YouVersion Logo
Search Icon

ԵՐԵՄԻԱ 14

14
Երաշտ
1Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիային երաշտի մասին։ 2Հուդան սուգ է անում, և նրա քաղաքները հյուծվում են, սև՝ մինչև գետին#14.2 Գետնին նստած սևազգեստ սգավորներ։, և բարձրանում է Երուսաղեմի աղաղակը։ 3Նրանց ազնվականներն իրենց ծառաներին ջրի են ուղարկում. նրանք գնում են ջրամբարների մոտ և ջուր չեն գտնում, վերադառնում են դատարկ անոթներով, ամաչում են ու նվաստանում և ծածկում են իրենց գլուխները։ 4Երկրի վրա անձրև չլինելու պատճառով հողը ճաքճքել է, երկրագործներն ամոթահար ծածկում են իրենց գլուխները։ 5Նույնիսկ եղնիկն էլ դաշտում ծնում է և լքում իր ձագին, որովհետև խոտ չկա։ 6Վայրի էշերն էլ կանգնում են լերկ բլուրների վրա, շնագայլերի պես ծծում են օդը. նրանց աչքերը նվաղել են, որովհետև խոտ չկա։ 7Թեև մեր անօրենությունները մեր դեմ են վկայում, ո՛վ Տեր, դու արա՛ քո անվան համար. որովհետև մեր ուխտադրժությունները շատ են. քո դեմ մեղք ենք գործել։ 8Ո՛վ հույս Իսրայելի, նրա փրկի՛չ նեղության ժամանակ, ինչո՞ւ օտարականի պես ես դարձել երկրում և մի ճանապարհորդի պես, որ մտել է գիշերելու։ 9Ինչո՞ւ ես շշմած մարդու պես, մի զորավորի պես, որ փրկել չի կարող։ Սակայն դու մեր մեջ ես, ո՛վ Տեր, մենք կոչված ենք քո անունով. մեզ մի՛ թող։
10Այսպես է ասում Տերն այս ժողովրդի մասին. «Որովհետև նրանք թափառելը սիրեցին, իրենց ոտքերը չզսպեցին և Տիրոջը հաճելի չեղան, ուստի նրանց անօրենությունները պիտի հիշի և պատժի նրանց մեղքերը»։ 11Եվ Տերն ինձ ասաց. «Այս ժողովրդի բարօրության համար մի՛ աղոթիր։ 12Եթե նրանք ծոմ պահեն, ես չեմ լսի նրանց աղաղակը, և եթե նրանք ողջակեզ կամ հացի ընծա մատուցեն, ես չեմ հավանի, այլ սրով, սովով և ժանտախտով պիտի սպառեմ նրանց»։ 13Եվ ես ասացի. «Ավա՜ղ, Տե՛ր Աստված, ահա մարգարեներն ասում են նրանց. “Սուր չպիտի տեսնեք, և ձեզ սով չի լինելու. այս տեղում ճշմարիտ խաղաղություն պիտի տամ ձեզ”»։ 14Եվ Տերն ինձ ասաց. «Մարգարեներն իմ անունով ստություն են մարգարեանում. նրանց ես չեմ ուղարկել և նրանց չեմ հրամայել և նրանց հետ չեմ խոսել. նրանք ձեզ համար մարգարեանում են սուտ տեսիլքներ և սնոտի գուշակություն, իրենց մտքի խաբեությունները»։ 15Ուստի Տերն այսպես է ասում այդ մարգարեների համար. «Նրանք մարգարեանում են իմ անունով, թեև նրանց ես չեմ ուղարկել, և նրանք, որ ասում են. “Սուր և սով չի լինելու այս երկրում”, այդ մարգարեները սրով ու սովով պիտի ոչնչանան»։ 16Եվ այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարեանում են Երուսաղեմի փողոցներում, սովի և սրի պատճառով պիտի ընկնի, և թաղող չպիտի ունենան. իրենք, իրենց կանայք, նաև իրենց որդիներն ու դուստրերը։ Նրանց վրա իրենց չարությունը պիտի թափեմ։
17Նրանց այս խո՛սքն ասա. «Թող իմ աչքերը գիշեր ու ցերեկ արտասուք թափեն և բնավ չդադարեն, որովհետև խոր վերքով վիրավորեց, և մի անդարմանելի վերքով հարվածվել է իմ ժողովրդի կույս դուստրը։ 18Եթե դաշտ եմ դուրս գալիս, ահա սրով սպանվածներ են, և եթե քաղաք եմ մտնում, ահա սովից հիվանդները. որովհետև թե՛ մարգարեն, թե՛ քահանան շրջում են երկրում և գիտություն չունեն»։
Ժողովուրդը պաղատում է Աստծուն
19Մի՞թե բոլորովին մերժել ես Հուդային, կամ Սիոնից զզվե՞լ է քո հոգին, ինչո՞ւ մեզ այնպես հարվածեցիր, որ մեզ համար դարման չկա. խաղաղություն ակնկալեցինք, բայց բարիք չկար, բժշկության ժամանակին սպասեցինք, բայց ահա՝ սարսափ։ 20Ո՛վ Տեր, մենք գիտենք մեր ամբարշտությունը՝ մեր հայրերի անօրինությունը, որովհետև մեղանչել ենք քո դեմ։ 21Քո անվան համար մի՛ արհամարհիր մեզ, մի՛ անպատվիր քո փառավոր գահը, հիշի՛ր քո ուխտը և այն մի՛ խզիր։ 22Մի՞թե ազգերի ունայնությունների մեջ անձրև տվող կա, կամ թե անձրևները երկի՞նքն է տալիս. չէ՞ որ տվողը դու ես, ո՛վ Տեր՝ մեր Աստվածը, և մենք հույս ենք դնում քեզ վրա, դու ես անում այս բոլոր բաները։

Currently Selected:

ԵՐԵՄԻԱ 14: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy