YouVersion Logo
Search Icon

ՀՈՎՀԱՆՆԵՍ 21

21
1Դրանից հետո Հիսուսը Տիբերիայի լճի ափին դարձյալ հայտնվեց իր աշակերտներին։ Եվ հայտնվեց այսպես։ 2Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ «Երկվորյակ» կոչվածը, Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից էր, Զեբեդեոսի որդիները և աշակերտներից ևս երկուսը միասին էին։ 3Սիմոն Պետրոսն ասաց նրանց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասացին. «Մենք էլ ենք քեզ հետ գալիս»։ Նրանք ելան և նավ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ 4Երբ արդեն առավոտ էր, Հիսուսը լճափին կանգնած էր, սակայն աշակերտները նրան չճանաչեցին։ 5Այդժամ Հիսուսն ասաց նրանց. «Տղանե՛ր, արդյոք ուտելու բան ունե՞ք»։ Նրան պատասխանեցին. «Ո՛չ»։ 6Իսկ նա ասաց նրանց. «Ուռկանը նավի աջ կո՛ղմը գցեք և կգտնեք»։ Նրանք գցեցին և ձկների առատությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ 7Արդ այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, Պետրոսին ասաց. «Տե՛րն է»։ Սիմոն Պետրոսը հենց լսեց, որ Տերն է, հագուստն իր վրա գցեց, որովհետև մերկ էր, և ջրի մեջ նետվեց։ 8Իսկ մյուս աշակերտները, ձկներով ուռկանը քաշելով, նավակով եկան, քանի որ ցամաքից հեռու էին մոտ երկու հարյուր կանգուն#21.8 Հարյուր մետր։։ 9Երբ ցամաք ելան, տեսան վառած ածուխի մի կրակատեղ, վրան՝ ձուկ ու հաց դրված։ 10Հիսուսն ասաց նրանց. «Բերե՛ք այն ձկներից, որ հիմա որսացիք»։ 11Այդժամ Սիմոն Պետրոսը նավ մտավ և ցամաք հանեց ուռկանը՝ հարյուր հիսուներեք հատ մեծ-մեծ ձկներով լեցուն։ Թեև այդքան ձուկ կար, բայց ուռկանը չպատռվեց։ 12Հիսուսն ասաց նրանց. «Եկեք ճաշե՛ք»։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել՝ «Դու ո՞վ ես», որովհետև գիտեին, որ Տերն է։ 13Հիսուսը եկավ, վերցրեց հացն ու նրանց տվեց, նույնպես և ձուկը։ 14Այս երրորդ անգամն էր, որ մեռելներից հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր աշակերտներին։
15Երբ ճաշեցին, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»։ Պետրոսը նրան ասաց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ գառներին»։ 16Երկրորդ անգամ նրան հարցրեց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը նրան պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։ 17Երրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տրտմեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն՝ «Սիրո՞ւմ ես ինձ»։ Եվ պատասխանեց նրան. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Հիսուսն ասաց նրան. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։ 18Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. երբ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր, ուր որ կամենայիր. բայց երբ ծերանաս, ձեռքերդ կբարձրացնես, և ուրիշը գոտիդ կկապի ու քեզ կտանի այնտեղ, ուր որ չես կամենա»։ 19Այս ասաց՝ ցույց տալով, թե ինչպիսի՛ մահով նա պիտի փառավորի Աստծուն։ Այս ասելուց հետո ասաց նրան. «Արի՛ իմ հետևից»։
20Ապա Պետրոսը շրջվեց և տեսավ, որ իրենց հետևից գալիս է այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, և որն ընթրիքի ժամանակ նրա կրծքովն էր ընկել ու ասել. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ 21Պետրոսը, նրան տեսնելով, Հիսուսին ասաց. «Տե՛ր, իսկ սրա՞ն ինչ է լինելու»։ 22Հիսուսը նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա մնա, մինչև որ ես գամ, քեզ դրանից ի՞նչ. դու արի՛ իմ հետևից»։ 23Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ, թե իբր այդ աշակերտը չի մեռնելու։ Բայց Հիսուսը չասաց նրան, թե չի մեռնելու, այլ՝ «Եթե կամենում եմ, որ դա մնա, մինչև որ ես գամ, քեզ դրանից ի՞նչ»։
24Սա այն աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, և որն էլ դրանք գրեց, ու գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։
25Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուսն արեց, որոնք եթե մեկ առ մեկ գրված լինեին, կարծում եմ, թե աշխարհն էլ բավական չէր լինի այդ գրքերը պարփակելու։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy