ԾՆՆԴՈՑ 19
19
Մեղավոր Սոդոմը
1Այն երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մոտ։ Ղովտը տեսավ և ընդառաջ գնաց նրանց և երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց։ 2Եվ ասաց. «Իմ տերե՛ր, եկե՛ք, մտե՛ք ձեր ծառայի տունը և գիշերը մնացե՛ք։ Լվացե՛ք ձեր ոտքերը. առավոտյան վաղ վեր կկենաք և ձեր ճամփան կգնաք»։ Նրանք ասացին. «Ո՛չ, մենք գիշերը կմնանք փողոցում»։ 3Ղովտը շատ ստիպեց նրանց, և եկան նրա մոտ ու մտան նրա տունը։ Ճաշ պատրաստեց նրանց համար, բաղարջ#19.3 Անթթխմոր հաց։ թխեց, և կերան։
4Բայց դեռ չէին պառկել, երբ քաղաքի մարդիկ, այսինքն՝ Սոդոմի տղամարդիկ՝ երիտասարդներից մինչև ծերերը, ամբողջ ժողովուրդը միասին շրջապատեցին տունը։ 5Կանչեցին Ղովտին և ասացին նրան. «Ո՞ւր են այն մարդիկ, որ այս գիշեր քեզ մոտ եկան. նրանց դո՛ւրս բեր մեզ մոտ, որ գիտենանք նրանց#19.5 Սեռական հարաբերություն ունենանք նրանց հետ։»։ 6Ղովտը դուրս եկավ բակ՝ նրանց մոտ, դուռը փակեց իր ետևից 7և ասաց. «Եղբայրնե՛րս, աղաչում եմ ձեզ, չարություն մի՛ արեք։ 8Ահա ես երկու աղջիկ ունեմ, որոնք տղամարդ չեն ճանաչել. թող նրանց դուրս բերեմ ձեզ մոտ, և ինչ հաճելի է ձեր աչքին, արե՛ք նրանց, միայն թե այս մարդկանց բան մի՛ արեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի հովանու տակ»։ 9Նրանք ասացին. «Դե՛ն գնա»։ Եվ ասացին. «Եկել է որպես պանդուխտ և դատավորություն էլ է անում. հիմա քեզ նրանցից վատ կանենք»։ Եվ սաստիկ բռնադատեցին մարդուն, այսինքն՝ Ղովտին, և մոտեցան, որ դուռը կոտրեն։ 10Բայց այն մարդիկ իրենց ձեռքերը մեկնեցին և Ղովտին իրենց մոտ՝ տուն առան և դուռը փակեցին։ 11Եվ այն մարդկանց, որոնք տան դռան մոտ էին, ամենափոքրից մինչև ամենամեծը կուրացրին. այնպես որ շատ հոգնեցին դուռը փնտրելով։
Ղովտը հեռանում է Սոդոմից
12Մարդիկ ասացին Ղովտին. «Ուրիշ էլ ո՞վ ունես այստեղ. փեսա, որդիներ, դուստրեր և քաղաքում ով որ ունես, այստեղից դո՛ւրս հանիր, 13որովհետև մենք կործանելու ենք այս տեղը, քանի որ սրանց աղաղակը մեծ է Տիրոջ առաջ, և Տերն ուղարկել է մեզ, որ կործանենք այն»։ 14Ղովտը դուրս ելավ և իր աղջիկների փեսացուների հետ խոսեց ու ասաց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին թվաց, թե նա կատակ է անում։
15Երբ առավոտ եղավ, հրեշտակները շտապեցրին Ղովտին՝ ասելով. «Վե՛ր կաց, ա՛ռ կնոջդ և այստեղ գտնվող երկու աղջիկներիդ, որպեսզի չկորչես այս քաղաքի անօրենության հետ»։ 16Եվ մինչ նա դանդաղում էր, այդ մարդիկ բռնեցին նրա, նրա կնոջ և նրա աղջիկների ձեռքերից և դուրս հանեցին նրան ու քաղաքից դուրս դրեցին (որովհետև Տերը ողորմեց նրան)։ 17Եվ երբ նրանց դուրս հանեցին, նրանցից մեկն ասաց. «Ազատի՛ր անձդ, ետ մի՛ նայիր և ամբողջ դաշտում մի՛ կանգնիր. փախի՛ր լեռը, որպեսզի չկորչես»։ 18Ղովտն ասաց նրանց. «Ո՛չ, Տե՛ր, աղաչում եմ, 19ահա քո ծառան շնորհ գտավ քո առաջ, և մեծ էր քո ողորմությունը, որ արիր ինձ՝ փրկելով իմ կյանքը. բայց ես չեմ կարող լեռը փախչել, որպեսզի չարիք չհասնի ինձ, և ես մեռնեմ։ 20Ահա այս քաղաքը մոտիկ է այնտեղ փախչելու համար, և այն փոքր է. թող այնտեղ փախչեմ (չէ՞ որ այն փոքր է), և իմ անձը փրկվի»։ 21Տերն ասաց նրան. «Ահա այդ բանում էլ քո աղաչանքն ընդունեցի, որ չկործանեմ այն քաղաքը, որի մասին ասացիր։ 22Շո՛ւտ արա, փախի՛ր այնտեղ, որովհետև ես ոչինչ չեմ կարող անել, մինչև որ դու այնտեղ չհասնես»։ Դրա համար էլ այդ քաղաքի անունը դրեց Սեգոր#19.22 Եբր. նշանակում է փոքրիկ։։
Սոդոմի և Գոմորի կործանումը
23Արևը ծագում էր երկրի վրա, երբ Ղովտը մտավ Սեգոր։ 24Տերը Սոդոմի ու Գոմորի վրա ծծումբ և կրակ թափեց Տիրոջ կողմից՝ երկնքից։ 25Կործանեց այն քաղաքները, ամբողջ դաշտավայրը, այդ քաղաքների բոլոր բնակիչներին և երկրի ամբողջ բուսականությունը։ 26Ղովտի կինը ետ նայեց և աղի արձան դարձավ։ 27Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ եկավ այն տեղը, որտեղ կանգնել էր Տիրոջ առաջ։ 28Նա նայեց Սոդոմի և Գոմորի ու ամբողջ դաշտավայրի վրա և տեսավ, որ այդ երկրից ծուխը բարձրանում էր հնոցի ծխի պես։
29Երբ Աստված այդ դաշտավայրի քաղաքները կործանում էր, Աստված հիշեց Աբրահամին. և Ղովտին դուրս բերեց այդ կործանումի միջից, երբ կործանում էր այն քաղաքները, որոնց մեջ բնակվում էր Ղովտը։
Մովաբի և Ամմոնի ծնունդը
30Ղովտը Սեգորից ելավ վերև և բնակվեց լեռան վրա իր երկու աղջիկների հետ, որովհետև վախենում էր մնալ Սեգորում։ Եվ բնակվեց մի այրում, ինքը և իր երկու աղջիկները։ 31Մեծն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծեր է, և երկրի վրա մարդ չկա, որ մերձենա մեզ, ինչպես ամեն երկրի սովորությունն է։ 32Արի մեր հորը գինի խմեցնենք և պառկենք նրա հետ ու մեր հորից սերունդ ունենանք»։ 33Եվ իրենց հորը գինի խմեցրին այդ գիշեր, և մեծ աղջիկը գնաց պառկեց իր հոր հետ, իսկ Ղովտը չիմացավ նրա պառկելն ու վեր կենալը։ 34Հետևյալ օրը մեծ աղջիկն ասաց փոքրին. «Ահա երեկ գիշեր պառկեցի հորս հետ. այս գիշեր էլ գինի խմեցնենք նրան, և դու գնա պառկի՛ր նրա հետ, որ մեր հորից սերունդ ունենանք»։ 35Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հորը, և փոքր աղջիկը մտավ ու պառկեց նրա հետ։ Ղովտը չիմացավ նրա պառկելն ու վեր կենալը։ 36Եվ Ղովտի երկու աղջիկները հղիացան իրենց հորից։ 37Մեծը որդի ծնեց և անունը դրեց Մովաբ։ Նա է մովաբացիների հայրը մինչև այսօր։ 38Փոքրն էլ որդի ծնեց և նրա անունը դրեց Բենամմի։ Նա է Ամմոնի որդիների հայրը մինչև այսօր։
Currently Selected:
ԾՆՆԴՈՑ 19: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018