YouVersion Logo
Search Icon

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11

11
Հեփթայե
1Գաղաադացի Հեփթայեն հզոր ու զորավոր մարդ էր. նա պոռնիկ մի կնոջ զավակ էր, և Հեփթայեի հայրը Գաղաադն էր։ 2Գաղաադի կինը նրա համար զավակներ ծնեց, և երբ այդ կնոջ զավակները մեծացան, Հեփթայեին հալածեցին և նրան ասացին. «Դու մեր հոր տան մեջ ժառանգություն չպիտի ունենաս, որովհետև դու մի օտար կնոջ զավակ ես»։ 3Հեփթայեն, իր եղբայրների երեսից փախչելով, բնակվեց Տոբի երկրում. և Հեփթայեի մոտ սրիկա մարդիկ էին հավաքվում և ման էին գալիս նրա հետ։
4Հետո՝ մի ժամանակ անց, Ամմոնի որդիները պատերազմ սկսեցին Իսրայելի դեմ։ 5Եվ երբ Ամմոնի որդիները պատերազմում էին Իսրայելի դեմ, Գաղաադի ծերերը գնացին, որ Հեփթայեին վերցնեն Տոբի երկրից։ 6Հեփթայեին ասացին. «Եկ մեզ համար զորապե՛տ դարձիր, որ մենք պատերազմենք Ամմոնի որդիների դեմ»։ 7Հեփթայեն Գաղաադի ծերերին ասաց. «Չէ՞ որ դուք ինձ ատեցիք և ինձ հալածեցիք իմ հոր տնից. հիմա ինչո՞ւ եք եկել ինձ մոտ, երբ նեղության մեջ եք»։ 8Գաղաադի ծերերը Հեփթայեին ասացին. «Հիմա նրա համար ենք քեզ դիմել, որ մեզ հետ գնաս և Ամմոնի որդիների դեմ պատերազմես և մեզ՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս գլուխ լինես»։ 9Եվ Հեփթայեն Գաղաադի ծերերին ասաց. «Եթե դուք ինձ վերադարձնեք Ամմոնի որդիների դեմ պատերազմելու համար, և Տերը նրանց իմ ձեռքը մատնի, ես գլուխ կլինե՞մ ձեզ համար»։ 10Գաղաադի ծերերը Հեփթայեին ասացին. «Թող Տերը վկա լինի մեր մեջ, եթե ասածիդ պես չանենք»։ 11Հեփթայեն Գաղաադի ծերերի հետ գնաց, և ժողովուրդը նրան իր վրա գլուխ և զորապետ դրեց. և Հեփթայեն Մասփայում Տիրոջ առաջ խոսեց իր բոլոր խոսքերը։
12Հեփթայեն Ամմոնի որդիների թագավորի մոտ պատգամավորներ ուղարկեց՝ ասելով. «Դու ինձ հետ ի՞նչ բան ունես, որ եկել ես ինձ մոտ՝ իմ երկրում պատերազմելու»։ 13Ամմոնի որդիների թագավորը Հեփթայեի պատգամավորներին ասաց. «Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելը Առնոնից մինչև Հաբոկ և մինչև Հորդանան վերցրել է իմ երկիրը. հիմա խաղաղությամբ վերադարձրո՛ւ այն»։ 14Հեփթայեն Ամմոնի որդիների թագավորի մոտ կրկին պատգամավորներ ուղարկեց։ 15Եվ նրան ասաց. «Հեփթայեն այսպես է ասում. “Իսրայելը չի վերցրել Մովաբի երկիրը և Ամմոնի որդիների երկիրը, 16որովհետև Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելը մինչև Կարմիր ծովը գնաց անապատով և եկավ Կադես։ 17Եվ Իսրայելը դեսպաններ ուղարկեց Եդովմի թագավորի մոտ՝ ասելով. "Աղաչում եմ, թող անցնեմ քո երկրով". բայց Եդովմի թագավորը չլսեց։ Մովաբի թագավորի մոտ էլ դեսպաններ ուղարկեց, բայց նա էլ չթողեց, և Իսրայելը մնաց Կադեսի մեջ։ 18Եվ անապատով գնաց, Եդովմի երկրով ու Մովաբի երկրով պտույտ տվեց և գնալով Մովաբի երկրի արևելյան կողմից՝ բանակ դրեց Առնոնի այն կողմում, բայց չմտավ Մովաբի սահմանը, որովհետև Մովաբի սահմանն Առնոնն էր։ 19Եվ Իսրայելը դեսպաններ ուղարկեց ամորհացիների Սեհոն թագավորի մոտ (որ Եսեբոնի թագավորն էր) և Իսրայելը նրան ասաց. "Աղաչում եմ, թող անցնեմ քո երկրով, մինչև գնամ իմ տեղը"։ 20Բայց Սեհոնն Իսրայելին հավատ չընծայեց, որ նա անցներ իր սահմանով. և Սեհոնն իր ամբողջ ժողովրդին հավաքեց ու բանակ դրեց Հասսայի մեջ, և նա պատերազմեց Իսրայելի դեմ։ 21Եվ Իսրայելի Տեր Աստվածը Սեհոնին ու նրա ամբողջ ժողովրդին Իսրայելի ձեռքը մատնեց, և նրանց ջարդեցին, և Իսրայելն այդ երկրում բնակվող ամորհացիների ամբողջ երկիրը վերցրեց։ 22Եվ ժառանգեցին ամորհացիների բոլոր սահմանները՝ Առնոնից մինչև Հաբոկ և անապատից մինչև Հորդանան։ 23Եվ հիմա, երբ Տերը՝ Իսրայելի Աստվածն է ամորհացիներին Իսրայելի՝ իր ժողովրդի առաջից հալածել, դո՞ւ պիտի ժառանգես այն։ 24Չէ՞ որ դու ժառանգում ես քո աստծու՝ Քամովսի քեզ տված ժառանգությունը, մենք էլ ժառանգում ենք մեր Տեր Աստծու մեր առաջից հալածածը։ 25Եվ հիմա դու Մովաբի թագավորից՝ Սեպփորի որդի Բաղակից ավելի լա՞վ ես. մի՞թե նա վիճեց Իսրայելի հետ և կամ պատերազմե՞ց նրանց դեմ։ 26Երեք հարյուր տարի է, որ Իսրայելը բնակվում է Եսեբոնում ու նրա գյուղերում, Արոերում ու նրա գյուղերում և Առնոնի եզերքին գտնվող բոլոր քաղաքներում. և ինչո՞ւ այդքան ժամանակ չազատեցիք։ 27Ես քո դեմ հանցանք չեմ գործել, և դու, պատերազմելով իմ դեմ, չարիք ես անում ինձ. Իսրայելի որդիների և Ամմոնի որդիների միջև այսօր դատավոր եղող Տերը թող դատաստան անի”»։ 28Բայց Ամմոնի որդիների թագավորը Հեփթայեի ուղարկած խոսքերը չլսեց։
29Եվ Տիրոջ Հոգին իջավ Հեփթայեի վրա. և նա անցավ Գաղաադից ու Մանասեից, Գաղաադի Մասփայից էլ անցավ և Գաղաադի Մասփայից գնաց Ամմոնի որդիների դեմ։ 30Եվ Հեփթայեն Տիրոջն ուխտ արեց և ասաց. «Եթե Ամմոնի որդիներին ամբողջովին իմ ձեռքը մատնես, 31և ես խաղաղությամբ վերադառնամ Ամմոնի որդիներից, այն ժամանակ իմ տան դռնից ինձ դիմավորելու դուրս եկողը թող Տիրոջը լինի, և նրան ողջակեզ մատուցեմ»։ 32Եվ Հեփթայեն գնաց Ամմոնի որդիների վրա՝ նրանց դեմ պատերազմելու, և Տերը նրանց մատնեց նրա ձեռքը։ 33Նա սաստիկ կոտորածով ջարդեց նրանց Արոերից մինչև Մեննիթ՝ քսան քաղաք, և մինչև Աբել-Քերամիմ. և Ամմոնի որդիները նվաճվեցին Իսրայելի որդիների առջև։
Հեփթայեի աղջիկը
34Հեփթայեն եկավ Մասփա՝ իր տուն, և ահա նրա աղջիկը թմբուկներով ու պարերով դուրս էր գալիս նրան դիմավորելու. նա նրա միակ զավակն էր, և նրանից բացի տղա կամ աղջիկ չուներ։ 35Երբ նրան տեսավ, իր հանդերձանքը պատռեց և ասաց. «Ո՜հ, աղջի՛կս, դու խորտակեցիր ինձ և փորձանքի մեջ գցեցիր դու ինձ, որովհետև ես բերանս բացել, խոսք եմ տվել Տիրոջը և չեմ կարող ետ դարձնել»։ 36Աղջիկը նրան ասաց. «Հա՛յր իմ, քո բերանով խոսք ես տվել Տիրոջը. ինձ հետ արա՛ այն, ինչ դուրս է եկել քո բերանից, քանի որ Տերը վրեժխնդիր եղավ քեզ համար քո թշնամիներից՝ Ամմոնի որդիներից»։ 37Եվ իր հորն ասաց. «Միայն թե այս բանն արա՛ ինձ համար. ինձ երկու ամիս թո՛ւյլ տուր, որ ելնեմ սարերն ու իջնեմ և իմ ընկերներով լաց լինեմ իմ կուսության համար»։ 38Եվ նա ասաց՝ գնա՛. նրան երկու ամիս թույլ տվեց, և նա իր ընկերներով գնաց ու սարերի վրա լաց եղավ իր կուսության համար։ 39Երկու ամիսը լրանալուց հետո վերադարձավ իր հոր մոտ, և հայրը կատարեց նրա մասին արած իր ուխտը. և աղջիկը տղամարդ չճանաչեց։ 40Եվ Իսրայելում սովորություն դարձավ, որ ժամանակ առ ժամանակ Իսրայելի աղջիկները գնան և տարին չորս օր լաց լինեն գաղաադացի Հեփթայեի աղջկա համար։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11