YouVersion Logo
Search Icon

Մարկոս 14

14
Դավադրություն Հիսուսի դեմ
(Մտթ. 26.1-5, Ղուկ. 22.1-2, Հովհ. 11.47-53)
1Երկու օր հետո Զատկի և Բաղարջակերաց տոնն էր։ Քահանայապետներն ու դպիրները միջոց էին փնտրում, թե ինչպե՛ս Հիսուսին նենգությամբ բռնեն և սպանեն։ 2Բայց ասում էին. «Ո՛չ տոնի ժամանակ, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի»։
Օծում Բեթանիայում
(Մտթ. 26.6-13, Հովհ. 12.1-8)
3Մինչ Հիսուսը Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկավ մի կին, որն ուներ նարդոսի ազնիվ, թանկագին յուղի մի շիշ. նա շիշը կոտրեց և Հիսուսի գլխին թափեց։ 4Սակայն ոմանք սրտնեղեցին՝ ասելով. «Ինչի՞ համար էր յուղի այս վատնումը, 5որովհետև այն կարելի էր երեք հարյուր դինարից ավելի թանկ վաճառել ու աղքատներին տալ»։ Եվ հանդիմանում էին այդ կնոջը։ 6Հիսուսն ասաց. «Թողե՛ք նրան, ինչո՞ւ եք նեղացնում։ Նա ինձ համար մի բարի գործ արեց։ 7Աղքատները միշտ ձեզ հետ են. երբ ուզեք, նրանց կարող եք բարիք անել, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ 8Նա արեց, ինչ որ կարող էր. նախօրոք օծեց իմ մարմինը՝ թաղմանը նախապատրաստելու համար։ 9Ճշմարիտ եմ ասում ձեզ. ամբողջ աշխարհում, որտեղ որ այս Ավետարանը քարոզվի, ի հիշատակ նրա՝ այդ արարքի մասին էլ կպատմվի»։
Հուդայի համաձայնությունը՝ մատնելու Հիսուսին
(Մտթ. 26.14-16, Ղուկ. 22.3-6)
10Ապա Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, քահանայապետների մոտ գնաց, որպեսզի Հիսուսին մատնի նրանց։ 11Երբ նրանք լսեցին, ուրախացան ու խոստացան նրան արծաթադրամ տալ։ Եվ Հուդան հարմար առիթ էր փնտրում, թե ինչպե՛ս մատներ նրան։
Վերջին ընթրիքը
(Մտթ. 26.17-25, Ղուկ. 22.7-14,  21-23)
12Բաղարջակերաց տոնի առաջին օրը, երբ զատկական գառն էին մորթում, աշակերտներն ասացին Հիսուսին. «Որտե՞ղ ես ուզում ուտել զատկական ընթրիքը, որ գնանք պատրաստենք»։ 13Հիսուսն աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք քաղաք, և ջրով սափորը ձեռքին մի մարդ կհանդիպի ձեզ. գնացե՛ք նրա հետևից։ 14Եվ ուր որ մտնի, այդ տան տիրոջն ասե՛ք. "Վարդապետն ասում է. "Որտե՞ղ է այն օթևանը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը"։ 15Նա ձեզ մի մեծ վերնատուն ցույց կտա՝ հարդարված, պատրաստ. այնտե՛ղ կպատրաստեք մեզ համար»։ 16Աշակերտները գնացին քաղաք ու ամեն ինչ գտան այնպես, ինչպես իրենց ասել էր Հիսուսը, և պատրաստեցին զատկական ընթրիքը։
17Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկուսի հետ եկավ։ 18Մինչ սեղան էին նստել և ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկը, ով ինձ հետ ուտում է, կմատնի ինձ»։ 19Նրանք տրտմեցին ու սկսեցին մեկը մյուսի հետևից նրան հարցնել. «Մի՞թե ես եմ», և մյուսը՝ «Մի՞թե ես եմ»։ 20Հիսուսն ասաց նրանց. «Տասներկուսիցդ նա, ով ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց։ 21Արդարև, Մարդու Որդին կգնա, ինչպես նրա մասին գրված է. սակայն վա՛յ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի Մարդու Որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։
Հաղորդության խորհրդի հաստատումը
(Մտթ. 26.26-30, Ղուկ. 22.17-20, Ա Կրնթ. 11.23-25)
22Եվ երբ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց ու նրանց տվեց՝ ասելով. «Առեք կերե՛ք#14.22 Հն. ձեռ. չունեն առեք կերե՛ք։, ա՛յս է իմ մարմինը»։ 23Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնելով՝ նրանց տվեց, և բոլորն էլ խմեցին դրանից։ 24Եվ նրանց ասաց. «Այս է նոր#14.24 Հն. ձեռ. չկա նոր բառը։ ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար։ 25Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլևս որթատունկի բերքից չեմ խմելու մինչև այն օրը, երբ նորը կխմեմ Աստծու արքայության մեջ»։
26Եվ սաղմոսելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։
Հիսուսը կանխասում է Պետրոսի ուրացումը
(Մտթ. 26.31-35, Ղուկ. 22.31-34, Հովհ. 13.36-38)
27Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք բոլորդ գայթակղվելու եք, որովհետև գրված է.
"Հովվին կհարվածեմ,
և ոչխարները կցրվեն"։
28Բայց իմ հարություն առնելուց հետո ձեզանից առաջ Գալիլեա կգնամ»։ 29Պետրոսը նրան ասաց. «Թեկուզ բոլորն էլ գայթակղվեն, բայց ես չեմ գայթակղվի»։ 30Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այսօր՝ հենց այս գիշեր, դեռ աքաղաղը երկու անգամ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»։ 31Բայց Պետրոսն առավել ևս պնդում էր և ասում. «Ես քեզ չեմ ուրանա, եթե նույնիսկ հարկ լինի քեզ հետ մեռնել»։ Նույնը նաև բոլորն էին ասում։
Աղոթք Գեթսեմանիում
(Մտթ. 26.36-46, Ղուկ. 22.39-46)
32Եկան մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Նստե՛ք այստեղ, մինչև աղոթեմ»։ 33Եվ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին. սկսեց տագնապել ու տխրել։ 34Այդժամ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է. այստե՛ղ մնացեք ու արթո՛ւն կացեք»։ 35Եվ փոքր-ինչ առաջ գնաց, երեսնիվայր գետնին ընկավ և աղոթում էր, որ եթե հնարավոր է, այդ ժամն իրենից հեռանա։ 36Եվ ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է. այս բաժակն ինձանից հեռացրո՛ւ, բայց թող չլինի, ինչպես որ ես եմ կամենում, այլ ինչպես որ դու»։ 37Ապա Հիսուսը եկավ և նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես, չկարողացա՞ր մի ժամ արթուն մնալ։ 38Արթո՛ւն կացեք ու աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։ 39Եվ դարձյալ գնաց, աղոթեց՝ նույն խոսքերն ասելով։ 40Վերադարձավ և նրանց կրկին քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին, ու չգիտեին՝ նրան ի՛նչ պատասխանեին։ 41Երրորդ անգամ եկավ ու նրանց ասաց. «Դուք դեռ քնա՞ծ եք և հանգստանո՞ւմ եք։ Բավական է։ Ժամը եկավ, և ահա Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։ 42Վե՛ր կացեք գնանք. ահա ինձ մատնողը մոտեցավ»։
Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը
(Մտթ. 26.47-56, Ղուկ. 22.47-53, Հովհ. 18.1-12)
43Եվ շուտով, երբ նա դեռ խոսում էր, եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ կար սրերով ու մահակներով զինված մի ամբոխ՝ ուղարկված քահանայապետների, դպիրների ու ծերերի կողմից։ 44Նրան մատնողը նրանց նշան էր տվել և ասել. «Ում համբուրեմ, նա է. նրան բռնե՛ք ու զգուշությամբ տարե՛ք»։ 45Հուդան իսկույն եկավ, մոտեցավ նրան ու ասաց. «Ռա՛բբի, Ռա՛բբի», և նրան համբուրեց։ 46Նրանք բռնեցին Հիսուսին և ձերբակալեցին նրան։ 47Ապա նրա մոտ գտնվողներից մեկը սուրը քաշեց, զարկեց քահանայապետի ծառային և նրա ականջը կտրեց։ 48Հիսուսն ասաց նրանց. «Սրերով ու մահակներով իմ դեմ ելաք որպես ավազակի՞, որ ձերբակալեք ինձ։ 49Ամեն օր ձեզ մոտ էի, ուսուցանում էի տաճարում, և ինձ չձերբակալեցիք. բայց այսպես եղավ, որպեսզի կատարվեն գրվածքները»։ 50Եվ ամենքը նրան թողեցին ու փախան։ 51Մի երիտասարդ էր նրա հետևից գնում՝ մերկ մարմնին սավան փաթաթած։ Նրան բռնեցին։ 52Իսկ նա սավանը թողեց ու մերկ փախավ նրանցից։
Հիսուսն ատյանի առջև
(Մտթ. 26.57-68, Ղուկ. 22.66-71, Հովհ. 18.12-14,  19-24)
53Եվ Հիսուսին քահանայապետի մոտ տարան, և բոլոր քահանայապետները, ծերերն ու դպիրները այնտեղ էին հավաքվել։ 54Պետրոսը, հեռվից նրան հետևելով, գնաց մինչև քահանայապետի պալատի գավթի ներսը. սպասավորների հետ նստել էր այնտեղ ու կրակի մոտ տաքանում էր։
55Քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ որևէ վկայություն էին փնտրում, որ նրան սպանեն, սակայն չէին գտնում։ 56Շատերն էին նրա դեմ սուտ վկայություն տալիս, բայց վկայությունները չէին համընկնում։ 57Ոմանք վեր կացան, նրա դեմ սուտ վկայեցին՝ ասելով. 58«Մենք նրանից լսեցինք, որ ասում էր. "Ես այդ ձեռակերտ տաճարը կքանդեմ ու երեք օրում մեկ ուրիշը՝ անձեռակերտը, կկառուցեմ"»։ 59Սակայն նրանց վկայությունները չէին համընկնում։ 60Ապա քահանայապետը, մեջտեղում կանգնելով, Հիսուսին հարցրեց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. նրանք քո դեմ այս ի՞նչ են վկայում»։ 61Իսկ նա լռում էր ու ոչինչ չէր պատասխանում։ Քահանայապետը կրկին նրան հարցրեց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնյալ Աստծու Որդին»։ 62Հիսուսը պատասխանեց. «Ես եմ։
Եվ դուք պիտի տեսնեք Մարդու Որդուն՝
նստած Զորության աջ կողմում
և երկնքի ամպերով գալիս (Դան. 7.13)»։
63Եվ քահանայապետը, իր պատմուճանը պատռելով, ասաց. «Այլևս կարիք ունե՞նք վկաների։ 64Դուք լսեցիք հայհոյությունը. ձեզ ինչպե՞ս է թվում»։ Եվ բոլորը դատապարտեցին նրան. հանցավոր է և պետք է մահապատժի ենթարկվի։
65Ոմանք սկսեցին թքել նրա վրա, երեսը ծածկել ու բռունցքով նրան հարվածել և հարցնել. «Մարգարեացի՛ր մեզ, ո՞վ քեզ խփեց»։ Սպասավորները ևս ապտակում էին նրան։
Պետրոսի ուրանալը
(Մտթ. 26.69-75, Ղուկ. 22.54-62, Հովհ. 18.15-18,  25-27)
66Մինչ Պետրոսը ներքևում՝ գավթում էր, քահանայապետի աղախիններից մեկը եկավ 67և տեսավ Պետրոսին, որ տաքանում էր. նայեց նրան ու ասաց. «Դու էլ էիր Հիսուս Նազովրեցու հետ»։ 68Նա ուրացավ ու ասաց. «Ո՛չ գիտեմ և ո՛չ էլ հասկանում եմ, թե դու ի՛նչ ես ասում»։ Նա նախագավիթ դուրս եկավ, և աքաղաղը կանչեց։ 69Աղախինը տեսավ նրան և այնտեղ գտնվողներին դարձյալ սկսեց ասել. «Սա էլ է նրանցից»։ 70Բայց Պետրոսը դարձյալ ուրացավ։ Քիչ հետո այնտեղ գտնվողները Պետրոսին դարձյալ ասացին. «Իրապես որ դու էլ ես նրանցից, որովհետև գալիլեացի ես, և քո խոսվածքն էլ նման է#14.70 Հն. ձեռ. չունեն և քո խոսվածքն էլ նման է։»։ 71Պետրոսը սկսեց նզովել ու երդվել. «Ես չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խոսում եք»։ 72Եվ աքաղաղը երկրորդ անգամ կանչեց։ Այդժամ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուսն ասել էր իրեն. «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու ինձ երեք անգամ կուրանաս»։ Եվ սկսեց լաց լինել։

Currently Selected:

Մարկոս 14: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in