YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 35

35
Աստված օրհնում է Հակոբին
1Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, բարձրացի՛ր դեպի Բեթել և այնտե՛ղ բնակվիր և այնտեղ մի զոհասեղա՛ն շինիր Աստծուն, որ երևաց քեզ քո եղբայր Եսավից փախչելու ժամանակ»։ 2Հակոբն ասաց իր ընտանիքին և իր հետ եղող բոլորին. «Հեռացրե՛ք ձեր մեջ եղած օտար աստվածները, մաքրվե՛ք և փոխե՛ք ձեր հանդերձները։ 3Վեր կենանք բարձրանանք դեպի Բեթել, որպեսզի այնտեղ զոհասեղան շինեմ այն Աստծուն, որը լսեց ինձ իմ նեղության օրը և ինձ հետ էր իմ ճանապարհորդության ժամանակ»։ 4Եվ Հակոբին տվեցին իրենց ձեռքին եղած բոլոր օտար աստվածները և իրենց ականջօղերը։ Հակոբը դրանք թաղեց Սյուքեմի մոտ գտնվող կաղնու տակ։ 5Ճանապարհ ընկան, և Աստծու երկյուղը պատեց իրենց շուրջը եղած քաղաքները, և բնակիչները չհետապնդեցին Հակոբի որդիներին։ 6Հակոբը և նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը եկան Լուզ, այսինքն՝ Բեթել, որ Քանանի երկրում է։ 7Այնտեղ մի զոհասեղան շինեց և այդ տեղը կոչեց Էլ-Բեթել,#35.7 Բեթելի Աստվածը։ որովհետև այդտեղ էր Աստված երևացել իրեն, երբ որ փախչում էր իր եղբորից։
8Ռեբեկայի դայակ Դեբորան մեռավ և թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ, որին տրվեց Ալոն-Բախութ#35.8 Սգի կաղնի։ անունը։
9Աստված դարձյալ երևաց Հակոբին, երբ նա վերադառնում էր Միջագետքից, և օրհնեց նրան։ 10Աստված նրան ասաց. «Քո անունը Հակոբ է. դու այլևս Հակոբ չես կոչվելու, այլ Իսրայել կլինի քո անունը»։ Եվ նրա անունը դրեց Իսրայել։ 11Աստված ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը. աճի՛ր և բազմացի՛ր. թող քեզնից ազգ և ազգերի բազմություններ լինեն, թագավորներ դուրս գան քո երանքից։ 12Այն երկիրը, որ տվեցի Աբրահամին և Իսահակին, քեզ եմ տալու և քեզանից հետո քո սերնդին եմ տալու այդ երկիրը»։ 13Եվ Աստված բարձրացավ նրանից, այն տեղից, որտեղ խոսել էր նրա հետ։ 14Հակոբը մի հուշարձան կանգնեցրեց այն տեղում, որտեղ Աստված խոսել էր նրա հետ, քարե մի հուշարձան, և նրա վրա թափելու նվեր տվեց ու յուղ թափեց նրա վրա։ 15Հակոբն այն տեղի անունը, որտեղ Աստված խոսել էր իր հետ, Բեթել դրեց։
Ռաքելի մահը
16Եվ Բեթելից ճանապարհվեցին։ Դեռ մի քիչ ճանապարհ կար մինչև Եփրաթա, որտեղ Ռաքելը ծննդաբերեց։ Ծննդաբերելիս շատ դժվարություն քաշեց։ 17Երբ ծննդաբերելիս շատ դժվարություն էր քաշում, մանկաբարձուհին ասաց նրան. «Մի՛ վախեցիր, որովհետև սա էլ քեզ համար տղա է»։ 18Եվ երբ նրա հոգին դուրս էր գալիս (քանի որ մեռնում էր), նրա անունը դրեց Բենոնի#35.18 Ցավի որդի։, բայց նրա հայրը Բենիամին#35.18 Աջ ձեռքի որդի։ Կամ հարավի զավակ։ կոչեց նրան։ 19Ռաքելը մեռավ և թաղվեց Եփրաթայի ճանապարհին, որ Բեթլեհեմն է։ 20Հակոբը նրա գերեզմանի վրա մի արձան կանգնեցրեց, որը մինչև այսօր Ռաքելի գերեզմանի արձանն է։
21Իսրայելը ճանապարհվեց և իր վրանը խփեց Միգդալ-Եդերից#35.21 Հոտի աշտարակ։ այն կողմ։ 22Երբ Իսրայելը բնակվում էր այդ երկրում, Ռուբենը գնաց և պառկեց իր հոր հարճի՝ Բաղղայի հետ, և Իսրայելը լսեց այդ։
Հակոբի որդիները տասներկուսն էին։
Հակոբի զավակները
(Ա Մն. 2.1-2)
23Լիայի որդիները՝ Ռուբեն՝ Հակոբի անդրանիկը, Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար և Զաբուղոն։ 24Ռաքելի որդիները՝ Հովսեփ և Բենիամին։ 25Ռաքելի աղախին Բաղղայի որդիները՝ Դան և Նեփթաղիմ։ 26Լիայի աղախին Զեղփայի որդիները՝ Գադ և Ասեր։ Սրանք են Հակոբի որդիները, որոնք ծնվեցին նրա համար Միջագետքում։
Իսահակի մահը
27Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե Արբայի քաղաքը, այսինքն՝ Քեբրոն, որտեղ պանդխտության մեջ ապրել էին Աբրահամն ու Իսահակը։ 28Իսահակն ապրեց հարյուր ութսուն տարի։ 29Իսահակը ծերացած և օրերից հագեցած հոգին ավանդեց ու մեռավ և միացավ իր ժողովրդին։ Նրա որդիները՝ Եսավն ու Հակոբը, թաղեցին նրան։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 35: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in