YouVersion Logo
Search Icon

ՀԵՍՈՒ 3

3
Իսրայելացիներն անցնում են Հորդանան գետը
1Վաղ առավոտյան Հեսուն վեր կացավ, և ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից ու եկան մինչև Հորդանան գետը և գետն անցնելուց առաջ իջևանեցին այնտեղ։ 2Երեք օր հետո առաջնորդներն անցան բանակատեղիի միջով 3և պատվիրեցին ժողովրդին՝ ասելով. «Երբ տեսնեք ձեր Տեր Աստծու ուխտի տապանակը և ղևտացի քահանաներին այն տանելիս, դո՛ւք էլ վեր կացեք ձեր տեղերից և գնացե՛ք դրա ետևից։ 4Բայց ձեր և դրա միջև երկու հազար կանգունի չափ հեռավորություն թող լինի. չմոտենաք դրան, որպեսզի գիտենաք ձեր գնալու ճանապարհը, որովհետև նախապես այդ ճանապարհով չեք անցել»։ 5Եվ Հեսուն ասաց ժողովրդին. «Սրբե՛ք ձեր անձերը, որովհետև վաղը Տերը հրաշքներ է գործելու ձեր մեջ»։ 6Ապա Հեսուն ասաց քահանաներին. «Վերցրե՛ք ուխտի տապանակը և անցե՛ք ժողովրդի առաջ»։ Նրանք վերցրին ուխտի տապանակը և գնացին ժողովրդի առջևից։
7Տերն ասաց Հեսուին. «Այսօր կսկսեմ քեզ բարձրացնել բոլոր իսրայելացիների աչքին, որպեսզի իմանան, թե ինչպես որ Մովսեսի հետ էի, այնպես էլ քեզ հետ կլինեմ։ 8Հիմա դու ուխտի տապանակը վերցնող քահանաներին պատվիրի՛ր և ասա՛. “Երբ հասնեք Հորդանանի ջրերի եզերքը, կա՛նգ առեք Հորդանանի մեջ”»։
9Եվ Հեսուն ասաց Իսրայելի որդիներին. «Մոտեցե՛ք այստեղ և լսե՛ք ձեր Տեր Աստծու խոսքերը»։ 10Հեսուն ասաց. «Դրանով կիմանաք, որ կենդանի Աստվածը ձեր մեջ է, և որ նա ձեր առջևից հալածելով հալածելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին։ 11Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը պիտի անցնի ձեր առջևից Հորդանան գետի միջով։ 12Հիմա դուք Իսրայելի ցեղերից վերցրե՛ք տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մի մարդ, 13և երբ Տիրոջ՝ ամբողջ երկրի Տիրոջ տապանակը վերցնող քահանաների ոտքերի թաթերը մտնեն Հորդանան գետի ջրի մեջ, Հորդանանի ջրերը կկտրվեն, և վերևից իջնող ջրերը կկանգնեն քարակույտի պես»։
14Երբ ժողովուրդը Հորդանան գետն անցնելու համար դուրս ելավ իր վրաններից, ուխտի տապանակը վերցնող քահանաները ժողովրդի առջևում էին։ 15Եվ հենց որ տապանակը վերցնողները հասան մինչև Հորդանան, և տապանակը կրող քահանաների ոտքերը խրվեցին գետի եզերքի ջրի մեջ (որովհետև հնձի ամբողջ ժամանակ Հորդանանը դուրս է գալիս իր ափերից), 16այն ժամանակ վերևից իջնող ջրերը կանգնեցին և քարակույտի նման բարձրացան Սարթանի մոտ գտնվող Ադամ քաղաքից շատ հեռու, իսկ դեպի դաշտի ծովը, այսինքն՝ Աղի ծովն իջնող ջրերն ամբողջովին կտրվեցին, և ժողովուրդն անցավ Երիքովի դիմաց։ 17Տիրոջ ուխտի տապանակը վերցնող քահանաները հաստատ կանգնեցին Հորդանան գետի մեջտեղը՝ ցամաքի վրա, և բոլոր իսրայելացիներն անցան ցամաքով, մինչև որ ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը։

Currently Selected:

ՀԵՍՈՒ 3: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in