YouVersion Logo
Search Icon

ԹՎԵՐ 14

14
Ժողովրդի տրտունջը
1Ամբողջ համայնքը ձայնը բարձրացրեց և աղաղակեց, և ժողովուրդը լաց եղավ այդ գիշեր։ 2Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսի և Ահարոնի դեմ, և ամբողջ ժողովուրդն ասաց նրանց. «Երանի թե մեռած լինեինք Եգիպտոսի երկրում կամ մեռած լինեինք հենց այս անապատում։ 3Ինչո՞ւ Տերը մեզ բերեց այս երկիրը, որպեսզի սրով ընկնենք, և մեր կանայք ու մեր զավակները հափշտակվեն։ Մեզ համար լավ չէ՞, որ վերադառնանք Եգիպտոս»։ 4Եվ նրանք ասացին միմյանց. «Եկե՛ք մի առաջնորդ ընտրենք և Եգիպտոս վերադառնանք»։ 5Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան հավաքված ամբողջ Իսրայելի ժողովրդի առաջ։ 6Երկիրը հետախուզողներից Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը պատառոտեցին իրենց հագուստները 7և իրենց խոսքն ուղղելով Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին՝ ասացին. «Այն երկիրը, որի միջով անցանք հետախուզելու համար, շատ, շատ լավ երկիր է։ 8Եթե Տերը բարեհաճ լինի մեր նկատմամբ, նա մեզ կտանի այդ երկիրը և մե՛զ կտա այն, որ մի երկիր է, ուր կաթ ու մեղր է հոսում։ 9Միայն թե Տիրոջ դեմ չապստամբեք և այդ երկրի ժողովրդից չվախենաք, որովհետև նրանք կերակուր են մեզ համար, նրանց պաշտպանությունը գնացել է իրենց վրայից, և Տերը մեզ հետ է. մի՛ վախեցեք նրանցից»։ 10Ամբողջ ժողովուրդն ասում էր. «Քարկոծենք նրանց». բայց Տիրոջ փառքը երևաց ժողովի վրանի վրա, Իսրայելի բոլոր որդիներին։
Մովսեսն աղոթում է ժողովրդի համար
11Տերն ասաց Մովսեսին. «Այս ժողովուրդը մինչև ե՞րբ պիտի արհամարհի ինձ և մինչև ե՞րբ չպիտի հավատա ինձ, այն բոլոր հրաշքներին, որ արեցի նրանց մեջ։ 12Պիտի հարվածեմ նրանց ժանտախտով և կորստյան մատնեմ նրանց, իսկ քեզ նրանցից ավելի մեծ և հզոր ազգ դարձնեմ»։ 13Մովսեսն ասաց Տիրոջը. «Այն ժամանակ եգիպտացիները կլսեն (որովհետև դու քո զորությամբ այս ժողովրդին հանեցիր նրանց միջից) 14և կասեն այս երկրի բնակիչներին։ Նրանք լսել են, որ դու, ո՛վ Տեր, այս ժողովրդի մեջ ես, որ դու, ո՛վ Տեր, դեմ առ դեմ երևում ես, որ քո ամպը կանգնած է նրանց վրա, և որ ցերեկը ամպի սյունով, իսկ գիշերը կրակի սյունով գնում ես նրանց առջևից։ 15Արդ եթե դու այս ժողովրդին մի մարդու պես ոչնչացնես, ապա քո համբավը լսող ազգերը կխոսեն՝ ասելով. 16“Տերը չկարողացավ տանել նրանց այն երկիրը, որ երդումով խոստացել էր, դրա համար էլ նրանց ոչնչացրեց անապատի մեջ”։ 17Այժմ իմ Տիրոջ զորությունը թող մեծանա, ինչպես որ խոսեցիր՝ ասելով. 18“Տերը համբերատար է և բազումողորմ, անօրենությունն ու հանցանքը ներող, բայց ամենևին անպատիժ չի թողնի հանցավորին՝ հայրերի անօրենությունը հատուցել տալով նրանց զավակներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը”։ 19Աղաչում եմ, ների՛ր այս ժողովրդին քո մեծ ողորմության համեմատ, ինչպես որ ներեցիր նրանց Եգիպտոսից դուրս գալուց մինչև այսօր»։ 20Տերն ասաց. «Ներեցի քո ասածի համաձայն, 21բայց կենդանի եմ ես, և ամբողջ երկիրը լցված է Տիրոջ փառքով. 22որովհետև այն բոլոր մարդիկ, որոնք տեսան իմ փառքը և իմ գործած հրաշքները Եգիպտոսում ու անապատում և ահա տասն անգամ փորձեցին ինձ ու չլսեցին իմ խոսքը, 23չեն տեսնի այն երկիրը, որ ես երդումով խոստացա նրանց հայրերին. և ինձ արհամարհողներից ոչ մեկը չի տեսնի այն։ 24Բայց որովհետև իմ ծառա Քաղեբի մեջ ուրիշ հոգի կար, և նա ամբողջովին հնազանդվեց ինձ, ես էլ նրան կտանեմ այն երկիրը, ուր նա գնացել էր, և նրա սերունդը կժառանգի այն։ 25Ամաղեկացիներն ու քանանացիները բնակվում են ձորերում. վաղը դարձե՛ք և գնացե՛ք դեպի անապատ Կարմիր ծովի ճանապարհով»։
Տերը պատժում է ժողովրդին տրտնջալու համար
26Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց. 27«Մինչև ե՞րբ պիտի համբերեմ այս չար ժողովրդին, որ տրտնջում է իմ դեմ։ Ես լսեցի Իսրայելի որդիների տրտունջը, որ տրտնջում են իմ դեմ։ 28Ասա՛ նրանց. “Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- և ես այնպես կանեմ ձեզ, ինչպես որ լսելի կերպով խոսեցիք ինձ հետ։ 29Ձեր դիակները կընկնեն այս անապատում։ Դուք բոլորդ, որ հաշվառվեցիք, քսան տարեկանից բարձր եղողներդ, որ տրտնջացիք իմ դեմ, 30բնավ չպիտի մտնեք այն երկիրը, որի համար երդվեցի, թե ձեզ կբնակեցնեմ այնտեղ, բացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից։ 31Իսկ ձեր որդիները, որոնց մասին դուք ասացիք, թե կհափշտակվեն, ես նրանց կտանեմ և նրանք կմտնեն ձեր չհավանած երկիրը։ 32Իսկ ձեր դիակները կընկնեն այս անապատում։ 33Ձեր որդիները քառասուն տարի հովիվ կլինեն այս անապատում և ձեր պոռնկությունների պատիժը կկրեն, մինչև որ ձեր դիակները կորչեն անապատում։ 34Երկիրը հետախուզելու այս քառասուն օրերի թվի համեմատ, ամեն մեկ օրվա դիմաց մեկ տարի, այսինքն՝ քառասուն տարի կկրեք ձեր անօրենությունների պատիժը և կիմանաք իմ դժգոհությունը։ 35Ես՝ Տերը, ասացի, որ այսպե՛ս պիտի անեմ այս չար ժողովրդին, որ ըմբոստացել է իմ դեմ. նրանք այս անապատում պիտի սպառվեն և այստեղ մեռնեն”»։ 36Այն մարդիկ, որոնց Մովսեսն ուղարկել էր այդ երկիրը հետախուզելու, և որոնք, իրենց վերադարձին այդ երկրի մասին վատ լուրեր տարածելով, ամբողջ ժողովրդին տրտնջալ տվեցին Մովսեսի դեմ, 37այդ մարդիկ, որ այն երկրի մասին վատ լուրեր տարածեցին, հարված ստանալով, մեռան Տիրոջ առաջ։ 38Բայց Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը, որոնք այդ երկիրը հետախուզելու գնացած մարդկանցից էին, ողջ մնացին։ 39Մովսեսն այս խոսքերը հաղորդեց Իսրայելի բոլոր որդիներին, և ժողովուրդը մեծապես սգաց։ 40Վաղ առավոտյան նրանք բարձրացան լեռնային շրջանի բարձրադիր տեղերը՝ ասելով. «Ահա մենք. եկե՛ք վեր կենանք գնանք այն տեղը, որի մասին ասաց Տերը, որովհետև մեղք գործեցինք»։ 41Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ եք խախտում Տիրոջ հրամանը. այդ բանը ձեզ չի հաջողվի։ 42Մի՛ բարձրացեք (որովհետև Տերը ձեր մեջ չէ), որպեսզի չջարդվեք ձեր թշնամիներից։ 43Որովհետև ամաղեկացիներն ու քանանացիներն այնտեղ՝ ձեր առջևում են, և դուք կընկնեք սրով, քանի որ հեռացել եք Տիրոջից. Տերը ձեզ հետ չի լինի»։ 44Բայց նրանք հանդգնեցին լեռնային շրջանի բարձրադիր տեղերը բարձրանալ, սակայն Տիրոջ ուխտի տապանակը և Մովսեսը չբաժանվեցին բանակատեղիից։ 45Այն ժամանակ լեռնային շրջանում բնակվող ամաղեկացիներն ու քանանացիներն իջան, հարվածեցին նրանց և հալածեցին մինչև Հորմա։

Currently Selected:

ԹՎԵՐ 14: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in