YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 103

103
Աստծու սերը
Դավթի սաղմոս։
1Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի նրա սուրբ անունը։
2Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր նրա բոլոր բարիքները.
3Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո բոլոր ցավերը,
4Որ փրկում է քո կյանքն ապականությունից, որ պսակում է քեզ շնորհով և գթությամբ,
5Որ քեզ միշտ հագեցնում է բարիքներով, և քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես։
6Տերն արդարություն է շնորհում և իրավունք՝ բոլոր զրկվածներին։
7Նա իր ճանապարհները ցույց տվեց Մովսեսին և իր գործերը՝ Իսրայելի որդիներին։
8Բարեգութ և ողորմած է Տերը, համբերատար է և գթառատ։
9Նա ընդմիշտ չի բարկանա և ոխ չի պահի հավիտյան։
10Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն։
11Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութն իրենից վախեցողների նկատմամբ։
12Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները։
13Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների հանդեպ։
14Որովհետև նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք։
15Մարդու օրերը խոտի նման են. ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է.
16Երբ քամին անցնում է նրա վրայով, նա էլ չկա, և նրա տեղն այլևս չի ճանաչում նրան։
17Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։
18Նրա ուխտը պահողների վրա է և նրանց վրա, ովքեր հիշում են նրա պատվիրանները՝ դրանք կատարելու համար։
19Տերը երկնքում հաստատեց իր գահը, և նրա թագավորությունը տիրում է բոլորին։
20Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա հրեշտակներ, հզոր զորությամբ, դուք, որ կատարում եք նրա խոսքը՝ նրա խոսքի ձայնը լսելով։
21Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր զորքեր, նրա պաշտոնյանե՛ր, որ կատարում եք նրա կամքը։
22Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր արարածներ, նրա տերության բոլոր տեղերում. օրհներգի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in