ՂԵՎՏԱԿԱՆ 15
15
Սեռական անմաքրություններ
1Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. 2«Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասացե՛ք նրանց. “Երբ մի տղամարդու անդամից սերմնածորում լինի, նրա ծորումն անմաքուր է։ 3Սա՛ է ծորումի ժամանակ նրա անմաքրությունը. եթե նրա մարմնից ծորում լինի, կամ նրա մարմինն այդ ծորումը պահի, դա նրա անմաքրությունն է։ 4Ամեն անկողին, որի մեջ ծորում ունեցողը պառկի, անմաքուր է, և ամեն բան, որի վրա նա նստի, անմաքուր է։ 5Նրա անկողնուն դիպչող մարդը պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ 6Ծորում ունեցող մարդու նստած առարկայի վրա նստողը պիտի լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ 7Ծորում ունեցող մարդու մարմնին դիպչողը պիտի լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ 8Եթե ծորում ունեցողը թքի մի մաքուր մարդու վրա, նա պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ 9Ամեն թամբ, որի վրա ծորում ունեցողը նստի, անմաքուր կլինի։ 10Ով որ դիպչի նրա տակ գտնվող որևէ իրի, անմաքուր կլինի մինչև երեկո. և ով որ այն վերցնի, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ 11Ծորում ունեցողն իր ձեռքերը չլվացած եթե դիպչի որևէ մեկին, սա պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ 12Կավե ամանը, որին դիպել է ծորում ունեցողը, պետք է ջարդվի, իսկ փայտե ամեն աման պետք է լվացվի ջրով։ 13Երբ ծորում ունեցողը մաքրվի իր ծորումից, նա յոթ օր պետք է հատկացնի իր մաքրման համար, լվանա իր հագուստները, լվանա իր մարմինը հոսող ջրի մեջ և մաքուր կլինի։ 14Ութերորդ օրը իր համար պիտի վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ և գա Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ և դրանք տա քահանային։ 15Քահանան դրանցից մեկը մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ ողջակեզ։ Քահանան Տիրոջ առաջ քավություն անի նրան նրա ծորումից։
16Եթե մի տղամարդ զուգավորության սերմնահոսություն ունենա, նա իր ամբողջ մարմինը պետք է ջրով լվանա և անմաքուր կլինի մինչև երեկո։ 17Ամեն հագուստ և ամեն մորթեղեն, որի վրա զուգավորության սերմ լինի, ջրով պետք է լվացվի։ Դա անմաքուր կլինի մինչև երեկո։ 18Երբ մի տղամարդ կնոջ հետ պառկի զուգավորության համար, նրանք երկուսն էլ ջրով պետք է լվացվեն, և անմաքուր կլինեն մինչև երեկո։
19Եթե մի կին ծորում ունենա, և նրա մարմնից ծորածը արյուն է, նա յոթ օր թող մնա իր դաշտանի մեջ. և ով որ դիպչի նրան, անմաքուր կլինի մինչև երեկո։ 20Ինչ բանի վրա որ պառկի այդ կինն իր դաշտանի ժամանակ, այդ բանն անմաքուր կլինի, և ինչ բանի վրա որ նստի, դա անմաքուր կլինի։ 21Ով որ դիպչի նրա անկողնուն, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ 22Ով որ դիպչի մի բանի, որի վրա նա նստել է, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ ջրով լվացվի և անմաքուր կլինի մինչև երեկո։ 23Եթե որևէ մեկը դիպչի այն անկողնուն կամ այն առարկային, որի վրա այդ կինը նստել է, անմաքուր կլինի մինչև երեկո։ 24Եթե մի մարդ պառկի նրա հետ զուգավորվելով, և այդ կնոջ պղծությունը դիպչի նրան, այդ մարդը յոթ օր անմաքուր կլինի. և ամեն անկողին, որի մեջ կպառկի նա, անմաքուր կլինի։
25Եթե մի կնոջ արյունը, առանց դաշտանի ժամանակը լինելու, ծորում է շատ օրեր կամ իր դաշտանից ավելի է ծորում, նրա անմաքրության այդ բոլոր օրերը պետք է համարվեն դաշտանի օրերի պես. նա անմաքուր է։ 26Ամեն անկողին, որի մեջ նա կպառկի իր ծորումի բոլոր օրերին, իր դաշտանի անկողնու պես պիտի լինի իր համար. և որևէ բանի վրա, որ նա նստի, իր դաշտանի անմաքրության պես անմաքուր պիտի լինի։ 27Ով որ դիպչի դրանց, անմաքուր պիտի լինի և պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ 28Երբ այդ կինը մաքրվի իր ծորումից, պետք է հաշվի յոթ օր, որից հետո մաքուր կլինի։ 29Ութերորդ օրը նա իր համար պիտի վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ և դրանք բերի ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ։ 30Քահանան դրանցից մեկը պետք է մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ։ Քահանան Տիրոջ առաջ քավություն կանի նրան նրա անմաքրության ծորումից”։
31Այսպես Իսրայելի որդիներին զգուշացրե՛ք իրենց անմաքրությունից, որպեսզի իրենց մեջ գտնվող իմ բնակության վայրը պղծելով և իրենց անմաքրության պատճառով չմեռնեն։ 32Այս է ծորում ունեցողի, զուգավորության սերմի արտահոսումով անմաքուր եղողի, 33իր դաշտանով հիվանդ եղող կնոջ, ծորում ունեցող տղամարդու կամ կնոջ և անմաքուր կնոջ հետ պառկող տղամարդու օրենքը»։
Currently Selected:
ՂԵՎՏԱԿԱՆ 15: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018