YouVersion Logo
Search Icon

ՆԵԵՄԻԱ 13

13
Զատում օտարներից
1Այն օրը ժողովրդին լսելի կարդացվեց Մովսեսի գրքից, և նրանում գրված գտնվեց, որ ամմոնացի և մովաբացի հավիտյան չպիտի մտնի Աստծու ժողովրդի մեջ. 2որովհետև Իսրայելի որդիներին չդիմավորեցին հացով և ջրով, այլ Բաղաամին վարձեցին նրա դեմ, որ նրան անիծի, բայց մեր Աստվածը անեծքը դարձրեց օրհնություն։ 3Եվ երբ որ նրանք լսեցին օրենքը, Իսրայելից զատեցին ամբողջ խառնուրդը։
Նեեմիայի բարեկարգությունները
4Իսկ սրանից առաջ մեր Աստծու տան սենյակի վերակացու Եղիասիբ քահանան՝ Տուբիայի ազգականը, 5նրա համար մի մեծ սենյակ էր շինել, որտեղ առաջ դնում էին հացի նվերները, կնդրուկը և անոթները և ցորենի, գինու և ձեթի տասանորդները՝ ղևտացիների, երգիչների և դռնապանների բաժինը, նաև քահանաների ընծաները։ 6Այս ամենի ժամանակ ես Երուսաղեմում չէի, որովհետև Բաբելոնի Արտաշես թագավորի երեսուներկուերորդ տարում ես գնացել էի թագավորի մոտ և մի քանի ժամանակից հետո կրկին հրաման ստացա թագավորից 7և եկա Երուսաղեմ ու իմացա Եղիասիբի արած չարությունը Տուբիայի նկատմամբ, որ նրա համար մի սենյակ էր շինել Աստծու տան գավթում։ 8Ես շատ զայրացա և այն սենյակից դուրս հանեցի Տուբիայի տան ամբողջ կահ-կարասին։ 9Եվ հրամայեցի, որ մաքրեն սենյակները, և դարձյալ այնտեղ տարա Աստծու տան անոթները և հացի ընծան ու կնդրուկը։ 10Նաև իմացա, որ ղևտացիների բաժինները չէին տրվել, և որ ղևտացիները և սպասավորություն անող երգիչները փախել էին իրենց ագարակները։ 11Եվ ես վիճեցի զորականների հետ ու ասացի. «Ինչո՞ւ է Աստծու տունը լքված», և ես ղևտացիներին հավաքեցի և հաստատեցի իրենց տեղում։ 12Եվ ամբողջ Հուդան գանձատուն բերեց ցորենի, գինու և ձեթի տասանորդը։ 13Եվ ես գանձատների վրա գանձապետ նշանակեցի Սեղեմիա քահանային և Սադովկ դպիրին ու ղևտացիներից Փադայիային, իսկ նրանց օգնական՝ Մաթանիայի որդի Զաքուրի որդի Անանին, որովհետև նրանք հավատարիմ էին համարվում, և նրանց գործն էր, որ իրենց եղբայրներին բաժին տան։ 14Ո՛վ Աստված իմ, հիշի՛ր ինձ սրա համար և մի՛ ջնջիր իմ բարեգործությունները, որ արեցի իմ Աստծու տան համար և նրա ծառայության մեջ։
15Այն օրերին տեսա, որ Հրեաստանում շաբաթ օրը խաղող էին տրորում և խրձերը բերում, բեռնում էին էշերին, նաև գինի, խաղող ու թուզ և ամեն տեսակ բեռ, և շաբաթ օրը բերում էին Երուսաղեմ։ Եվ ես հանդիմանեցի նրանց իրենց ուտելիք ծախած օրը։ 16Եվ նրա մեջ բնակվող տյուրացիները ձուկ և ամեն տեսակ ապրանք էին բերում և շաբաթ օրը ծախում Հուդայի որդիներին և Երուսաղեմում։ 17Եվ ես վիճեցի Հուդայի ազնվականների հետ ու ասացի նրանց. «Սա ի՞նչ չար բան է, որ անում եք դուք և պղծում շաբաթ օրը։ 18Չէ՞ որ ձեր հայրերն էլ այդպես արեցին, և մեր Աստվածը մեզ վրա և այս քաղաքի վրա բերեց այս ամբողջ չարիքը, իսկ դուք շաբաթը պղծելով Իսրայելի վրա բարկություն եք ավելացնում»։ 19Եվ երբ որ շաբաթից առաջ Երուսաղեմի դռների մոտ մթնում էր, այդ ժամանակ հրամայեցի, որ դռները փակեն, և հրամայեցի, որ դրանք չբանան մինչև շաբաթ օրվա վերջը։ Եվ իմ ծառաներից դրեցի դռների վրա, որ շաբաթ օրը բեռ ներս չմտնի։ 20Եվ վաճառականներն ու ամեն տեսակ ապրանք ծախողները մեկ-երկու անգամ գիշերը Երուսաղեմից դուրս մնացին։ 21Եվ ես հանդիմանեցի նրանց՝ ասելով. «Դուք ինչի՞ համար եք գիշերը պարսպի մոտ մնում. եթե մեկ անգամ էլ այդպես անեք, ես ձեռք կբարձրացնեմ ձեզ վրա»։ Այդ ժամանակից հետո շաբաթ օրն այլևս չեկան։ 22Եվ ղևտացիներին հրամայեցի, որ սրբվեն և գան դռներին պահապանություն անեն՝ շաբաթ օրը սրբագործելու համար։ Սա է՛լ հիշիր ինձ համար, ո՛վ իմ Աստված, և ինձ ողորմի՛ր քո մեծ ողորմության համեմատ։
23Այն օրերին նաև տեսա, որ հրեաները ազովտացի, ամմոնացի, մովաբացի կանայք էին առել։ 24Եվ նրանց որդիների կեսը խոսում էր ազովտացիների լեզվով, բայց հրեերեն խոսել չգիտեին և խոսում էին այս կամ այն ազգի լեզվով։ 25Եվ ես նրանց հետ կռվեցի և նրանց նզովեցի, նրանցից մի քանի մարդու էլ ծեծեցի և նրանց մազերը փետեցի։ Եվ նրանց երդվել տվեցի Աստծով. «Ձեր աղջիկներին նրանց որդիներին չտաք և նրանց աղջիկներից չառնեք ձեր որդիների և ձեզ համար։ 26Չէ՞ որ սրանով մեղանչեց Իսրայելի Սողոմոն թագավորը, թեև շատ ազգերի մեջ նրա նման թագավոր չկար, և սիրելի էր իր Աստծուն, և Աստված նրան ամբողջ Իսրայելի վրա թագավոր էր դրել։ Սակայն օտարազգի կանայք նրան էլ մեղանչել տվեցին։ 27Եվ ձեր վերաբերյալ սա լսելո՞ւ բան է, որ այս մեծ չարությունն անեք և Աստծու դեմ ապստամբեք՝ օտարազգի կանայք առնելով»։ 28Եվ մեծ քահանա Եղիասիբի որդի Հովիադայի որդիներից մեկը որոնացի Սանաբաղատի փեսան էր. ես նրան դուրս արեցի իմ մոտից։ 29Ո՛վ իմ Աստված, նրանց հիշի՛ր, որ պղծեցին քահանայությունը և քահանայության ու ղևտացիների ուխտը։ 30Եվ այսպես նրանց մաքրեցի բոլոր օտարազգիներից և քահանաների ու ղևտացիների համար պաշտոններ նշանակեցի՝ ամեն մարդու համար իր գործը։ 31Նաև փայտի ընծան՝ որոշված ժամանակներին և առաջին բերքը։ Ո՛վ իմ Աստված, բարությա՛մբ հիշիր ինձ։

Currently Selected:

ՆԵԵՄԻԱ 13: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in