YouVersion Logo
Search Icon

ՂԵՎՏԱԿԱՆ 24

24
Ճրագների հոգածություն
(Ելք 27.20-21)
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ ծեծած մաքուր ձեթ բերեն քեզ մոտ լուսավորության համար, որպեսզի ճրագները միշտ վառ մնան։ 3Ժողովի վրանի մեջ՝ վկայության վարագույրից դուրս, միշտ Ահարոնը պատրաստի այն. երեկոյից մինչև առավոտ ճրագները միշտ վառ մնան Տիրոջ առաջ։ Դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ։ 4Նա ճրագները միշտ մաքուր աշտանակի վրա պիտի պատրաստի Տիրոջ առաջ։
Աստծուն մատուցված հացը
5Ընտիր ալյուր կառնես և դրանից տասներկու շոթ կպատրաստես։ Ամեն մի շոթը երկու տասներորդական հիմեն պիտի լինի։ 6Դրանք երկու շարքով կդնես մաքուր սեղանի վրա Տիրոջ առաջ. յուրաքանչյուր շարքի վրա՝ վեց հատ։ 7Ամեն մի շարքի վրա կդնես մաքուր կնդրուկ, որպեսզի հացի վրա զոհի հիշատակ լինի Տիրոջ համար։ 8Ամեն շաբաթ օր նա միշտ պիտի պատրաստի դրանք և դնի Տիրոջ առաջ Իսրայելի որդիների կողմից՝ իբրև հավիտենական ուխտ։ 9Դրանք պիտի լինեն Ահարոնինն ու նրա որդիներինը. նրանք այդ կուտեն սուրբ տեղում, որովհետև նրանց համար դա ամենասուրբ է Տիրոջ զոհերից հավիտենական կանոնով»։
Արդար և ուղիղ պատժի օրինակ
10Իսրայելացի մի կնոջ որդին, որի հայրը եգիպտացի էր, դուրս գալով իսրայելացիների մեջ, բանակատեղիում իսրայելացի կնոջ որդին կռվեց մի իսրայելացի մարդու հետ։ 11Իսրայելացի կնոջ որդին հայհոյեց Տիրոջ անվանը և անիծեց. նրան բերեցին Մովսեսի մոտ։ Նրա մոր անունը Սաղոմիթ էր. Դանի ցեղից Դաբրիի աղջիկը։ 12Նրան բանտարկեցին, մինչև որ Տիրոջ հրամանը հայտնվեր իրենց։ 13Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 14«Այդ հայհոյիչին դո՛ւրս հանիր բանակատեղիից, և նրանք, ովքեր լսել են նրա հայհոյանքը, իրենց ձեռքերը թող դնեն նրա գլխին, և ամբողջ ժողովուրդը քարկոծի նրան։ 15Կխոսես Իսրայելի որդիների հետ և կասես. “Ով որ անիծի իր Աստծուն, պիտի կրի իր մեղքի պատիժը։ 16Ով որ հայհոյի Տիրոջ անունը, անպատճառ պիտի մեռցվի։ Ամբողջ ժողովուրդը անպատճառ պիտի քարկոծի նրան. Տիրոջ անունը հայհոյողը՝ օտարական կամ տեղացի, պիտի մեռցվի։
17Ով որ մարդ սպանի, անպատճառ մահվամբ պիտի մեռցվի։ 18Ով անասուն սպանի, պիտի հատուցի նույնի տեղ նույնը։ 19Եթե մի մարդ խեղություն պատճառի իր մերձավորին, ինչ որ նա արել է, նույնն էլ իրեն պետք է անեն. 20ջարդվածքի դիմաց՝ ջարդվածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ։ Ինչպիսի խեղվածք որ նա այդ մարդուն պատճառել է, այդպես էլ պիտի լինի իրեն։ 21Անասուն սպանողը պիտի հատուցի այն, բայց մարդ սպանողը պիտի մեռցվի։ 22Օրենքը նույնը պետք է լինի ինչպես օտարականի, այնպես էլ տեղացու համար. որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
23Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ. բանակատեղիից դուրս հանեցին այն մարդուն, որ անիծել էր, և քարկոծեցին նրան։ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in