ՀԵՍՈՒ 2
2
Հեսուն լրտեսներ է ուղարկում Երիքով
1Նավեի որդի Հեսուն Սատիմից գաղտնաբար երկու մարդ ուղարկեց երկիրը լրտեսելու համար և ասաց. «Գնացեք տեսե՛ք այն երկիրը և Երիքովը»։ Նրանք գնացին և եկան Երիքով ու մտնելով Ռախաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ այնտեղ պառկեցին։ 2Երիքովի թագավորին ասվեց, թե՝ «Ահա այս գիշեր Իսրայելի որդիներից մարդիկ են եկել այստեղ՝ երկիրը լրտեսելու»։ 3Երիքովի թագավորը մարդ ուղարկեց Ռախաբի մոտ՝ ասելով. «Քեզ մոտ եկած և տունդ մտած մարդկանց դո՛ւրս հանիր, որովհետև նրանք եկել են այս ամբողջ երկիրը լրտեսելու»։ 4Իսկ կինը վերցրեց այդ երկու մարդկանց, թաքցրեց և ասաց. «Ճիշտ է, որ այդ երկու մարդիկ եկան ինձ մոտ, բայց ես չիմացա, թե նրանք որտեղի՛ց են։ 5Դարպասները փակելու ժամանակ մութ էր. այդ մարդիկ դուրս եկան, և չգիտեմ, թե ո՛ւր գնացին։ Շուտ գնացե՛ք նրանց հետևից, որ հասնեք նրանց»։ 6Իսկ ինքը նրանց հանել էր կտուրը և թաքցրել վուշի ցողունների տակ, որ շարել էր իր կտուրի վրա։ 7Մարդիկ Հորդանան գետի ճանապարհով մինչև գետանցները նրանց հետևից ընկան, և դարպասը փակեցին նրանց հետևից ընկնողների դուրս գալուց հետո։
8Նրանք դեռ չէին պառկել, երբ կինը ելավ կտուրը՝ նրանց մոտ, 9և ասաց այդ մարդկանց. «Ես գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որ ձեր ահն ընկել է մեզ վրա, և որ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել. 10որովհետև մենք լսեցինք, թե ինչպես Տերը Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր առաջ Եգիպտոսից ձեր դուրս եկած ժամանակ, և թե ինչ արեցիք դուք Հորդանան գետի այն կողմում ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհոնին և Օգին, որոնց բնաջնջեցիք։ 11Մենք այդ լսեցինք, և մեր սրտերը վախից հալվեցին, և ոչ մեկիս մեջ համարձակություն չի մնացել ձեր պատճառով, որովհետև ձեր Տեր Աստվածն Աստված է վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա։ 12Եվ հիմա աղաչում եմ, երդվե՛ք ինձ Տիրոջով, որ ինչպես ես ողորմություն արեցի ձեր նկատմամբ, այնպես էլ դուք ողորմություն կանեք իմ հոր տան նկատմամբ։ Եվ ինձ ճշմարիտ մի նշա՛ն տվեք, 13որ ողջ կթողնեք իմ հորը, մորը, իմ եղբայրներին, քույրերին ու նրանց բոլոր հարազատներին և մեր անձերը մահից կազատեք»։ 14Այդ մարդիկ նրան ասացին. «Եթե մեր այս բանը չհայտնեք, այն ժամանակ թող մեր անձերը մեռնեն ձեր փոխարեն, և երբ այս երկիրը Տերը մեզ տա, ողորմություն և հավատարմություն կցուցաբերենք քեզ»։ 15Եվ մի պարանով ցած իջեցրեց նրանց պատուհանից, որովհետև նրա տունը բերդի պարսպի վրա էր, և ինքն էլ բնակվում էր պարսպի վրա։ 16Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք լեռը, միգուցե հալածողները հանդիպեն ձեզ. այնտեղ երեք օր թաքնվա՛ծ մնացեք, մինչև որ ձեզ հալածողները ետ դառնան, և հետո գնացե՛ք ձեր ճանապարհով»։ 17Այդ մարդիկ նրան ասացին. «Մենք անպարտ կլինենք քո այդ երդումից, որ անել տվեցիր մեզ։ 18Երբ մենք մտնենք այս երկիրը, դու կարմիր թելից այս պարանը կկապես այն պատուհանից, որտեղից իջեցրիր մեզ, և քո հորը, մորը, եղբայրներին ու քո հոր ամբողջ ընտանիքը կհավաքես քեզ մոտ՝ այս տանը։ 19Ով որ դուրս գա քո տան դռնից, նրա արյունն իր գլխին, մենք անպարտ կլինենք։ Բայց քեզ հետ այս տանը գտնվող բոլորի արյունը մեր գլխին, եթե մեկի ձեռքը դիպչի նրանց։ 20Իսկ եթե մեր այս բանը հայտնես, այն ժամանակ մենք անպարտ կլինենք քո այն երդումից, որ անել տվեցիր մեզ»։ 21Եվ կինն ասաց. «Ձեր ասածի պես թող լինի»։ Ապա թույլ տվեց նրանց, ու նրանք գնացին, իսկ այդ կարմիր պարանը կապեց պատուհանին։
22Նրանք գնացին և եկան լեռնակողմն ու այնտեղ նստեցին երեք օր, մինչև որ հալածողները ետ դարձան։ Հալածողները նրանց փնտրեցին ճանապարհի բոլոր կողմերում, բայց չգտան։ 23Այն ժամանակ այդ երկու մարդիկ ետ դարձան, իջան սարից և անցնելով Հորդանան գետը՝ գնացին Նավեի որդի Հեսուի մոտ և պատմեցին նրան այն բոլոր բաները, որ պատահել էին իրենց։ 24Եվ Հեսուին ասացին. «Իրոք, Տերն այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները վախենում են մեզնից»։
Currently Selected:
ՀԵՍՈՒ 2: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018