YouVersion Logo
Search Icon

ՀՈՎԵԼ 3

3
Տերը դատում է ազգերին
1«Որովհետև ահա այն օրերին և այն ժամանակ, երբ ես Հուդային և Երուսաղեմին գերությունից կվերադարձնեմ, 2կժողովեմ բոլոր ազգերին և նրանց կիջեցնեմ Հոսափատի հովիտը և այնտեղ նրանց հետ դատ կվարեմ իմ ժողովրդի և իմ ժառանգություն Իսրայելի համար, որին ցրեցին ազգերի մեջ և իմ երկիրը բաժանեցին։ 3Եվ իմ ժողովրդի վրա վիճակ գցեցին և տղեկին տվեցին պոռնիկի վարձի դիմաց, աղջնակին ծախեցին գինու դիմաց և խմեցին։ 4Եվ դուք ևս ի՞նչ եք ինձ համար, ո՛վ Տյուրոս և Սիդոն և ո՛վ փղշտացիների բոլոր շրջաններ. մի՞թե դուք ինձ հատուցում եք անելու, եթե դուք ինձ հատուցողներ եք։ Անմիջապես և շուտով ձեր գլխին կդարձնեմ ձեր հատուցումը. 5որովհետև դուք իմ արծաթն ու ոսկին վերցրիք և իմ ցանկալի գանձերը տարաք ձեր մեհյանները։ 6Եվ Հուդայի որդիներին ու Երուսաղեմի որդիներին հույների որդիներին ծախեցիք, որպեսզի նրանց հեռացնեք իրենց սահմանից։ 7Ահա ես նրանց պիտի զարթնեցնեմ, ուր որ նրանց ծախեցիք, և ձեր հատուցումը ետ պիտի դարձնեմ ձեր գլխին։ 8Եվ ձեր որդիներին ու դուստրերին պիտի ծախեմ Հուդայի որդիներին, և նրանք պիտի ծախեն նրանց սաբայեցիներին՝ այն հեռավոր ազգին»,- որովհետև Տերն է ասել։
9Այս մասին ազդարարե՛ք ազգերի մեջ, պատերազմի՛ պատրաստվեք, զարթնեցրե՛ք հզորներին, թող մոտենան, գան բոլոր պատերազմիկները։ 10Ձեր խոփերից սրե՛ր կռեք և ձեր էտոցներից՝ նիզակներ. թող տկարն ասի. «Հզոր եմ ես»։ 11Շտապե՛ք և եկեք, ո՛վ շրջակա բոլոր ազգեր, և հավաքվե՛ք։ Այնտե՛ղ իջեցրու, ո՛վ Տեր, քո հզորներին։ 12Ազգերը թող զարթնեն և իջնեն Հոսափատի հովիտը, որովհետև այնտեղ պիտի նստեմ բոլոր շրջակա ազգերին դատելու համար։
13Մանգաղը գործի՛ դրեք, որովհետև հասել է հունձը, եկե՛ք, իջե՛ք, որովհետև լցվել է խաղողի հնձանը, տակառները հորդում են, մեծ է նրանց չարությունը։ 14Բազմություններ, բազմություններ՝ Վճիռի հովտում, որովհետև մոտ է Տիրոջ օրը Վճիռի հովտում։ 15Արեգակն ու լուսինը պիտի խավարեն, իսկ աստղերը պիտի կորցնեն իրենց պայծառությունը։
Աստված օրհնում է իր ժողովրդին
16Եվ Տերը պիտի ձայնի Սիոնից և Երուսաղեմից պիտի գոչի, երկինքն ու երկիրը պիտի դողան, բայց Տերն ապավեն պիտի լինի իր ժողովրդին և ամրոց՝ Իսրայելի որդիներին։ 17Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ բնակվում եմ իմ սուրբ լեռ Սիոնում։ Եվ Երուսաղեմը սուրբ պիտի լինի, և օտարներն այլևս չեն անցնի նրա միջով։
18Եվ այդ օրը սարերն անուշ գինի պիտի հեղեն, և բլուրները կաթ հոսեցնեն, և Հուդայի բոլոր ձորերը ջուր պիտի բխեն, իսկ Տիրոջ տնից մի աղբյուր պիտի դուրս գա և ոռոգի Սատիմի ձորը։ 19Եգիպտոսը ամայի պիտի դառնա, և Եդովմը մի ամայի անապատ պիտի դառնա Հուդայի որդիների դեմ գործած բռնության պատճառով, որովհետև անմեղ արյուն թափեցին նրանց երկրում։ 20Բայց Հուդան հավիտյան պիտի բնակեցվի, իսկ Երուսաղեմը՝ սերնդեսերունդ։ 21Եվ նրանց արյունը անպարտ կդարձնեմ, որն անպարտ չէի համարում, և Տերը պիտի բնակվի Սիոնում։

Currently Selected:

ՀՈՎԵԼ 3: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in