YouVersion Logo
Search Icon

Մարկոս 11

11
Հիսուսի մուտքը Երուսաղեմ
(Մտթ. 21.1-11, Ղուկ. 19.28-40, Հովհ. 12.12-19)
1Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագեին ու Բեթանիային՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց 2և նրանց ասաց. «Գնացե՛ք դիմացի գյուղը և հենց այնտեղ մտնեք, մի կապված ավանակ կգտնեք, որի վրա դեռ ոչ ոք չի նստել. արձակե՛ք այն և բերե՛ք։ 3Ու եթե որևէ մեկը ձեզ ասի՝ "Ինչո՞ւ եք դա անում", ասե՛ք, որ այն պետք է Տիրոջը, և նա այն իսկույն այստեղ կուղարկի»։ 4Նրանք գնացին ու ավանակը գտան փողոցից դուրս մի դռան մոտ կապված և արձակեցին այն։ 5Այնտեղ կանգնածներից ոմանք նրանց ասացին. «Այդ ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք այդ ավանակն արձակում»։ 6Իսկ նրանք պատասխանեցին, ինչպես Հիսուսն էր կարգադրել, և թույլ տվեցին նրանց։ 7Ավանակը Հիսուսի մոտ բերեցին, իրենց հագուստները վրան գցեցին, և նա նստեց ավանակի վրա։ 8Շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։ 9Եվ Հիսուսի առջևից ու հետևից գնացողները աղաղակում էին ու ասում.
«Օվսաննա՜,
օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը (Սաղ. 118.26).
10 օրհնյա՜լ է մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է։
Օվսաննա՜ Բարձրյալին (հմմտ. եբր. Սաղ. 118.25)»։
11Հիսուսը մտավ Երուսաղեմ և տաճար գնաց։ Շուրջն ամեն ինչ աչքի անցկացնելուց հետո, քանի որ արդեն երեկո էր, տասներկու աշակերտների հետ գնաց Բեթանիա։
Անպտուղ թզենին
(Մտթ. 21.18-22)
12Հետևյալ օրը, երբ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուսը քաղց զգաց։ 13Հեռվից տերևաշատ մի թզենի տեսնելով՝ մոտեցավ, որ նրա վրա որևէ մի բան գտնի։ Բայց երբ մոտեցավ, տերևներից բացի ոչինչ չգտավ, որովհետև դեռ թզի ժամանակը չէր։ 14Հիսուսն ասաց թզենուն. «Թող ոչ ոք այլևս քեզանից պտուղ չուտի հավիտյան»։ Նրա աշակերտները լսում էին։
Տաճարում առևտուր անողների վտարումը
(Մտթ. 21.12-17, Ղուկ. 19.45-48, Հովհ. 2.13-22)
15Եկան Երուսաղեմ։ Հիսուսը տաճար մտավ և սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնողներին։ Նա շուռ տվեց լումայափոխների սեղանները և կոտրեց աղավնեվաճառների աթոռները։ 16Նա նաև թույլ չէր տալիս, որ որևէ մեկը տաճարի միջով որևէ բան տեղափոխեր։ 17Եվ ուսուցանում էր ու ասում նրանց. «Գրված չէ՞, թե՝ "Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պետք է կոչվի" (Ես. 56.7)։ Իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։ 18Քահանայապետներն ու դպիրները լսեցին այս և միջոց էին փնտրում, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեն, սակայն նրանից վախենում էին, քանի որ ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։ 19Երբ երեկոն իջավ, Հիսուսն իր աշակերտների հետ քաղաքից դուրս ելավ։
Թզենու դասը. հավատ և աղոթք
(Մտթ. 21.20-22)
20Առավոտյան նույն տեղով անցնելիս տեսան այն թզենին՝ արմատից չորացած։ 21Եվ Պետրոսը հիշեց ու ասաց նրան. «Ռա՛բբի, տե՛ս այն թզենին, որին անիծեցիր, չորացել է»։ 22Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Աստծու հանդեպ հավա՛տ ունեցեք։ 23Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով այս լեռանն ասի. "Ե՛լ ու ծո՛վն ընկիր", ու իր սրտում չերկմտի, այլ հավատա, որ ինչ ասում է, կլինի, արդ ինչ որ ասի, կլինի։ 24Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, ու դա կտրվի ձեզ։ 25Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները ձեզ ների։ 26#11.26 Այս համարը մի շարք հն. ձեռ. չկա։ Բայց եթե դուք չներեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեր հանցանքները չի ների ձեզ»։
Հարց Հիսուսին՝ իր իշխանության մասին
(Մտթ. 21.23-27, Ղուկ. 20.1-8)
27Նրանք դարձյալ Երուսաղեմ եկան։ Մինչ Հիսուսը տաճարում քայլում էր, քահանայապետները, դպիրներն ու ծերերը մոտեցան նրան 28և հարցրին. «Ի՞նչ իշխանությամբ ես այդ բաներն անում, և ո՞վ է քեզ այդ իշխանությունը տվել, որ այդ բաներն անես»։ 29Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, պատասխա՛ն տվեք ինձ, և ես ձեզ կասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները։ 30Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից. պատասխա՛ն տվեք ինձ»։ 31Նրանք իրար մեջ քննարկում էին ու ասում. «Եթե ասենք՝ երկնքից, կասի. "Հապա ինչո՞ւ չհավատացիք նրան"։ 32Իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում», որովհետև բոլորը Հովհաննեսին մարգարե էին համարում։ 33Պատասխանեցին ու Հիսուսին ասացին. «Չգիտենք»։ Հիսուսն էլ նրանց ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում»։

Currently Selected:

Մարկոս 11: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy