YouVersion Logo
Search Icon

ԹՎԵՐ 4

4
Կահաթի որդիների պարտականությունները
1Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ և ասաց. 2«Ղևիի որդիների միջից հաշվառի՛ր Կահաթի որդիներին ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների. 3երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։ 4Կահաթի որդիների պաշտոնը ժողովի վրանում ամենասուրբ բաների պահպանությունն է։ 5Բանակի տեղափոխվելու ժամանակ Ահարոնն ու նրա որդիները կգան և կիջեցնեն ծածկող վարագույրը և դրանով կծածկեն վկայության տապանակը։ 6Դրա վրա կդնեն այծի կաշիներից շինված ծածկոցը, իսկ դրա վրա էլ կգցեն ամբողջովին կապուտակ մի կերպաս#4.6 Կամ գործվածք։, ապա կանցկացնեն տապանակի ձողերը։ 7Առաջավորության սեղանի վրա կփռեն կապուտակ մի կերպաս և դրա վրա կդնեն սկուտեղները, խնկամանները, թասերը և թափելու նվեր մատուցելու բաժակները։ Դրա վրա կլինի նաև հանապազօրյա հացը։ 8Սրանց վրա կփռեն կրկնակի կարմիր մի կերպաս և այն կծածկեն այծի կաշիներից շինված մի ծածկոցով, ապա կանցկացնեն սեղանի ձողերը։ 9Նրանք կվերցնեն կապուտակ մի կերպաս և կծածկեն լույսի աշտանակը, նրա ճրագները, նրա ունելիները, մոխրանոցները և նրա յուղի բոլոր ամանները, որոնցով սպասարկում են։ 10Աշտանակը և նրա ամբողջ սպասքը կառնեն այծի կաշիներից շինված մի ծածկոցի մեջ և այն կդնեն մի պատգարակի վրա։ 11Ոսկե սեղանի վրա կփռեն կապուտակ մի կերպաս և այն կծածկեն թեհաշի մորթիներից շինված մի ծածկոցով, ապա կանցկացնեն դրա ձողերը։ 12Կվերցնեն սրբարանում պաշտամունքի համար գործածվող ամբողջ սպասքը, կփաթաթեն կապույտ մի կերպասի մեջ, կծածկեն այծի կաշիներից ծածկոցով և կդնեն պատգարակի վրա։ 13Զոհասեղանի մոխիրները հանելով՝ այն կծածկեն ծիրանագույն կերպասով։ 14Վրան կդնեն ծառայության համար գործածվող նրա բոլոր սպասքները, այսինքն՝ կրակի ամանները, մեծ պատառաքաղները, թիակները, տաշտերը, զոհասեղանի բոլոր անոթները, և դրանց վրա կգցեն թեհաշի մորթիներից շինված մի ծածկոց, ապա կանցկացնեն ձողերը։ 15Ահարոնն ու նրա որդիները կվերջացնեն սրբարանն ու սրբարանի ամբողջ սպասքը ծածկելու գործը բանակի տեղափոխվելու ժամանակ, հետո կգան Կահաթի որդիները՝ դրանք վերցնելու։ Սակայն սուրբ բաներին չպետք է դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Սրանք կլինեն Կահաթի որդիների բեռները ժողովի վրանում։
16Ահարոն քահանայի որդի Եղիազարը վերակացու կլինի լույսի յուղի, անուշահոտ խնկի, ամենօրյա հացի ընծայի և օծման յուղի վրա։ Նա ամբողջ վրանի և դրա մեջ եղած բոլոր բաների, սրբարանի ու նրա սպասքի վրա վերակացու կլինի»։
17Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ և ասաց. 18«Ղևտացիների միջից Կահաթյանց տոհմերի ցեղը չվերացնեք, 19սակայն նրանց այնպե՛ս արեք, որ ամենասուրբ բաներին մերձենալիս ողջ մնան և չմեռնեն։ Ահարոնն ու նրա որդիները կգան և նրանցից ամեն մեկին կնշանակեն իր պաշտոնի վրա և իր բեռը կորոշեն։ 20Երբ սուրբ բաները ծածկում են, ներս չմտնեն դրանք տեսնելու համար, որպեսզի չմեռնեն»։
Գերսոնի որդիների պարտականությունները
21Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 22«Հաշվառի՛ր նաև Գերսոնի որդիներին ըստ իրենց հայրերի տների և իրենց տոհմերի։ 23Հաշվառի՛ր բոլոր նրանց, ովքեր երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկան են, որոնք կարող են ծառայություն անել ժողովի վրանում։ 24Այս է Գերսոնյանց տոհմերի ծառայելու և բեռներ կրելու պաշտոնը։ 25Նրանք կվերցնեն վրանի վարագույրները, ժողովի վրանը, նրա ծածկոցը, նրա վրայի այծի ծածկոցը, ժողովի վրանի մուտքի վարագույրը, 26վրանի և զոհասեղանի շուրջը գտնվող սրահի վարագույրները, սրահի մուտքի վարագույրը և նրանց պարանները, պաշտամունքի ամբողջ սպասքը և դրանց հարկավոր բոլոր ծառայությունները կանեն։ 27Ահարոնի և նրա որդիների խոսքով կլինեն Գերսոնյանց որդիների բոլոր ծառայությունները՝ բեռներ կրելու ծառայություններ անելու համար. նրանց կհանձնեք իրենց բոլոր բեռների պահպանությունը։ 28Այս է Գերսոնյանց որդիների տոհմերի սպասավորությունը ժողովի վրանում։ Նրանց ծառայությունը պիտի լինի Ահարոն քահանայի որդի Իթամարի ղեկավարությամբ։
Մերարիի որդիների պարտականությունները
29Կհաշվառես Մերարիի որդիներին ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների։ 30Հաշվառի՛ր երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որոնք ծառայություն պիտի անեն ժողովի վրանում։ 31Սրանք են ժողովի վրանում ամեն տեսակ ծառայության համար նրանց հանձնված բեռները. վրանի տախտակները, նրա նիգերը, նրա սյուներն ու խարիսխները, 32սրահի շուրջը գտնվող բոլոր սյուները, դրանց խարիսխները, ցցերը, պարանները՝ իրենց բոլոր առարկաներով, որոնք պարտավոր են կրել։ Իրենց անուններով կհաշվեք նրանց պահպանությանը հանձնված բեռների սպասքները։ 33Սա է ժողովի վրանում Մերարիի որդիների տոհմերի պաշտոնը իրենց ծառայությունների համեմատ, որ նրանք կատարելու են Ահարոն քահանայի որդի Իթամարի ղեկավարությամբ»։
Ղևտացիների մարդահամարը
34Մովսեսն ու Ահարոնը և համայնքի իշխանները հաշվառեցին Կահաթյանց որդիներին ըստ նրանց տոհմերի և նրանց հայրերի տների. 35երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։ 36Նրանց հաշվառավծներն ըստ իրենց տոհմերի՝ երկու հազար յոթ հարյուր հիսուն հոգի։ 37Սրանք են Կահաթյանց տոհմերի հաշվառվածները, որոնք ծառայություն էին անում ժողովի վրանում։ Մովսեսն ու Ահարոնը հաշվառեցին նրանց Տիրոջ խոսքի համաձայն, որ ասել էր Մովսեսի միջոցով։
38Գերսոնի որդիների հաշվառվածներն ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների. 39երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։ 40Նրանց հաշվառվածներն ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների՝ երկու հազար վեց հարյուր երեսուն հոգի։ 41Սրանք են Գերսոնի որդիների տոհմերի հաշվառվածները, որոնք ծառայություն էին անում ժողովի վրանում, որոնց հաշվառումը կատարեցին Մովսեսն ու Ահարոնը Տիրոջ խոսքի համաձայն։
42Հաշվառեցին Մերարիի որդիների տոհմերն ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների. 43երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։ 44Նրանց հաշվառվածներն ըստ իրենց տոհմերի՝ երեք հազար երկու հարյուր հոգի։ 45Սրանք են Մերարիի որդիների տոհմերի հաշվառվածները, որոնց հաշվառումը կատարեցին Մովսեսն ու Ահարոնը Տիրոջ խոսքի համաձայն, որ ասել էր Մովսեսի միջոցով։
46Ղևտացիներից բոլոր հաշվառվածները, որոնց հաշվառումը կատարեցին Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի իշխաններն ըստ նրանց տոհմերի և նրանց հայրերի տների. 47երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, ժողովի վրանում ծառայություն անելու և բեռ փոխադրելու բոլոր մտնողները, 48այսինքն՝ նրանց հաշվառվածները՝ ութ հազար հինգ հարյուր ութսուն հոգի։ 49Սրանք հաշվառվեցին Մովսեսի միջոցով, Տիրոջ պատվերի համաձայն՝ ամեն մեկն իր պաշտոնին և իր բեռին նայելով։ Նրանց հաշվառեցին այսպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Currently Selected:

ԹՎԵՐ 4: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in