ԾՆՆԴՈՑ 25
25
Աբրահամի մյուս սերունդները
(Ա Մն. 1.32-33)
1Աբրահամը դարձյալ կին առավ։ Նրա անունը Քետուրա էր։ 2Սա նրա համար ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոնին և Սովեին։ 3Հեկսանը ծնեց Սաբային և Դեդանին։ Դեդանի որդիներն էին Ասուրիմը, Լատուսիմը և Լովոմիմը։ 4Մադիանի որդիներն էին Գեփան, Ափերը, Ենոքը, Աբիդան և Ելդագան։ Սրանք բոլորը Քետուրայի որդիներն էին։
5Աբրահամն իր ամբողջ ունեցվածքը տվեց Իսահակին, 6իսկ իր հարճերի որդիներին Աբրահամն ընծաներ տվեց և քանի դեռ կենդանի էր, նրանց իր որդի Իսահակի մոտից ուղարկեց դեպի արևելք՝ արևելյան երկիրը։
Աբրահամի մահն ու թաղումը
7Սրանք են Աբրահամի ապրած կյանքի տարիների օրերը, որ նա ապրեց. հարյուր յոթանասունհինգ տարի։ 8Աբրահամը, բարի ծերության մեջ, ալևորած և իր օրերից կշտացած, ավանդեց իր հոգին ու մեռավ և միացավ իր ժողովրդին։ 9Նրա որդիներ Իսահակն ու Իսմայելը թաղեցին նրան Մաքփելայի քարայրում՝ քետացի Սահառի որդի Եփրոնի արտում, որ գտնվում է Մամբրեի դիմաց. 10այն արտը, որ Աբրահամը ծախու էր առել Քետի որդիներից. այդտեղ թաղվեցին Աբրահամը և նրա կին Սառան։
11Աբրահամի մեռնելուց հետո Աստված օրհնեց նրա որդի Իսահակին։ Իսահակը բնակվում էր Լահայրոյի ջրհորի մոտ։
Իսմայելի սերունդը
12Սրանք են սերունդները Աբրահամի որդի Իսմայելի, որին ծնեց Սառայի աղախին եգիպտացի Հագարը Աբրահամի համար։ 13Իսմայելի որդիների անունները սրանք են՝ իրենց անուններով և իրենց ծնունդներով. Իսմայելի անդրանիկը՝ Նաբեոթ, հետո՝ Կեդար, Ադբեել, Մաբսամ, 14Մասմա, Դումա, Մասսե, 15Քոդադ, Թեմա, Հետուր, Նափես և Կեդմա։ 16Սրանք են Իսմայելի որդիները, և սրանք են նրանց անուններն ըստ իրենց վրանների և ըստ իրենց գյուղերի. որոնք իրենց ցեղերի տասներկու իշխաններն էին։ 17Սրանք են Իսմայելի ապրած կյանքի օրերը՝ հարյուր երեսունյոթ տարի։ Նա իր հոգին ավանդեց ու մեռավ և միացավ իր ժողովրդին։ 18Իսմայելացիները բնակվեցին Եվիլայից մինչև Սուր, որը Եգիպտոսի դիմաց է՝ Ասորեստան գնալու ճանապարհի վրա. իր բոլոր եղբայրների առջև բնակվեց։
Եսավի և Հակոբի ծնունդը
19Սրանք են Աբրահամի որդի Իսահակի սերունդները. Աբրահամը ծնեց Իսահակին։ 20Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Միջագետքից ասորի#25.20 Այսինքն՝ արամեացի։ Բաթուելի աղջկան՝ Ռեբեկային, որը ասորի Լաբանի քույրն էր։ 21Իսահակն աղաչեց Տիրոջը իր կնոջ համար, որն ամուլ էր։ Տերը լսեց նրա աղաչանքը, և նրա կին Ռեբեկան հղիացավ։ 22Եվ տղաները խաղում էին նրա արգանդում։ Եվ նա ասաց. «Եթե այսպես է, այս ինչո՞ւ եղավ ինձ»։ Եվ նա գնաց Տիրոջը հարցնելու։ 23Տերն ասաց նրան. «Երկու ազգեր կան քո արգանդում, և երկու ժողովուրդներ իրարից պիտի բաժանվեն քո որովայնից։ Եվ մի ժողովուրդն ավելի զորավոր կլինի մյուսից, և մեծը կծառայի փոքրին»։ 24Երբ հասան նրա ծննդաբերելու օրերը, նրա արգանդում ահա երկվորյակ էին։ 25Առաջինը դուրս ելավ կարմրագույն. ամբողջ մարմինը մազոտ վերարկուի պես էր, և նրա անունը Եսավ#25.25 Մազոտ։ դրեցին։ 26Նրանից հետո ելավ նրա եղբայրը՝ ձեռքով Եսավի գարշապարից բռնած։ Սրա անունը Հակոբ#25.26 Գարշապար բռնող, փոխաբերաբար՝ խաբեբա։ դրեցին։ Նրանց ծնվելու ժամանակ Իսահակը վաթսուն տարեկան էր։ 27Մանուկները մեծացան. Եսավը վարպետ որսորդ՝ դաշտի մարդ եղավ, իսկ Հակոբը հանդարտ մարդ էր և բնակվում էր վրանների մեջ։ 28Իսահակը սիրում էր Եսավին, որովհետև որս էր ուտում, իսկ Ռեբեկան սիրում էր Հակոբին։
Եսավը ծախում է անդրանիկության իրավունքը
29Մի օր Հակոբը ապուր էր եփում։ Եսավը դաշտից վերադարձավ քաղցից թուլացած։ 30Եսավն ասաց Հակոբին. «Խնդրում եմ, տո՛ւր ուտեմ այդ կարմիր ապուրից, որովհետև թուլացել եմ»։ Դրա համար նրան կոչեցին Եդովմ անունով։ 31Հակոբն ասաց. «Ծախի՛ր ինձ այսօր քո անդրանիկությունը»։ 32Եսավն ասաց. «Ես մեռնելու վրա եմ, իմ ինչի՞ն է պետք անդրանիկությունը»։ 33Հակոբն ասաց. «Այսօր երդվի՛ր ինձ»։ Նա երդվեց և իր անդրանիկությունը ծախեց Հակոբին։ 34Եվ Հակոբը Եսավին տվեց հաց և ոսպապուր։ Նա կերավ, խմեց և վեր կացավ ու գնաց։ Եսավն անարգեց անդրանիկությունը։
Currently Selected:
ԾՆՆԴՈՑ 25: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018