YouVersion Logo
Search Icon

ՀԵՍՈՒ 10

10
Ամորհացիների պարտությունը
1Երբ Երուսաղեմի Ադոնիսեդեկ թագավորը լսեց, թե Հեսուն գրավել է Գային և այն ամբողջովին կործանել, ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ էր արել, այդպես էլ արել է Գայիի ու նրա թագավորի հետ, և թե Գաբավոնի բնակիչները հաշտություն են կնքել իսրայելացիների հետ և նրանց մեջ մնացել, 2խիստ վախեցավ, որովհետև Գաբավոնը մեծ քաղաք էր՝ թագավորանիստ քաղաքներից մեկի նման. այն Գայիից ավելի մեծ էր, և նրա բոլոր մարդիկ զորավոր էին։ 3Դրա համար Երուսաղեմի Ադոնիսեդեկ թագավորը մարդ ուղարկեց Քեբրոնի Հոհամ թագավորի, Հերիմութի Փիրամ թագավորի, Լաքիսի Հաբիե թագավորի և Էգղոնի Դաբիր թագավորի մոտ՝ ասելով. 4«Բարձրացեք եկե՛ք ինձ մոտ և օգնե՛ք ինձ, որ հարվածենք Գաբավոնին, որովհետև նա հաշտություն կնքեց Հեսուի և Իսրայելի որդիների հետ»։ 5Եվ ամորհացիների հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորն ու Էգղոնի թագավորը, հավաքվեցին իրենք ու իրենց բոլոր բանակները և վեր գնացին, բանակատեղի դրեցին Գաբավոնի մոտ և պատերազմեցին նրա դեմ։
6Գաբավոնի բնակիչները մարդ ուղարկեցին Հեսուի մոտ՝ Գաղգաղայի բանակատեղին՝ ասելով. «Քո ձեռքը ետ մի՛ քաշիր քո ծառաներից, շուտ մեզ մո՛տ բարձրացիր, մեզ ազատի՛ր և մեզ օգնի՛ր, որովհետև ամորհացիների բոլոր լեռնաբնակ թագավորները հավաքվել են մեր դեմ»։ 7Հեսուն ելավ գնաց Գաղգաղայից իր բոլոր պատերազմողների և զորքի բոլոր զորավոր մարդկանց հետ։ 8Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, որովհետև քո ձեռքն եմ մատնել նրանց. նրանցից ոչ մեկը չի կանգնի քո առաջ»։ 9Հեսուն, ամբողջ գիշեր վեր բարձրանալով Գաղգաղայից, հանկարծակի հարձակվեց նրանց վրա։ 10Տերը նրանց խռովքի մատնեց իսրայելացիների առաջ, Գաբավոնի մոտ նրանց մեծ ջարդ տվեց, Բեթորոն բարձրանալու ճանապարհին նրանց հալածեց և մինչև Ազեկա ու Մակեդա հարվածեց նրանց։ 11Երբ նրանք փախչում էին իսրայելացիների առջևից և Բեթորոնից ցած էին իջնում, Տերը նրանց վրա երկնքից կարկուտի մեծ քարեր թափեց մինչև Ազեկա, և նրանք մեռան։ Կարկուտի քարերից մեռնողներն ավելի շատ էին, քան Իսրայելի որդիների սրերից սպանվածները։ 12Այն օրը, երբ Տերը ամորհացիներին մատնեց Իսրայելի որդիների ձեռքը, Հեսուն խոսեց Տիրոջ հետ և իսրայելացիների առաջ ասաց. «Արեգա՛կ, Գաբավոնի վրա՛ կանգնիր, և դու, լուսի՛ն, Այեղոնի ձորի վրա՛ կանգնիր»։ 13Եվ արեգակը կանգնեց, ու լուսինն իր տեղը մնաց, մինչև որ ժողովուրդն իր թշնամիներից վրեժ առավ։ Մի՞թե սա գրված չէ Ուղիղի գրքում. «Արեգակը կանգնեց երկնքի մեջտեղում և չշտապեց մայր մտնել ամբողջ մեկ օրվա չափ»։ 14Դրա նման օր չէր եղել ո՛չ առաջ և ո՛չ հետո, որ Տերը մի մարդու լսեր։ Տերն ինքը պատերազմեց Իսրայելի կողքին։
Հեսուն գերի է վերցնում հինգ թագավորների
15Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։
16Հինգ թագավորները փախան և թաքնվեցին Մակեդայում՝ քարայրի մեջ։ 17Հեսուին հայտնեցին՝ ասելով. «Այդ հինգ թագավորները գտնվել են Մակեդայում՝ քարայրի մեջ թաքնված»։ 18Հեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծ քարե՛ր գլորեք և նրա վրա մարդի՛կ նշանակեք, որպեսզի պահպանեն դրանք։ 19Բայց դուք կանգ մի՛ առեք, հալածե՛ք ձեր թշնամիներին, հարվածե՛ք նրանց վերջապահներին և թույլ մի՛ տվեք նրանց, որ մտնեն իրենց քաղաքները, որովհետև ձեր Տեր Աստվածը նրանց մատնեց ձեր ձեռքը»։ 20Երբ Հեսուն Իսրայելի որդիների հետ նրանց ջարդեց շատ մեծ կոտորածով, մինչև որ նրանց իսպառ բնաջնջեց, նրանց փախստականները մտան պարսպապատ քաղաքները։ 21Ամբողջ ժողովուրդը խաղաղությամբ վերադարձավ բանակատեղի՝ Հեսուի մոտ, Մակեդա. ոչ ոք բնավ չհամարձակվեց իր բերանը բացել Իսրայելի որդիների դեմ։
22Այն ժամանակ Հեսուն ասաց. «Բա՛ց արեք քարայրի մուտքը և այնտեղից հանեք բերե՛ք ինձ մոտ այն հինգ թագավորներին»։ 23Այդպես էլ արեցին. այն հինգ թագավորներին, այսինքն՝ Երուսաղեմի թագավորին, Քեբրոնի թագավորին, Հերիմութի թագավորին, Լաքիսի թագավորին և Էգղոնի թագավորին հանեցին տարան նրա մոտ։ 24Երբ այս թագավորներին Հեսուի մոտ տարան, Հեսուն կանչեց Իսրայելի բոլոր մարդկանց և իր հետ պատերազմողների գլխավորներին ասաց. «Մոտեցե՛ք և ձեր ոտքերը դրե՛ք այս թագավորների պարանոցների վրա»։ Նրանք մոտեցան և իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրա։ 25Հեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք, զորացե՛ք և քա՛ջ եղեք, որովհետև Տերն այսպես պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի պատերազմեք»։ 26Դրանից հետո Հեսուն նրանց հարվածելով սպանեց ու նրանց կախեց հինգ ծառերից. և նրանք ծառերից կախված մնացին մինչև երեկո։ 27Արեգակի մայր մտնելու ժամանակ Հեսուն հրամայեց, և նրանց իջեցրին ծառերից, գցեցին այն քարայրի մեջ, որտեղ նրանք թաքնվել էին, և քարայրի մուտքին դրեցին մեծ քարեր, որոնք կան մինչև այսօր։
Հեսուն նոր քաղաքներ է գրավում
28Հեսուն նույն օրը գրավեց նաև Մակեդան, սրի քաշեց այն և բնաջնջեց նրա թագավորին ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեց. Մակեդայի թագավորի հետ էլ արեց այնպես, ինչպես արել էր Երիքովի թագավորի հետ։
29Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Մակեդայից անցան Լեբնա և պատերազմեցին Լեբնայի դեմ։ 30Տերը նրանց էլ, նրա թագավորով, մատնեց իսրայելացիների ձեռքը, և Հեսուն սրի քաշեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեց. նրա թագավորների հետ էլ արեց այնպես, ինչպես արել էր Երիքովի թագավորի հետ։
31Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Լեբնայից անցան Լաքիս և նրա դիմաց բանակ դրեցին ու պատերազմեցին նրա դեմ։ 32Տերը Լաքիսն Իսրայելի որդիների ձեռքը մատնեց, և երկրորդ օրը Հեսուն գրավեց այն և սրի քաշեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց այնպես, ինչպես արել էր Լեբնային։
33Այն ժամանակ Գազերի Հորամ թագավորը վեր ելավ օգնելու Լաքիսին։ Հեսուն կոտորեց նրան ու նրա ժողովրդին այնպես, որ նրանցից ոչ մեկը ողջ չմնաց։ 34Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Լաքիսից անցան Էգղոն և նրա մոտ բանակատեղի դնելով՝ պատերազմեցին նրա դեմ։ 35Նույն օրը գրավեց և սրի քաշեց այն։ Նրա մեջ եղած բոլոր մարդկանց նույն օրը բնաջնջեց այնպես, ինչպես արել էր Լաքիսին։
36Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Էգղոնից բարձրացան Քեբրոն և պատերազմեցին նրա դեմ։ 37Գրավեցին այն և սրակոտոր արեցին այն, նրա թագավորին, նրա բոլոր քաղաքներն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Հեսուն բնաջնջեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց ճիշտ այնպես, ինչպես արել էր Էգղոնին։
38Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերադարձան Դաբիր և պատերազմեցին նրա դեմ։ 39Եվ գրավեցին այն, սրի քաշեցին նրա թագավորին, նրանց բոլոր քաղաքները և բնաջնջեցին նրանց մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Ինչպես որ արել էր Քեբրոնի հետ և ինչպես արել էր Լեբնայի ու նրա թագավորի հետ, այնպես էլ արեց Դաբիրի և նրա թագավորի հետ։
40Հեսուն հաղթեց բոլոր լեռնային, հարավային, դաշտային երկրներին, լեռների ստորոտներին և դրանց բոլոր թագավորներին. ոչ մեկին ողջ չթողեց, այլ սպանեց կենդանի մնացած բոլոր մարդկանց, ինչպես պատվիրել էր Իսրայելի Աստվածը՝ Տերը։ 41Հեսուն նրանց հարվածեց Կադես-Բառնեայից մինչև Գազա և հարվածեց Գոսոմի ամբողջ երկրին մինչև Գաբավոն։ 42Հեսուն այս բոլոր թագավորներին ու նրանց երկիրը նվաճեց միանգամից, որովհետև Իսրայելի Աստվածը՝ Տերն էր պատերազմում Իսրայելի համար։ 43Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։

Currently Selected:

ՀԵՍՈՒ 10: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in