YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 65

65
Աստծու պատիժը ապստամբներին
1Ես փնտրվեցի նրանցից, որոնք ինձ չէին հարցնում, ես գտնվեցի նրանցից, որոնք չէին փնտրում ինձ, և ես «Ահա ես, ահա ես» ասացի այն ազգին, որն իմ անունը չէր կանչել։ 2Ամբողջ օրը ես իմ ձեռքերը տարածեցի մի ապստամբ ժողովրդի վրա, որ գնում է իր խորհուրդների հետևից այնպիսի ճանապարհով, որ լավ չէ. 3այնպիսի ժողովրդի վրա, որ ինձ միշտ զայրացնում է իմ դիմաց, որ զոհեր է մատուցում պարտեզներում և խունկ ծխում աղյուսների վրա. 4որոնք գերեզմաններում են բնակվում և գիշերը գաղտուկ տեղերում են անցկացնում. նրանք խոզի միս են ուտում, և նրանց ամանների մեջ անմաքուր բաների արգանակ կա։ 5Նրանք ասում են. «Հեռո՛ւ մնա, ինձ մի՛ մոտենա, որովհետև ես քեզնից սուրբ եմ»։ Այս բաները ծուխ են իմ ռունգերի մեջ, այրվող կրակ են ամբողջ օրը։ 6Ահա գրված է իմ առջև. «Չպիտի լռեմ, այլ պիտի հատուցեմ, այո՛, նրանց ծոցում պիտի հատուցեմ 7նրանց անօրենություններն ու նրանց հայրերի անօրենությունները միասին,- ասում է Տերը,- որոնք խունկ ծխեցին լեռների վրա և ինձ նախատեցին բլուրների վրա. ես նրանց առաջ իրենց նախկին արարքների համար լիովին վարձահատույց կլինեմ իրենց ծոցում»։
8Այսպես է ասում Տերը. «Ինչպես որ մի ողկույզի մեջ երբ գինի է գտնվում, ասում են. “Մի՛ փչացրու դա, որովհետև օրհնություն կա դրա մեջ”, այդպես էլ ես եմ անելու հանուն իմ ծառաների, որպեսզի չկոտորեմ բոլորին։ 9Հակոբից ես սերունդ պիտի հանեմ և Հուդայից՝ իմ լեռների ժառանգորդներ. իմ ընտրյալները պիտի ժառանգեն դա, և իմ ծառաները պիտի բնակվեն այնտեղ։ 10Սարոնը հոտերի արոտավայր պիտի լինի, և Աքորի ձորը՝ արջառների մակաղատեղ իմ ժողովրդի համար, որը փնտրել է ինձ։ 11Բայց դուք, որ լքել եք Տիրոջը, մոռացել եք իմ սուրբ լեռը, Բախտի#65.11 Եբր. Գադ։ առաջ սեղան եք պատրաստում և Ճակատագրի#65.11 Եբր. Մեն։ համար խառնված խմիչք եք լցնում բաժակի մեջ։ 12Ես ձեզ սրի կմատնեմ. դուք բոլորդ կխոնարհվեք մորթվելու համար, որովհետև կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք, խոսեցի, բայց դուք չլսեցիք, արեցիք այն, ինչն իմ աչքին չար էր, և ընտրեցիք այն, ինչը հաճելի չէր»։ 13Դրա համար Տեր Աստված այսպես է ասում. «Ահա իմ ծառաները պիտի ուտեն, իսկ դուք քաղցած պիտի մնաք, ահա իմ ծառաները պիտի խմեն, իսկ դուք ծարավ պիտի մնաք, ահա իմ ծառաները պիտի ուրախանան, իսկ դուք պիտի ամաչեք, 14ահա իմ ծառաները պիտի երգեն սրտի ուրախությունից, իսկ դուք պիտի գոռաք հոգու ցավից ու պիտի ոռնաք սրտաբեկությունից։ 15Ձեր անունը որպես անեծք պիտի թողնեք իմ ընտրյալների համար։ Տեր Աստված կմեռցնի քեզ, իսկ իր ծառաներին այլ անուն պիտի տա, 16որպեսզի երկրի վրա օրհնվողը օրհնվի ճշմարիտ Աստծով, և երկրի վրա երդում անողը երդում անի ճշմարիտ Աստծով, որովհետև առաջվա նեղությունները մոռացվել են, և դրանք ծածկված են իմ աչքից։
Նոր արարչություն
17Ահա ես ստեղծում եմ նոր երկինք և նոր երկիր, նախկին բաները չպիտի հիշվեն և մտաբերվեն։ 18Իսկ դուք հավիտյան ուրախացե՛ք ու բերկրե՛ք նրանով, ինչ ես ստեղծելու եմ։ Քանզի ահա ես ստեղծում եմ Երուսաղեմն իբրև բերկրանք և նրա ժողովրդին՝ իբրև ուրախություն։ 19Ես պիտի ցնծամ Երուսաղեմով և ուրախանամ իմ ժողովրդով. նրա մեջ այլևս լացի ձայն չպիտի լսվի և ոչ էլ ողբի ձայն։ 20Այնտեղ այլևս չպիտի լինի ընդամենը մի քանի օր ապրած մանուկ և ոչ էլ իր օրերը չլրացրած ծեր, որովհետև հարյուր տարեկանում մեռնողը երիտասարդ կհամարվի, հարյուր տարին չլրացրածն անիծյալ կհամարվի։ 21Նրանք տներ պիտի կառուցեն և իրե՛նք պիտի նրանցում բնակվեն, այգիներ պիտի տնկեն և դրանց պտուղն իրե՛նք պիտի ուտեն։ 22Նրանք չեն կառուցելու, որ ուրիշը բնակվի, նրանք չեն տնկելու, որ ուրիշն ուտի, որովհետև իմ ժողովրդի օրերը ծառերի օրերի չափ պիտի լինեն, և իմ ընտրյալներն իրե՛նք պիտի վայելեն իրենց ձեռքերի գործը։ 23Նրանք զուր տեղը չպիտի վաստակեն և զավակներ չպիտի ծնեն թշվառության համար, որովհետև նրանք Տիրոջ օրհնյալների սերունդը պիտի լինեն, և նրանց երանքից ծնվածներն էլ՝ նրանց հետ։ 24Այնպես պիտի լինի, որ նրանք դեռ չկանչած՝ պիտի պատասխանեմ, և նրանք խոսելուց դեռ չդադարած՝ պիտի լսեմ։ 25Գայլն ու գառը միասին պիտի արածեն, առյուծը խոտ պիտի ուտի արջառի նման, և օձի կերակուրը հող պիտի լինի։ Չպիտի վնասեն և չպիտի փչացնեն իմ ամբողջ սուրբ լեռան վրա»,- ասում է Տերը։

Currently Selected:

ԵՍԱՅԻ 65: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in