։
21Առյուծների կորյունները մռնչում են հափշտակելու համար և Աստծուց խնդրում են իրենց կերակուրը։
22Երբ արեգակը դուրս է գալիս, հետ են քաշվում և պառկում իրենց որջերում։
23Մարդը դուրս է գնում իր գործին և իր ծառայությանը՝ մինչև իրիկուն։
24Որքա՜ն մեծ են քո գործերը, ո՜վ Տեր. դրանք բոլորն էլ իմաստությամբ ես արել. երկիրը լիքն է քո ստեղծածներով։
25Այս ծովը մեծ է ու լայն. անթիվ են այնտեղ լողացողները՝ փոքր կենդանիները մեծերի հետ։
26Այնտեղ նավեր են գնում ու գալիս. դու ստեղծեցիր նաև լևիաթանը, որ խաղա նրա մեջ։
27Սրանք ամենքն էլ սպասում են քեզ, որ ժամանակին կերակուր տաս իրենց։
28Դու տալիս ես նրանց, և նրանք հավաքում են, դու բացում ես քո ձեռքը, և նրանք կշտանում են բարիքով։
29Ծածկում ես քո երեսը, սարսափում են, առնում ես նրանց հոգին, մեռնում են և վերադառնում են իրենց հողը։
30Հոգիդ ուղարկում ես, և ստեղծվում են նրանք, և դու նորոգում ես երկրի երեսը։
31Տիրոջ փառքը թող հավիտյան լինի, և Տերն ուրախ լինի իր գործերով։
32Նա նայում է երկրին, և դողում է այն. նա դիպչում է լեռներին, և նրանք ծխում են։
33Ես Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում, քանի կամ, պիտի սաղմոս ասեմ իմ Աստծուն։
34Քաղցր պիտի լինի իմ մտածությունը նրա մասին. ես ուրախ պիտի լինեմ Տիրոջով։
35Մեղավորները պիտի պակասեն երկրից, և ամբարիշտներն էլ չպիտի լինեն. օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։ Ալելուիա՜։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ՍԱՂՄՈՍՆԵՐ 104