YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 28

28
Ազդարարություն Հյուսիսային թագավորությանը
1Ավա՜ղ Եփրեմի հարբեցողների հպարտության պսակին և նրա գեղազարդ շքեղության թառամող ծաղկին, որը գինեմոլների փարթամ հովտի գագաթին է։ 2Ահա Տերն ունի ուժեղ և զորավոր մեկին. կարկուտի փոթորկի նման, մի կործանարար մրրիկ, որ հորդառատ ջրերի հեղեղի պես ուժգնորեն իր ձեռքով թափելու է երկրի վրա։ 3Ոտնակոխ է արվելու Եփրեմի հարբեցողների հպարտ պսակը։ 4Եվ նրա գեղազարդ շքեղության թառամող ծաղիկը, որը փարթամ հովտի գագաթին է, կլինի հնձից առաջ վաղահաս թզի պես, որը երբ մեկը տեսնում է, հազիվ ձեռքն առած՝ իսկույն կուլ է տալիս։ 5Այն օրը Զորությունների Տերն իր ժողովրդի մնացորդի համար պիտի լինի գեղազարդ թագ և շքեղ պսակ, 6իրավունքի հոգի նրա համար, ով դատելու է նստում, և ուժ նրանց համար, որոնք պատերազմը հետ են մղում քաղաքի դարպասից։
Եսային և Հուդայի գինով մարգարեները
7Սրանք էլ տատանվում են գինիով, սրանք էլ խոտորվում են օղիով. քահանան և մարգարեն մոլորված են օղիով, կուլ են գնացել գինուն, խոտորվել են օղիով։ Սրանք մոլորվում են տեսիլքների մեջ, սայթաքում են վճիռ արձակելիս, 8որովհետև բոլոր սեղանները լի են փսխունքով, այլևս կեղտից զերծ տեղ չի մնացել։
9«Ո՞ւմ է նա գիտություն սովորեցնում և ո՞ւմ պատգամ հասկացնում՝ կաթից կտրվածների՞ն, կրծքից վերցվածների՞ն, 10որ հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա, լար լարի վրա, լար լարի վրա. մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ»#28.10 Մարգարեին ամբաստանում էին անհասկանալի և անըմբռնելի խոսքերի համար։։ 11Հիրավի, Տերը թոթովախոս շուրթերով և օտար լեզվով խոսող մարդկանց միջոցով պիտի խոսի այս ժողովրդի հետ, 12որին ասաց. «Սա է հանգստությունը. դրանով հանգստացրե՛ք ձեր խոնջացածին, սա է ձեր հանգչելու տեղը»։ Բայց նրանք չուզեցին լսել։ 13Ուստի նրանց լինելու է Տիրոջ խոսքը. «Հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա, լար լարի վրա, լար լարի վրա. մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ», որպեսզի գնան և մեջքի վրա ընկնեն ու ջարդվեն, որոգայթի մեջ ընկնեն ու բռնվեն։
Անկյունաքար Սիոնի համար
14Դրա համար լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ ծաղրող մարդիկ, դուք, որ իշխում եք այս ժողովրդին Երուսաղեմում, 15որովհետև դուք ասացիք. «Մենք ուխտ ենք արել մահվան հետ, դաշինք ենք կապել “մեռելների աշխարհի” հետ. երբ մոլեգին պատուհասն անցնի, մեզ չի հասնի, որովհետև մենք սուտը մեր պատսպարանը դարձրինք և խաբեության մեջ ենք թաքնված»։ 16Դրա համար այսպես է ասում Տեր Աստվածը. «Ահա ես Սիոնում մի վեմ եմ դնում, փորձված մի վեմ, պատվական մի անկյունաքար հաստատուն հիմքով. ով հավատա նրան, խուճապի չպիտի մատնվի։ 17Ես իրավունքը լարաչափ և արդարությունը հարթաչափ պիտի դարձնեմ»։ Կարկուտը պիտի քշի ստության պատսպարանը, և թաքստոցը ջրերը պիտի ողողեն։ 18Մահվան հետ ձեր ուխտը պիտի ջնջվի, և «մեռելների աշխարհի» հետ ձեր կապած դաշինքը չպիտի հաստատվի։ Եվ երբ մոլեգին պատուհասն անցնի, դուք դրանից ոտնատակ պիտի գնաք։ 19Ամեն անգամ, որ անցնի, պիտի քշի տանի ձեզ, որովհետև այն անցնելու է ամեն առավոտ, ցերեկ ու գիշեր։ Եվ պատգամը հասկանալը պարզապես սոսկալի է լինելու, 20որովհետև «անկողինը կարճ է նրա վրա փռվելու համար, և ծածկոցը նեղ է փաթաթվելու համար»։ 21Քանզի Տերը կանգնելու է, ինչպես Փարասին լեռան վրա, և բորբոքված բարկանալու է, ինչպես Գաբավոնի ձորում էր, որպեսզի կատարի իր գործը. օտարոտի է նրա գործը. կատարի իր պաշտոնը, իր արտասովոր պաշտոնը։ 22Եվ հիմա ծաղրողներ մի՛ եղեք, որ ձեր կապերն ավելի չամրանան, որովհետև կործանման վճիռ եմ լսել ամբողջ երկրի վրա Զորությունների Տեր Աստծու կողմից։
Աստծու իմաստությունը
23Ակա՛նջ դրեք և լսե՛ք իմ ձայնը, ո՛ւշ դրեք և լսե՛ք իմ խոսքը։ 24Մի՞թե ցանելու համար հերկողն ամեն օր հերկում է և բացում, տափանում է իր արտը. 25չէ՞ որ դրա մակերեսը հարթելուց հետո է ցրիվ տալիս արջնդեղը, ցանում չամանը, կարգով դնում ցորենը, գարին՝ իր որոշված տեղը և հաճարը՝ սահմանագծին։ 26Նրա Աստվածը կրթել է նրան ուղղամտությամբ և ուսուցանել է նրան, 27որովհետև արջնդեղը կամնասայլով չի ծեծվի, և սայլի անիվը չամանի վրա չեն պտտեցնի. արջնդեղը թակվում է գավազանով, իսկ չամանը՝ մահակով։ 28Հացահատիկը մանրացնում են, սակայն այն անդադար չեն կալսում. սայլի անիվը այն չի փշրում, և ձիերը այն չեն մանրացնում։ 29Սա նույնպես գալիս է Զորությունների Տիրոջից, որի խորհուրդը սքանչելի է, հանճարը՝ գերազանց։

Currently Selected:

ԵՍԱՅԻ 28: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in