YouVersion Logo
Search Icon

ՂԵՎՏԱԿԱՆ 23

23
Կրոնական տոներ
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Տիրոջ տոներին, երբ դուք սուրբ ժողով պիտի անեք, իմ տոները սրանք են։ 3Վեց օր պետք է աշխատել, բայց յոթերորդ օրը հանգստյան շաբաթ է՝ սուրբ ժողով է. ոչ մի գործ չպիտի անեք. դա Տիրոջ համար շաբաթ է ձեր բոլոր բնակավայրերում։
Բաղարջակերաց տոնը
(Թվ. 28.16-25)
4Սրանք են Տիրոջ տոները, որ ըստ իրենց ժամանակի պիտի հռչակեք որպես սուրբ ժողովներ։ 5Առաջին ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ, Տիրոջ համար Զատիկ է։ 6Նույն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջ համար Բաղարջակերաց տոնն է։ Յոթ օր բաղարջ պիտի ուտեք։ 7Առաջին օրը սուրբ ժողով լինի ձեզ համար. ոչ մի ծառայական գործ չանեք։ 8Յոթ օր զոհ կմատուցեք Տիրոջը։ Յոթերորդ օրը սուրբ ժողով լինի. ոչ մի ծառայական գործ չանեք”»։
9Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 10«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ կմտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, և կհնձեք նրա հունձը, մի խուրձ՝ ձեր հնձի երախայրիքը, կբերեք քահանային։ 11Նա խուրձը երերացնելով կմատուցի Տիրոջ առաջ, որպեսզի այն ընդունելի լինի ձեզ համար։ Քահանան շաբաթին հաջորդող օրը երերացնելով կմատուցի այն։ 12Ձեր խուրձը մատուցելու օրը ողջակեզի համար մեկ տարեկան անարատ մի գառ կմատուցեք Տիրոջը։ 13Նրա հացի ընծան յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր լինի. դա անուշահոտ զոհաբերություն է Տիրոջ համար։ Նաև որպես հեղելու ընծա՝ մեկ քառորդ հիմեն գինի թող լինի։ 14Մինչև ձեր նվերը ձեր Աստծուն մատուցելու օրը չպիտի ուտեք ո՛չ հաց, ո՛չ էլ աղանձած կամ թարմ հասկեր։ Դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։
Հունձքի տոնը
(Թվ. 28.26-31)
15Շաբաթ օրվա հաջորդ օրվանից, երբ դուք երերացնելու խուրձը կբերեք, հաշվե՛ք ամբողջ յոթ շաբաթ։ 16Մինչև յոթերորդ շաբաթվա հաջորդ օրը հաշվե՛ք հիսուն օր և նոր հացի նվե՛ր մատուցեք Տիրոջը։ 17Ձեր բնակավայրերից երկու հաց կբերեք երերացնելու զոհի համար։ Դրանք երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուրից լինեն և թթխմորով եփված։ Դա երախայրիք է Տիրոջ համար։ 18Այդ հացերի հետ Տիրոջը կմատուցեք մեկ տարեկան անարատ յոթ գառ, արջառներից՝ մեկ զվարակ և երկու խոյ, որպեսզի հացի ընծաների և հեղելու ընծաների հետ ողջակեզ՝ անուշահոտ զոհաբերություն լինեն Տիրոջ համար։ 19Կմատուցեք նաև այծերից մեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ, և մեկ տարեկան երկու գառ՝ որպես խաղաղության զոհ։ 20Քահանան այդ զոհաբերությունները առաջին բերքից պատրաստված հացի և երկու գառների հետ երերացնելու զոհի համար պիտի մատուցի Տիրոջ առաջ։ Դրանք պիտի սուրբ լինեն Տիրոջ համար և պիտի պատկանեն քահանային։ 21Հենց այդ օրը դուք կհռչակեք տոնը, և սուրբ ժողով կլինի. ոչ մի ծառայական գործ չանեք։ Դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։
22Երբ հնձեք ձեր երկրի հունձը, հնձելիս քո արտի մինչև եզերքը չհնձես և հնձի ժամանակ գետին ընկած հասկերը չհավաքես։ Դրանք կթողնես աղքատին և օտարականին. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
Փող հնչեցնելու օրը
(Թվ. 29.1-6)
23Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 24«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Յոթերորդ ամսի առաջին օրը ձեզ համար հանգստյան հանդիսավոր օր լինի. փող հնչեցնելով սուրբ ժողով լինի հիշատակի համար։ 25Ոչ մի ծառայական գործ չանեք, այլ զոհ կմատուցեք Տիրոջը”»։
Քավության օրը
(Թվ. 29.7-11)
26Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 27«Նաև այդ յոթերորդ ամսի տասներորդ օրը քավության օր է. ձեզ համար սուրբ ժողով լինի։ Պիտի խոնարհեցնեք ձեր անձերը և զոհ մատուցեք Տիրոջը։ 28Այդ օրը ոչ մի գործ չանեք, որովհետև դա քավության օր է՝ ձեզ համար ձեր Տեր Աստծու առաջ քավություն անելու համար։ 29Իսկ ով որ չխոնարհվի այդ օրը, նա պիտի վերանա իր ժողովրդի միջից։ 30Եվ ով որ այդ օրը որևէ գործ անի, նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից։ 31Ոչ մի գործ չպիտի անեք. դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։ 32Դա հանգստյան շաբաթ կլինի ձեզ համար. ձեր անձերը պիտի խոնարհեցնեք։ Ամսի իններորդ օրվա երեկոյից մինչև հաջորդ երեկոն պիտի պահեք ձեր շաբաթը»։
Տաղավարահարաց տոնը
(Թվ. 29.12-40)
33Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 34«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Այդ յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը յոթ օր Տաղավարահարաց տոն է Տիրոջ համար։ 35Առաջին օրը սուրբ ժողով պիտի լինի. ոչ մի ծառայական գործ չպիտի անեք։ 36Յոթ օր զոհ կմատուցեք Տիրոջը. ութերորդ օրը սուրբ ժողով պիտի լինի ձեզ համար, և զոհ կմատուցեք Տիրոջը. դա տոնախմբության օր է. ոչ մի ծառայական գործ չանեք։
37Սրանք են Տիրոջ տոները, որ դուք սուրբ ժողովներ պիտի հռչակեք, որպեսզի Տիրոջը մատուցեք զոհաբերություն, ողջակեզ, հացի ընծայի զոհ և հեղելու ընծաներ՝ յուրաքանչյուրն օրվա մեջ, 38բացի Տիրոջ շաբաթներից, բացի ձեր ընծաներից, բացի ձեր բոլոր ուխտերից և բացի ձեր բոլոր կամավոր ընծաներից, որ պիտի տաք Տիրոջը։ 39Իսկ յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը, երբ դուք հավաքեք երկրի բերքը, Տիրոջ համար յոթ օր տոն պիտի կատարեք։ Առաջին օրը հանգստյան օր և ութերորդ օրը հանգստյան օրեր լինեն։ 40Առաջին օրը կառնեք գեղեցիկ ծառերի պտուղներ, արմավենու ճյուղեր, տերևախիտ ծառերի ճյուղեր, ձորամիջի ուռենիների ճյուղեր և յոթ օր կուրախանաք ձեր Տեր Աստծու առաջ։ 41Այս տոնը կատարե՛ք Տիրոջ համար տարվա մեջ յոթ օր. դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ. յոթերորդ ամսին կկատարեք այն։ 42Յոթ օր կբնակվեք վրանների մեջ. Իսրայելի բոլոր տեղաբնակները կբնակվեն տաղավարների մեջ, 43որպեսզի ձեր սերունդներն իմանան, որ Իսրայելի որդիներին Եգիպտոսի երկրից հանելիս տաղավարների մեջ բնակեցրի նրանց. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։ 44Եվ Մովսեսը Իսրայելի որդիներին հայտարարեց Տիրոջ տոների մասին։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in