ԵՍԱՅԻ 16
16
Մովաբի անհույս վիճակը
1Սելայից անապատի ճանապարհով դեպի Սիոնի դստեր լեռը գառնե՛ր ուղարկեք երկրի տիրակալին։ 2Բնից վտարված թպրտացող թափառական թռչնի նման այնպիսին պիտի լինեն Մովաբի աղջիկներն Առնոնի անցքերում։ 3Խորհո՛ւրդ տուր, դատաստա՛ն արա, տարածի՛ր քո հովանին գիշերվա նման՝ օրվա կեսին, թաքցրո՛ւ աքսորյալներին, փախստականներին մի՛ բացահայտիր։ 4Մովաբի աքսորյալները թող պանդխտեն քեզ մոտ. դու նրանց համար ապաստա՛ն եղիր կործանողի դեմ. բռնությունը կդադարի, ավերողը վերջ կգտնի, երկիրը ոտքի կոխան անողները կվերանան երկրից։ 5Մի աթոռ պիտի հաստատվի ողորմածությամբ, և նրա վրա՝ Դավթի վրանում, ճշմարտությամբ պիտի բազմի մի դատավոր, որ հետամուտ պիտի լինի իրավունքին և շուտով արդարություն պիտի գործադրի։
6Մենք լսեցինք Մովաբի ամբարտավանության մասին. նա խիստ ամբարտավան է. նրա գոռոզությունը, ամբարտավանությունը և հոխորտանքը անհիմն դատարկություն են։ 7Դրա համար Մովաբը թող ողբա. բոլորը թող ողբան Մովաբի վրա։ Սգացե՛ք և հեծեծե՛ք Կիր-հարեսեթի#16.7 Երգ 2.5։ մարդկանց համար, 8քանզի Եսեբոնի դաշտերը չորացան, Սիբմահի որթատունկերը՝ նույնպես. ազգերի տիրակալները կտրատեցին ընտիր ճյուղերը, որոնք հասնում էին մինչև Հազեր, տարածվում էին դեպի անապատը, նրա շառավիղները ձգվում անցնում էին ծովից այն կողմ։ 9Դրա համար Հազերի լացով լաց եմ լինելու Սեբամայի որթատունկի համար, աչքերիս արտասուքով ոռոգելու եմ ձեզ, ո՛վ Եսեբոն ու Եղեաղե, որովհետև դադարեց ձեր հնձի և այգեկութի աղաղակը։ 10Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանան#16.10 Բռց. հավաքվեն։ բարեբեր արտերից, այգիներում չի լինելու ո՛չ ցնծություն, ո՛չ երգ, և հնձաններում գինի կոխոտողն այլևս չպիտի կոխոտի։ Ես դադարեցրի աղաղակը։ 11Ահա թե ինչու իմ սիրտը#16.11 Ընդերքը կամ աղիքներս։ քնարի նման հեծեծում է Մովաբի վրա, և իմ հոգին՝#16.11 Իմ ներսը։ Կիր-հարեսեթի վրա։ 12Պիտի երևա, թե ինչպե՛ս Մովաբը հոգնում է բարձր տեղի վրա, երբ մտնում է իր սրբարանն աղոթելու, բայց ոչինչ չի ունենալու։
13Սա է այն խոսքը, որ Տերը վաղուց ասել է Մովաբի մասին։ 14Բայց այժմ Տերը խոսում է և ասում. «Երեք տարում, վարձկանի տարիների նման, պիտի անարգվի Մովաբի փառքն իր ամբողջ մեծ բազմությամբ, իսկ մնացորդը փոքրաթիվ, անզոր պիտի լինի»։
Currently Selected:
ԵՍԱՅԻ 16: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018