YouVersion Logo
Search Icon

ՀՈԲ 39

39
1«Գիտե՞ս ժայռի այծյամների ծնելու ժամանակը, եղնիկների ծնելը դիտե՞լ ես։
2Նրանց լրացրած ամիսները հաշվե՞լ ես և նրանց ծնելու ժամանակը գիտե՞ս,
3Որ ծռվում, ծնում են իրենց ձագերին և թողնում են իրենց ցավերը։
4Նրանց ձագերը զորանում են և մեծանում դաշտում, դուրս են գնում ու նրանց մոտ ետ չեն դառնում։
5Ցիռն ո՞վ է ազատ բաց թողել, և վայրի էշի կապերն ո՞վ է արձակել,
6Որի տունն անապատն արեցի և աղադաշտը՝ նրա բնակարանները.
7Որը ծիծաղում է քաղաքի աղմուկի վրա, քշողի աղաղակը չի լսում.
8Սարերում որպես իր արոտում է ման գալիս և ամեն տեսակ խոտեր է փնտրում։
9Միեղջերուն կուզի՞ քեզ ծառայել կամ քո մսուրի մոտ կգիշերի՞։
10Կարո՞ղ ես միեղջերուին ակոսում պարանով կապել, կամ քո ետևից խորդուբորդերը կտափանի՞։
11Նրա համար, որ ուժը շատ է, նրան կվստահե՞ս ու գործդ նրան կհանձնե՞ս։
12Կհավատա՞ս նրան, որ քո ցանածը կբերի ու քո կալը կհավաքի։
13Ջայլամի թևն ուրախ-ուրախ շարժվում է. այդ մի՞թե կհամեմատվի արագիլի թևերի ու փետուրների հետ։
14Նա իր ձվերը գետնին է թողնում, հողի վրա դրանք տաքացնում.
15Մոռանում է, որ մի ոտք դրանք կկոտրի, և դաշտի գազանները դրանք ոտնակոխ կանեն։
16Նա իր ձագերի հանդեպ անգութ է, ասես իր ձագերը չեն. իր աշխատանքի զուր լինելու վախը չունի։
17Որովհետև Աստված նրան հասկացողությունից զրկել է և գիտությունից նրան բաժին չի տվել։
18Իսկ երբ թևերը բացի, ձիու և ձիավորի վրա ծիծաղում է։
19Ձիուն դո՞ւ ես ուժ տվել, նրա պարանոցին բաշը հագցրել։
20Դո՞ւ ես նրան մորեխի նման թռչել տալիս։ Նրա փառավոր վրնջյունը երկյուղալի է։
21Հովտում սմբակով քանդքնդում է, իր ուժով զվարճանում. նա դուրս է գալիս՝ սպառազենը դիմավորելու։
22Երկյուղի վրա ծիծաղում է ու չի սոսկում և սրի առաջից ետ չի դառնում։
23Նրա վրա կապարճն է ճարճատում, պսպղուն նիզակն ու գեղարդը։
24Հողից ցասումով ու կատաղությամբ կուլ է տալիս և չի կարողանում հանդարտ մնալ, երբ շեփորի ձայնն է լսում։
25Շեփորը հնչեցնելիս ասում է՝ օ՜, ու հեռվից պատերազմի հոտն է առնում, զորավարների որոտալը, նաև դղրդյունը։
26Բազեն քո՞ հասկացողությամբ է թռչում և իր թռիչքները դեպի հարավ տարածում։
27Կամ քո՞ հրամանով է արծիվը սլանում և իր բույնը դնում բարձրերում։
28Նա ժայռի վրա է բնակվում և բույն դնում ժայռի ժանիքի ու ապառաժի վրա։
29Այնտեղից է նա կերը որոնում. նրա աչքերը հեռվից են տեսնում։
30Նրա ձագերն էլ արյուն են ծծում, և որտեղ որ դիակներ են լինում, նա այնտեղ է»։

Currently Selected:

ՀՈԲ 39: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in