YouVersion Logo
Search Icon

Մատթեոս 25

25
Տասը կույսերի առակը
1«Այդ ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, դուրս ելան փեսային դիմավորելու։ 2Նրանցից հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար։ 3Հիմարներն իրենց լապտերները վերցրին, բայց իրենց հետ ձեթ չառան։ 4Սակայն իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։ 5Եվ երբ փեսան ուշացավ, բոլորը նիրհեցին ու քնեցին։ 6Եվ կեսգիշերին աղաղակ ելավ. "Ահա փեսան գալիս է, դո՛ւրս ելեք նրան դիմավորելու"։ 7Այդ ժամանակ բոլոր կույսերը վեր կացան ու իրենց լապտերները կարգի բերեցին։ 8Հիմարներն իմաստուններին ասացին. "Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերները հանգչում են"։ 9Իմաստունները պատասխանեցին ու ասացին. "Չլինի թե մեզ ու ձեզ չբավականացնի։ Ավելի լավ է՝ վաճառողների մոտ գնաք ու ձեզ համար գնեք"։ 10Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ. ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան, և դուռը փակվեց։ 11Հետո եկան նաև մյուս կույսերը և ասացին. "Տե՛ր, Տե՛ր, բա՛ց արա մեզ համար"։ 12Իսկ նա պատասխանեց ու ասաց. "Ճշմարիտ եմ ասում ձեզ. ես ձեզ չեմ ճանաչում"։ 13Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը։
Երեք ծառաների առակը
(Ղուկ. 19.11-27)
14Մի մարդ օտար երկիր գնալիս կանչեց իր ծառաներին ու իր ունեցվածքը նրանց հանձնեց. 15մեկին հինգ քանքար#25.15 Այսինքն՝ «15 տարվա աշխատավարձ»։ տվեց, մեկին՝ երկու, մյուսին՝ մեկ. յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության, և մեկնեց։ 16Նա, ով հինգ քանքար էր ստացել, դրանցով գործարք արեց և հինգ քանքար ևս շահեց։ 17Նույնպես և նա, ով երկու քանքար էր ստացել, երկու քանքար ևս շահեց։ 18Իսկ նա, ով մեկն էր ստացել, գնաց, հողը փորեց ու իր տիրոջ արծաթը թաքցրեց։ 19Եվ շատ ժամանակ անց ծառաների տերը եկավ ու նրանցից հաշիվ պահանջեց։ 20Նրա մոտ եկավ հինգ քանքար ստացողը, բերեց ևս հինգ քանքար ու ասաց. "Տե՛ր, ինձ հինգ քանքար տվեցիր. ահա դրանցով ես հինգ քանքար ևս շահեցի"։ 21Եվ նրա տերը նրան ասաց. "Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ"։ 22Նրա մոտ եկավ նաև երկու քանքար ստացողը և ասաց. "Տե՛ր, ինձ երկու քանքար տվեցիր. տե՛ս, ես դրանցով երկու քանքար ևս շահեցի"։ 23Նրա տերն ասաց նրան. "Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ"։ 24Նրա մոտ եկավ մեկ քանքար ստացողը ևս ու ասաց. "Տե՛ր, ես գիտեի, որ դու խիստ մարդ ես. հնձում ես այնտեղ, ուր չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել։ 25Եվ վախենալով գնացի, քո քանքարը հողի մեջ թաքցրի. ահա քոնը"։ 26Նրա տերը պատասխանեց և ասաց. "Չար ու ծո՛ւյլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, ուր չեմ սերմանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ ցանել։ 27Ուրեմն դու պետք է իմ արծաթը դրամափոխների մոտ դնեիր, որ երբ ես գայի, իմ ունեցածը տոկոսով ստանայի։ 28Արդ, վերցրե՛ք սրանից քանքարը և տասը քանքար ունեցողի՛ն տվեք։ 29Որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, բայց ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։ 30Իսկ այդ անպիտան ծառային գցե՛ք խավարի մեջ. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց"։
Վերջին դատաստանը
31Եվ երբ Մարդու Որդին իր փառքով գա, և նրա հետ էլ՝ բոլոր հրեշտակները, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։ 32Եվ բոլոր ազգերը նրա առաջ կհավաքվեն, ու նա նրանց կզատի իրարից, ինչպես հովիվն է զատում ոչխարները այծերից։ 33Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ ձախ կողմում։
34Այդ ժամանակ թագավորն իր աջ կողմում կանգնածներին կասի. "Եկե՛ք, իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։ 35Որովհետև քաղցած էի, և դուք ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, և ինձ ձեզ մոտ ընդունեցիք, 36մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք"։ 37Այդ ժամանակ արդարները նրան կպատասխանեն ու կասեն. "Տե՛ր, ե՞րբ քեզ քաղցած տեսանք և կերակրեցինք, կամ ծարավ ու խմելու բան տվեցինք։ 38Ե՞րբ քեզ օտար տեսանք ու մեզ մոտ ընդունեցինք, կամ մերկ և հագցրինք։ 39Ե՞րբ քեզ հիվանդ տեսանք կամ բանտում ու քեզ այցելեցինք"։ 40Եվ թագավորը կպատասխանի ու նրանց կասի. "Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք"։
41Այդ ժամանակ ձախ կողմում կանգնածներին կասի. "Անիծյալնե՛ր, ինձանից հեռո՛ւ գնացեք, հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու նրա հրեշտակների համար է պատրաստված։ 42Որովհետև քաղցած էի, և ինձ չկերակրեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան չտվեցիք, 43օտար էի, և ինձ ձեզ մոտ չընդունեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ ու բանտում էի, և ինձ չայցելեցիք"։ 44Այդ ժամանակ նրանք էլ կպատասխանեն ու կասեն. "Տե՛ր, ե՞րբ քեզ քաղցած կամ ծարավ, կամ օտար, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտում տեսանք և քեզ չծառայեցինք"։ 45Այդժամ նրանց կպատասխանի ու կասի. "Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին չարեցիք, ինձ էլ չարեցիք"։
46Եվ նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանք»։

Currently Selected:

Մատթեոս 25: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in