YouVersion Logo
Search Icon

Մարկոս 13

13
Հիսուսը խոսում է տաճարի կործանման մասին
(Մտթ. 24.1-2, Ղուկ. 21.5-6)
1Երբ նա տաճարից դուրս էր գալիս, աշակերտներից մեկը նրան ասաց. «Վարդապե՛տ, տես ինչպիսի՜ քարեր ու ինչպիսի՜ շինություններ են»։ 2Հիսուսն ասաց նրան. «Տեսնո՞ւմ ես այդ մեծ շինությունները. այստեղ քարը քարի վրա չի թողնվելու, ամեն ինչ պիտի քանդվի»։
Խռովություններ, հալածանքներ և ավերումներ
(Մտթ. 24.3-14, Ղուկ. 21.7-19)
3Մինչ Հիսուսը նստած էր Ձիթենյաց լեռան վրա՝ տաճարի դիմաց, Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը նրան առանձին հարցրին. 4«Ասա՛ մեզ, ե՞րբ են դրանք լինելու, և ո՞րն է լինելու այն նշանը, որ կազդարարի այդ բոլոր բաների կատարումը»։ 5Այդժամ Հիսուսը սկսեց նրանց ասել. «Զգուշացե՛ք, որ ոչ ոք ձեզ չխաբի։ 6Շատերը իմ անունով կգան ու կասեն. "Ես եմ Քրիստոսը", և շատերին կմոլորեցնեն։ 7Երբ լսեք, որ պատերազմներ են լինում կամ պատերազմներ են նախապատրաստվում, մի՛ խռովվեք, որովհետև դրանք պետք է լինեն։ Բայց դեռ վերջը չէ։ 8Որովհետև ազգը ազգի դեմ կելնի, թագավորությունը՝ թագավորության դեմ, տեղ առ տեղ երկրաշարժեր կլինեն, սով ու խռովություններ#13.8 Հն. ձեռ. չկա խռովություններ բառը։ կլինեն։ Սակայն սրանք նեղությունների սկիզբն են։ 9Բայց դուք զգուշացե՛ք ձեր կյանքի համար. ձեզ դատարաններ կհանձնեն, ժողովարաններում ծեծի կենթարկվեք, իմ պատճառով կուսակալների ու թագավորների առաջ կտարվեք՝ իմ մասին նրանց վկայություն տալու։ 10Նախ Ավետարանը պետք է քարոզվի բոլոր ազգերին։ 11Երբ ձեզ տանեն դատարան հանձնելու, կանխավ մի՛ մտահոգվեք, թե ի՛նչ եք խոսելու, այլ այդ պահին ինչ որ ձեզ տրվի, ա՛յդ ասեք, որովհետև դուք չէ, որ պիտի խոսեք, այլ Սուրբ Հոգին։ 12Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն և նրանց կսպանեն։ 13Եվ իմ անվան պատճառով բոլորը ձեզ կատեն։ Սակայն ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։
Մեծ սրբապղծությունը
(Մտթ. 24.15-28, Ղուկ. 21.20-24)
14Ու երբ տեսնեք ավերածության պղծությունը,- որի մասին ասել է Դանիել մարգարեն#13.14 Հն. ձեռ. չունեն որի մասին ասել է Դանիել մարգարեն։ (ով կարդում է, թող հասկանա),- որ կանգնել է ա՛յն տեղում, ուր չպետք է լիներ, այն ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող սարերը փախչեն, 15ով տանիքի վրա լինի, թող չիջնի և մի բան վերցնելու համար տուն չմտնի, 16ով արտում լինի, թող իր վերարկուն վերցնելու համար հետ չդառնա։ 17Բայց վա՛յ հղիներին ու ստնտուներին այն օրերին։
18Աղոթե՛ք, որ ձեր փախուստը#13.18 Հն. ձեռ. չունեն ձեր փախուստը։ ձմեռ ժամանակ չլինի։ 19Որովհետև այդ օրերին կլինեն այնպիսի նեղություններ, ինչպիսիք արարչագործության սկզբից մինչև հիմա չեն եղել և ոչ էլ կլինեն։ 20Եվ եթե Տերն այդ օրերը չպակասեցներ, ոչ ոք չէր փրկվի. սակայն ընտրյալների համար, որոնց ընտրեց, այն օրերը կարճացրեց։ 21Եվ այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ "Ահա այստեղ է Քրիստոսը" կամ "Ահա այնտեղ է", չհավատաք։ 22Որովհետև կհայտնվեն սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ, որոնք նշաններ ու հրաշքներ ցույց կտան, որպեսզի մոլորեցնեն, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին։ 23Բայց դուք զգո՛ւյշ եղեք. ահա նախապես ձեզ ամեն ինչ ասացի։
Մարդու Որդու գալուստը
(Մտթ. 24.29-31, Ղուկ. 21.25-28)
24Բայց այդ օրերին՝ այդ նեղություններից հետո, արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա։ 25Աստղերը երկնքից կընկնեն, ու երկնային զորությունները կսասանվեն։ 26Այն ժամանակ կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրայով (Դան. 7.13) մեծ զորությամբ ու փառքով։ 27Այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին և կհավաքի իր ընտրյալներին չորս կողմերից՝ երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը։
Թզենու դասը
(Մտթ. 24.32-35, Ղուկ. 21.29-33)
28Բայց դաս առեք թզենո՛ւ օրինակից. երբ նրա ճյուղերն արդեն փափկում են ու տերևներ են արձակում, իմանում եք, որ ամառը մոտ է։ 29Այդպես էլ դուք. երբ տեսնեք, որ այս ամենը տեղի է ունենում, իմացե՛ք, որ վերջը մոտեցել է։
30Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մինչ այս սերունդը ապրում է, այս ամենը տեղի կունենա։ 31Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։
Ոչ ոք չգիտի օրը և ժամը
(Մտթ. 24.36-44, Ղուկ. 21.34-36)
32Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ հրեշտակները երկնքում, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ 33Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք ու աղոթե՛ք#13.33 Հն. ձեռ. չունեն աղոթե՛ք։, որովհետև չգիտեք, թե ժամանակը ե՛րբ է գալու։ 34Ինչպես այն մարդը, որ հեռու աշխարհ գնալիս իր տունը կթողնի, իր ծառաներին իշխանություն կտա, յուրաքանչյուրի համար իր գործը կսահմանի, իսկ դռնապանին կհրամայի, որ արթուն մնա։ 35Արդ, արթո՛ւն կացեք, քանի որ չգիտեք, թե տանտերը ե՛րբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան։ 36Չլինի թե հանկարծակի գա և ձեզ քնած գտնի։ 37Եվ ինչ որ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում՝ արթո՛ւն կացեք»։

Currently Selected:

Մարկոս 13: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in