YouVersion Logo
Search Icon

ԹՎԵՐ 5

5
Անմաքուր մարդիկ
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից դուրս անեն բոլոր բորոտներին, բոլոր ծորում ունեցողներին և բոլոր մեռելին դիպչելով անմաքուր եղողներին։ 3Տղամարդ թե կին՝ բանակատեղիից դո՛ւրս արեք նրանց, որպեսզի չպղծեն իրենց բանակատեղիները, որոնց մեջ ես եմ բնակվում»։ 4Այդպես էլ արեցին Իսրայելի որդիները. նրանք բանակատեղիից դուրս արեցին նրանց։ Ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին, այդպես էլ արեցին Իսրայելի որդիները։
Սխալների հատուցում
5Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 6«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ. “Երբ մի տղամարդ կամ մի կին, մարդկային որևէ մեղք գործելով, մեղանչի Տիրոջ դեմ, և այդ անձը հանցավոր լինի, 7այն ժամանակ նա թող խոստովանի իր արած մեղքը և ամբողջապես հատուցի պատճառած վնասը. դրա վրա ավելացնի մեկ հինգերորդ մասը և վճարի վնասը քաշողին։ 8Եթե վնաս կրած մարդը ազգական չունենա, որպեսզի նրան հատուցվի պատճառած վնասը, ապա այդ վնասը Տիրոջը հատուցվելով՝ թող պատկանի քահանային, բացի քավության խոյից, որով քավություն պիտի արվի նրա համար։
9Բոլոր սուրբ բաները բարձրացնելու ընծան, որ Իսրայելի որդիները բերում են քահանային, նրան պատկանի։ 10Ամեն մեկի բերած սուրբ բաները նրանը լինեն. ամեն մարդ ինչ որ տա քահանային, նրան պատկանի”»։
Խանդոտ ամուսինների կանանց մասին
11Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 12«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մի մարդու կինը խոտորվի և նրան անհավատարիմ լինի, 13և մեկը կենակցի նրա հետ, ու այդ բանը ծածուկ մնա նրա ամուսնու աչքից, և հայտնի չլինի, որ նա պղծվել է, վկա էլ չի եղել, ու կինը չբռնվի, 14և խանդի ոգին տիրի ամուսնուն, և նա խանդի իր կնոջը, որ իր կինը պղծվել է, կամ խանդի ոգին տիրի ամուսնուն, և նա խանդի իր կնոջը, բայց կինը պղծված չլինի, 15ապա այդ մարդը իր կնոջը պիտի բերի քահանայի մոտ և նրա համար որպես զոհ բերի մեկ տասներորդ գրիվ գարու ալյուր. դրա վրա յուղ չթափի, ոչ էլ կնդրուկ դնի վրան, որովհետև դա խանդի նվեր է, հիշատակի նվեր, որ մեղք է հիշեցնում։ 16Քահանան կմոտեցնի կնոջը և կկանգնեցնի Տիրոջ առջև։ 17Քահանան հողե ամանով սուրբ ջուր կառնի և վրանի հատակի հողից վերցնելով՝ կդնի ջրի մեջ։ 18Քահանան կնոջը կկանգնեցնի Տիրոջ առջև, կբացի կնոջ գլուխը, նրա ձեռքը կտա հիշատակի ընծան, խանդի հացի ընծան, և նզովքի լեղի ջուրը քահանայի ձեռքին պիտի լինի։ 19Քահանան երդում անել կտա կնոջը և կասի նրան. "Եթե ոչ մի մարդ քեզ հետ չի պառկել, և եթե չես պղծվել՝ անհավատարիմ գտնվելով քո ամուսնուն, ապա այս լեղի ջուրը, որ նզովք է բերում, ոչ մի վնաս չի պատճառի քեզ։ 20Բայց եթե քո ամուսնուն անհավատարիմ գտնվելով՝ պղծվել ես, և քո ամուսնուց բացի ուրիշ մարդ է պառկել քեզ հետ, 21(այն ժամանակ քահանան կերդվեցնի այդ կնոջը այս նզովքի երդմամբ և կասի նրան.) 22Տերը քեզ քո ժողովրդի մեջ նզովքի և երդման առարկա կդարձնի՝ փտեցնելով քո զիստը և ուռեցնելով քո որովայնը. այս նզովյալ ջուրը կգնա քո աղիքների մեջ, որպեսզի ուռեցնի քո որովայնը և փտեցնի քո զիստը"։ Իսկ կինը կասի՝ ամեն, ամեն։ 23Քահանան այս անեծքը կգրի մի գրքում, ապա այն լեղի ջրով կջնջի։ 24Նա նզովքի լեղի ջուրը կխմեցնի այդ կնոջը, և նզովքի ջուրը կլցվի նրա մեջ լեղի դառնալու համար։ 25Քահանան կնոջ ձեռքից կառնի խանդի հացի ընծան, այն կերերացնի Տիրոջ առաջ և կմոտեցնի զոհասեղանին։ 26Քահանան իր ձեռքը կլցնի այդ նվերից հիշատակի համար և այն կայրի զոհասեղանի վրա։ Հետո այդ ջուրը կխմեցնի կնոջը։ 27Ջուրը նրան խմեցնելուց հետո, եթե կինը պղծված է և անհավատարիմ է եղել իր ամուսնուն, ապա այդ նզովյալ ջուրը, լեղի լինելով, կլցվի նրա մեջ, նրա որովայնը կուռչի, նրա զիստը կփտի, և կինը իր ժողովրդի մեջ նզովված պիտի լինի։ 28Իսկ եթե կինը պղծված չէ, մաքուր է, պատիժ չի կրի և զավակ կծնի։ 29Այս է խանդի մասին օրենքը, երբ մի կին դավաճանում է իր ամուսնուն և պղծվում, 30կամ երբ խանդի ոգին է տիրում տղամարդուն, և նա խանդում է իր կնոջն ու նրան կանգնեցնում Տիրոջ առջև, քահանան նրա նկատմամբ պիտի կիրառի այս ամբողջ օրենքը։ 31Եվ այն ամուսինը զերծ պիտի լինի հանցանքից, իսկ կինը իր հանցանքը պիտի կրի”»։

Currently Selected:

ԹՎԵՐ 5: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in