ՂԵՎՏԱԿԱՆ 14
14
Բորոտությունից մաքրվել
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Այս լինի բորոտի օրենքը նրա մաքրվելու օրը։ Նա պիտի տարվի քահանայի մոտ։ 3Քահանան դուրս պիտի գա բանակատեղիից և քահանան պիտի զննի նրան։ Եթե բորոտը բժշկվել է բորոտության ախտից, 4այն ժամանակ քահանան պետք է հրամայի, որ մաքրվող մարդու համար առնեն երկու կենդանի մաքուր թռչուն, եղևնու փայտ, կրկնակի կարմիր և զոպա#14.4 Խնկաբեր բույս։։ 5Քահանան հրամայի, որ թռչուններից մեկը մորթեն կավե ամանի մեջ, աղբյուրից լցված ջրի վրա։ 6Իսկ նա թող վերցնի ողջ թռչունը, եղևնու փայտը, կրկնակի կարմիրն#14.6 14.6, 14.51 համարներում եբր. ունի կրկնակի կարմիր։ ու զոպայի ոստը և դրանք ողջ թռչնի հետ թաթախի հոսող ջրի վրա մորթված թռչնի արյան մեջ։ 7Եվ յոթ անգամ շաղ տա բորոտությունից մաքրվող մարդու վրա և մաքրի նրան, իսկ ողջ թռչունը բաց թողնի դեպի դաշտ։ 8Մաքրվող մարդը թող լվանա իր զգեստները, ածիլի իր բոլոր մազերը, լվացվի ջրով և մաքուր կլինի։ Դրանից հետո մտնի բանակատեղի, բայց յոթ օր մնա իր վրանից դուրս։ 9Յոթերորդ օրն ածիլի իր բոլոր մազերը, իր գլուխը, մորուքն ու հոնքերը, այսինքն՝ ածիլի իր բոլոր մազերը, լվանա իր հագուստները, լվանա իր մարմինը ջրով և մաքուր կլինի։
10Ութերորդ օրն առնի անարատ երկու արու գառ, մեկ տարեկան անարատ մի էգ գառ, յուղով հունցված երեք տասներորդական գրիվ ընտիր ալյուր հացի ընծայի համար և մեկ լոգ#14.10 Շուրջ 9 կգ։ յուղ։ 11Մաքրող քահանան մաքրվող մարդուն սրանցով բերի Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ։ 12Քահանան թող վերցնի արու գառներից մեկը և մատուցի այն հանցանքի զոհի համար, և մի լոգ յուղն էլ. նա դրանք երերացնելու զոհ մատուցի Տիրոջ առաջ։ 13Գառը մորթի մեղքի զոհի անասունների և ողջակեզի մորթելու տեղը՝ սուրբ վայրում. որովհետև, մեղքի զոհի նման, հանցանքի զոհը քահանայինն է. դա ամենասուրբ է։ 14Քահանան թող վերցնի հանցանքի զոհի արյունից և քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։ 15Քահանան թող վերցնի մի լոգ յուղից և այն լցնի իր ձախ ձեռքի ափի մեջ։ 16Քահանան իր աջ մատը թող թաթախի իր ձախ ձեռքի մեջ եղած յուղին և իր մատով այդ յուղից թող յոթ անգամ շաղ տա Տիրոջ առաջ։ 17Իր ձեռքի մեջ մնացած յուղից քահանան թող քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին՝ հանցանքի զոհի արյան վրայից։ 18Քահանան իր ձեռքի մեջ մնացած յուղը թող քսի մաքրվող մարդու գլխին և քավություն անի նրան Տիրոջ առաջ։ 19Ապա քահանան թող մատուցի մեղքի զոհը և քավություն անի իր անմաքրությունից մաքրվող մարդուն, դրանից հետո ողջակեզը մորթի։ 20Եվ քահանան ողջակեզն ու հացի ընծան թող մատուցի զոհասեղանի վրա և մաքրվողի համար քավություն անի. և նա մաքուր կլինի։
21Եթե նա աղքատ է, և նրա կարողությունն այդքանին չհասնի, այդ ժամանակ քավություն անելու համար երերացնելու հանցանքի զոհի համար նա թող վերցնի մի գառ և հացի ընծայի համար՝ յուղով հունցված մեկ տասներորդական գրիվ ընտիր ալյուր և մի լոգ յուղ, 22երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, որ մեկը որ կարող է, և մեկը՝ մեղքի զոհի համար, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ։ 23Ութերորդ օրը իր մաքրման համար դրանք թող բերի քահանայի մոտ, ժողովի վրանի մուտքի մոտ, Տիրոջ առաջ։ 24Քահանան թող վերցնի հանցանքի զոհի գառն ու մի լոգ յուղը և դրանք երերացնելու զոհ մատուցի Տիրոջ առաջ։ 25Եվ մորթի հանցանքի զոհի գառը և վերցնի հանցանքի զոհի արյունից ու քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։ 26Քահանան յուղից թող լցնի իր ձախ ձեռքի մեջ։ 27Եվ քահանան իր աջ ձեռքի մատով ձախ ձեռքի մեջ եղած յուղից յոթ անգամ թող շաղ տա Տիրոջ առաջ։ 28Քահանան իր ձեռքի մեջ եղած յուղից թող քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին՝ այն տեղերը, ուր քսել է հանցանքի զոհի արյունը։ 29Իր ձեռքի մեջ մնացած յուղը քահանան թող քսի մաքրվող մարդու գլխին՝ քավություն անելով նրան Տիրոջ առաջ։ 30Ապա տատրակներից կամ աղավնու ձագերից մեկը, որին որ ձեռքը հասնի,#14.30 Այսինքն՝ իր հնարավորության չափով։ 31այն մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ՝ հացի ընծայի հետ միասին։ Եվ քահանան թող քավություն անի մաքրվող մարդուն Տիրոջ առաջ։ 32Այս է բորոտության ախտ ունեցող և մաքրվելու համար կարողություն չունեցող մարդու օրենքը»։
Տան մեջ բորոտություն
33Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. 34«Երբ դուք մտնեք Քանանի երկիրը, որը ես ձեզ տալիս եմ իբրև ստացվածք, և ես ձեր ստացվածքը հանդիսացող երկրի մի տան մեջ բորոտությունով հարվածելու լինեմ, 35այդ տան տերը պիտի գա և այդ մասին հայտնի քահանային՝ ասելով. “Ես նկատում եմ, որ իմ տանը ախտ կա”։ 36Քահանան, զննելու համար դեռ ներս չմտած, պիտի հրամայի, որ տունը դատարկեն, որպեսզի տան մեջ գտնվող ոչ մի բան անմաքուր չլինի, և դրանից հետո քահանան ներս կմտնի՝ զննելու տունը։ 37Քահանան կնայի. եթե տան պատերի վրա ախտանշան կա, այսինքն՝ կանաչավուն կամ կարմրավուն փոս ընկած տեղեր, որոնք պատի մակերեսից ավելի խոր են երևում, 38այն ժամանակ քահանան թող դուրս գա տան դռնից և յոթ օր կողպի տունը։ 39Յոթերորդ օրը քահանան դարձյալ թող գա և զննի տունը. եթե ախտը տարածվել է այդ տան պատերի վրա, 40ապա թող հրամայի, որ քանդեն-հանեն ախտ ունեցող քարերը և դրանք գցեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։ 41Տունը ներսից ամբողջությամբ քերել տա, և քերված հողը թափեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։ 42Եվ ուրիշ քարեր առնեն, դրանք դնեն հանված քարերի տեղում և ուրիշ հող բերեն ու ծեփեն տունը։ 43Եթե քարերը հանելուց և տունը քերելուց ու ծեփելուց հետո ախտը դարձյալ երևա տան մեջ, 44այն ժամանակ քահանան թող գա և զննի. եթե ախտը տարածված է տան մեջ, ուրեմն այդ տանը բորբոքված բորոտություն կա. այն անմաքուր է։ 45Տունը պետք է քանդվի, և նրա քարերն ու փայտերը, տան ամբողջ հողը տարվի քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։ 46Փակի տակ պահված բոլոր օրերին ով որ մտնի այդ տունը, մինչև երեկո անմաքուր կլինի։ 47Այդ տանը պառկողը պետք է լվանա իր հագուստները, այդ տանը հաց ուտողը նույնպես պետք է լվանա իր հագուստները։ 48Եթե քահանան գա և տեսնի, որ տունը ծեփվելուց հետո ախտը չի տարածվել տան մեջ, այն ժամանակ քահանան պետք է մաքուր հայտարարի այդ տունը, քանի որ ախտը բուժված է։ 49Այդ տան մաքրության համար առնի երկու թռչուն, եղևնու փայտ, կրկնակի կարմիր և զոպա։ 50Եվ թռչուններից մեկը մորթի կավե ամանի մեջ, հոսող ջրի վրա։ 51Ապա եղևնու փայտը, զոպան, կարմիրը և ողջ մնացած թռչունը վերցնի և թաթախի մորթված թռչնի արյան և հոսող ջրի մեջ ու յոթ անգամ շաղ տա տան վրա։ 52Եվ տունը մաքրի թռչնի արյամբ, աղբյուրի հոսող ջրով, ողջ մնացած թռչունով, եղևնու փայտով, զոպայով և կրկնակի կարմիրով, 53իսկ ողջ թռչունը բաց թողնի քաղաքից դուրս՝ դեպի դաշտ. և քավություն անի այդ տան համար, և տունը մաքուր կլինի։
54Այս է ամեն բորոտության ախտի, գոնջության, 55հագուստի կամ տան բորոտության, 56ուռուցքի, քոսի և բշտիկի մասին օրենքը՝ 57որոշելու համար, թե ե՛րբ է անմաքուր և ե՛րբ՝ մաքուր։ Այս է բորոտության օրենքը»։
Currently Selected:
ՂԵՎՏԱԿԱՆ 14: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018