ԵՐԵՄԻԱ 23
23
Հույս ապագայի համար
1«Վա՜յ այն հովիվներին, որոնք կորցնում և ցրում են իմ արոտի ոչխարներին»,- ասում է Տերը։ 2Սրա համար Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այն հովիվների մասին, որ հովվում են իմ ժողովրդին. «Դուք իմ ոչխարներին ցրիվ տվեցիք ու քշեցիք և նրանց չխնամեցիք. ահա ձեր չար գործերի համար ես պիտի պատժեմ ձեզ»,- ասում է Տերը։ 3«Եվ ես այն բոլոր երկրներից, ուր աքսորել եմ նրանց, պիտի հավաքեմ իմ հոտի մնացորդին և նրանց վերադարձնեմ իրենց փարախները։ Եվ նրանք պիտի աճեն#23.3 Բռց. պտղաբերեն։ ու բազմանան։ 4Եվ նրանց վրա հովիվներ պիտի դնեմ, որ նրանց հովվեն, և նրանք այլևս չպիտի վախենան ու զարհուրեն և չպիտի պակասեն»,- ասում է Տերը։ 5«Ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ Դավթի համար արդարության Շառավիղ կհանեմ. որպես թագավոր կթագավորի և իմաստությամբ կվարվի և իրավունք ու արդարություն կգործի երկրում։ 6Նրա օրերին Հուդան կազատվի, և Իսրայելն ապահով կապրի։ Եվ սա է նրա անունը, որով նա պիտի կոչվի՝ Տերը՝ մեր Արդարությունը։ 7Սրա համար ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ այլևս չեն ասելու. “Կենդանի է Տերը, որն Իսրայելի որդիներին դուրս բերեց Եգիպտոսի երկրից”, 8այլ՝ “Կենդանի է Տերը, որն Իսրայելի տան սերնդին հանեց ու առաջնորդեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր ես աքսորել էի նրանց”, և նրանք իրենց հողի վրա պիտի բնակվեն»։
Երեմիայի պատգամը մարգարեների մասին
9Մարգարեների համար սիրտս ներսումս կոտրվում է, բոլոր ոսկորներս դողում են Տիրոջ պատճառով և նրա սուրբ խոսքերի պատճառով. ես մի հարբած մարդու պես և մի գինեհար մարդու նման եմ դարձել։ 10Որովհետև երկիրը լցվել է շնացողներով, և անեծքի պատճառով երկիրը սգում է, չորացել են անապատի արոտները. նրանց ընթացքը չար է, և նրանց զորությունըարդար չէ։ 11«Որովհետև թե՛ մարգարեն, թե՛ քահանան ապականված են, իմ տանն անգամ ես գտա նրանց չարությունը,- ասում է Տերը։- 12Սրա համար նրանց ճանապարհն իրենց համար խավարի մեջ սայթաքուն տեղերի պես պիտի լինի. նրանք պետք է հրվեն և վայր ընկնեն այնտեղ, որովհետև ես նրանց վրա չարիք եմ բերելու նրանց պատուհասելու տարում,- ասում է Տերը։-
13Սամարիայի մարգարեների մեջ անզգամություն տեսա. Բահաղով մարգարեացան և մոլորեցրին իմ Իսրայել ժողովրդին։ 14Իսկ Երուսաղեմի մարգարեների մեջ քստմնելի բան տեսա. շնանում են և ստությամբ են ընթանում. չարագործների ձեռքերն են զորացնում, որ ոչ ոք իր չարությունից հետ չդառնա. նրանք բոլորն ինձ համար Սոդոմի պես են, իսկ նրա բնակիչները՝ Գոմորի պես»։ 15Սրա համար Զորությունների Տերը մարգարեների մասին այսպես է ասում. «Ահա ես նրանց օշինդր պիտի ուտեցնեմ և նրանց դառը ջուր պիտի խմեցնեմ, որովհետև Երուսաղեմի մարգարեներից ամբողջ երկրի մեջ անաստվածություն#23.15 Բռց. ապականություն։ տարածվեց»։
16Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՛ լսեք ձեզ մարգարեացող մարգարեների խոսքերը. նրանք ձեզ խաբում են, նրանք իրենց մտքի տեսիլքն են խոսում և ոչ թե Տիրոջ բերանից։ 17Նրանք ասում ու ասում են ինձ անարգողներին. “Տերը խոսեց. ձեզ համար խաղաղություն է լինելու”, և իրենց սրտի կամակորությամբ բոլոր ընթացողներին ասում են. “Ձեզ վրա չարիք չի գալու”»։ 18Որովհետև իրենցից ո՞վ է կանգնել Տիրոջ խորհրդում և տեսել ու լսել նրա խոսքը, ո՞վ է ուշ դրել նրա խոսքին ու լսել։ 19Տիրոջ մրրիկն ահա զայրույթով դուրս եկավ, այո՛, սաստիկ պտտահողմը ամբարիշտների գլխին է պտտվելու։ 20Տիրոջ բարկությունը հետ չի դառնալու, մինչև չանի և չկատարի իր մտքի խորհուրդները. դա վերջին օրերին պարզ կհասկանաք։ 21«Ես այդ մարգարեներին չեմ ուղարկել, բայց իրենք վազեցին, ես նրանց հետ չեմ խոսել, բայց իրենք մարգարեացան։ 22Եվ եթե կանգնած լինեին իմ խորհրդում, այն ժամանակ ժողովրդին լսել կտային իմ խոսքերը և նրանց հետ կդարձնեին իրենց չար ճանապարհից և իրենց չար գործերից»։
23«Մի՞թե ես մոտիկից եմ Աստված,- ասում է Տերը,- իսկ հեռվից Աստված չե՞մ։ 24Մի մարդ կարո՞ղ է ծածուկ տեղեր թաքնվել, որ ես նրան չտեսնեմ,- ասում է Տերը.- չէ՞ որ երկինքն ու երկիրը լցնողը ես եմ,- ասում է Տերը։- 25Ես լսել եմ, ինչ որ ստություն մարգարեացող մարգարեներն ասում են իմ անունով՝ ասելով. “Երազ եմ տեսել, երազ եմ տեսել”։ 26Մինչև ե՞րբ այս բանը պիտի պատահի ստություն մարգարեացող մարգարեների սրտի մեջ. նրանք իրենց մտքի խաբեությունն են մարգարեանում։ 27Մտածում են, թե այն երազներով, որ միմյանց պատմում են, իմ ժողովրդին մոռանալ տան իմ անունը, ինչպես որ իրենց հայրերը մոռացան իմ անունը Բահաղի պատճառով։ 28Այն մարգարեն, որ երազ է տեսնում, թող երազ պատմի, և նա, որ իմ խոսքն ունի, թող հավատարմությամբ իմ խոսքը խոսի. “Հարդն ի՞նչ գործ ունի ցորենի հետ”,- ասում է Տերը։- 29Ահա իմ խոսքը կրակի նման է,- ասում է Տերը,- և մուրճի պես, որ փշրում է ապառաժը։ 30Ուստի ես ահա մարգարեների դեմ եմ,- ասում է Տերը,- որոնք իմ խոսքերն են գողանում իրարից։ 31Ահա ես այն մարգարեների դեմ եմ,- ասում է Տերը,- որոնք իրենց լեզուն են գործածում և մարգարեություն խոսում։ 32Ահա ես այն սուտ երազներ մարգարեացողների դեմ եմ,- ասում է Տերը,- որոնք պատմում են դրանք և իրենց ստություններով ու իրենց սնապարծությամբ մոլորեցնում իմ ժողովրդին։ Ես չեմ նրանց ուղարկել և նրանց չեմ հրամայել. նրանք ամենևին օգուտ չեն բերում այս ժողովրդին,- ասում է Տերը։-
Տիրոջ բեռը
33Եվ երբ այս ժողովուրդը կամ մարգարեն կամ քահանան քեզ հարցնի՝ ասելով. “Ի՞նչ է Տիրոջ բեռը”,#23.33 Եբր. մասսա, բեռ կամ մարգարեական խոսք՝ պատգամ է նշանակում։ այն ժամանակ դու նրանց ասա՛. “Ի՞նչ բեռ”։ “Եվ ես ձեզ պիտի թոթափեմ”,- ասում է Տերը։- 34Իսկ “Տիրոջ բեռ” ասող մարգարեին ու քահանային և ժողովրդին՝ այդպիսի մարդուն ու նրա տանը, ես պիտի պատժեմ։ 35Այսպե՛ս ասացեք, ամեն մարդ՝ իր ընկերոջը և ամեն մարդ՝ իր եղբորը. “Տերն ի՞նչ պատասխանեց” կամ “Տերն ի՞նչ ասաց”։ 36Եվ այլևս մի՛ հիշատակեք Տիրոջ բեռը, որովհետև ամեն մարդու համար իր խոսքն է բեռ դառնալու։ Եվ այլափոխում եք կենդանի Աստծու խոսքը, որ Զորությունների Տերն է՝ մեր Աստվածը։ 37Այսպե՛ս ասա մարգարեին. “Տերը քեզ ի՞նչ պատասխանեց” կամ “Տերն ի՞նչ ասաց”։ 38Բայց եթե “Տիրոջ բեռը” ասեք, ապա Տերն այսպես է ասում. “Որովհետև դուք ասում եք "Տիրոջ բեռը" խոսքը, թեև լուր ուղարկեցի ձեզ՝ ասելով. "Մի՛ ասեք "Տիրոջ բեռը", 39դրա համար ահա ես բոլորովին պիտի մոռանամ ձեզ և իմ աչքի առաջից պիտի հեռացնեմ ձեզ ու այն քաղաքը, որ տվել եմ ձեզ ու ձեր հայրերին։ 40Ես ձեզ վրա հավիտենական անարգանք և հավիտենական նախատինք պիտի դնեմ, որ չպիտի մոռացվի"”»։
Currently Selected:
ԵՐԵՄԻԱ 23: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018