YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 18

18
Աբրահամին զավակ խոստացվեց
1Տերը երևաց Աբրահամին Մամբրեի կաղնիների մեջ, երբ օրվա տաք ժամանակ նա նստել էր վրանի դռանը։ 2Նա իր աչքերը վեր բարձրացրեց և նայեց. ահա երեք մարդիկ կանգնել էին իր մոտ։ Երբ տեսավ, վրանի մուտքի մոտից ընդառաջ վազեց նրանց, մինչև գետին խոնարհվեց և ասաց. 3«Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, մի՛ անտեսիր քո ծառային, աղաչում եմ քեզ։ 4Թող մի քիչ ջուր բերեն, լվացե՛ք ձեր ոտքերը և հանգստացե՛ք ծառի տակ։ 5Եվ ես մի պատառ հաց բերեմ, և զորացրե՛ք ձեր սրտերը, հետո կգնաք, որովհետև դրա համար եք եկել ձեր ծառայի մոտ»։ Նրան ասացին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։ 6Աբրահամը շտապեց վրանը՝ Սառայի մոտ, և ասաց. «Շո՛ւտ արա, երեք գրիվ ընտիր ալյո՛ւր հունցիր և գաթա՛ պատրաստիր»։ 7Աբրահամը վազեց արջառների մոտ, վերցրեց մի մատղաշ լավ հորթ և տվեց պատանուն. սա էլ շտապեց այն պատրաստելու։ 8Նա վերցրեց կարագ, կաթ և իր պատրաստած հորթն առավ ու դրեց նրանց առաջ, և նրանք կերան, իսկ ինքը գնաց կանգնեց նրանց մոտ՝ ծառի տակ։ 9Եվ նրանք հարցրին Աբրահամին. «Ո՞ւր է քո կինը՝ Սառան»։ Նա պատասխանեց. «Ահա՛ վրանում է»։ 10Եվ ասաց. «Եկող տարի դարձյալ կգամ քեզ մոտ, և ահա քո կինը՝ Սառան, մի որդի կունենա»։ Սառան լսում էր վրանի մուտքի մոտ, որի ետևում էր ինքը։ 11Աբրահամն ու Սառան ծերացած էին և օրերն անցկացրած։ Սառայի համար դադարել էր կանանց սովորական վիճակի մեջ լինելը#18.11 Դադարել էր դաշտան ունենալ։։ 12Սառան ծիծաղեց իր մտքում և ասաց. «Պառավելուցս հետո՞ եմ զվարճություն ունենալու, և իմ տերն էլ ծերացել է»։ 13Տերն ասաց Աբրահամին. «Սառան ինչո՞ւ ծիծաղեց՝ ասելով. “Մի՞թե ես իրոք ծնելու եմ, ես, որ պառավել եմ”։ 14Տիրոջ համար դժվար բան կա՞ արդյոք. եկող տարի այս ժամանակ դարձյալ քեզ մոտ կգամ, և Սառան մի որդի կունենա»։ 15Սառան ուրացավ և ասաց. «Ես չծիծաղեցի», որովհետև վախեցել էր։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ծիծաղեցիր»։
Աբրահամը խնդրում է Սոդոմի համար
16Մարդիկ վեր կացան այդտեղից և ուղղվեցին դեպի Սոդոմ։ Աբրահամը գնաց նրանց հետ, որ ճանապարհ դնի նրանց։ 17Տերն ասաց. «Մի՞թե ես Աբրահամից կծածկեմ, ինչ որ անելու եմ։ 18Աբրահամը հաստատ մի մեծ և հզոր ազգ է լինելու, և երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն նրանով. 19որովհետև ես ընտրեցի նրան, որ իր որդիներին և իր հետնորդներին կպատվիրի, որ նրանք պահեն Տիրոջ ճանապարհը արդարություն և իրավունք գործադրելու համար, որպեսզի Տերը Աբրահամի նկատմամբ կատարի այն, ինչ խոստացել է նրան»։ 20Տերն ասաց. «Քանի որ սոդոմացիների և գոմորացիների աղաղակը մեծացել է, և նրանց մեղքն էլ խիստ ծանրացավ, 21ուստի իջնեմ և տեսնեմ, թե ինձ հասած աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թե՞ ոչ, որպեսզի գիտենամ»։ 22Դուրս գալով այնտեղից՝ այդ մարդիկ գնացին դեպի Սոդոմ։ Իսկ Աբրահամը դեռ կանգնած էր Տիրոջ առաջ։
23Աբրահամը մոտեցավ և ասաց. «Մի՞թե ամբարիշտի հետ արդարին էլ ես կորստյան մատնելու։ 24Գուցե այդ քաղաքում հիսուն արդար կա. մի՞թե նրանց էլ կորստյան ես մատնելու և այդ տեղը չես խնայելու այդտեղ գտնվող հիսուն արդարի համար։ 25Քա՛վ լիցի քեզ այդպիսի բան անելը, որ արդարին ամբարիշտի հետ մեռցնես, և արդարն ամբարիշտի պես լինի. քա՛վ լիցի քեզ։ Մի՞թե ամբողջ աշխարհի դատավորը արդարություն չի անի»։ 26Տերն ասաց. «Եթե Սոդոմում՝ այդ քաղաքում, հիսուն արդար գտնեմ, ամբողջ տարածքը կխնայեմ նրանց համար»։ 27Աբրահամը պատասխանեց՝ ասելով. «Ահա հիմա սկսեցի խոսել Տիրոջ հետ. ես, որ հող եմ ու մոխիր։ 28Գուցե հիսուն արդարից հինգը պակաս լինի. այդ հինգի համար ամբողջ քաղաքը կկործանե՞ս»։ Տերն ասաց. «Չեմ կործանի, եթե այնտեղ քառասունհինգը գտնեմ»։ 29Դարձյալ խոսեց նրա հետ և ասաց. «Գուցե այնտեղ քառասունը գտնվեն»։ Նա ասաց. «Այդ քառասունի համար էլ չեմ անի»։ 30Աբրահամն ասաց. «Տերը թող չբարկանա, եթե խոսեմ. գուցե այնտեղ երեսունը գտնվեն»։ Տերն ասաց. «Եթե այնտեղ երեսուն արդար էլ գտնեմ, չեմ անի»։ 31Աբրահամն ասաց. «Ահա սկսեցի խոսել Տիրոջ հետ. գուցե այնտեղ քսանը գտնվեն»։ Տերն ասաց. «Այդ քսանի համար էլ չեմ կործանի»։ 32Եվ ասաց. «Տերը թող չբարկանա, եթե այս անգամ էլ խոսեմ. գուցե այնտեղ տասը գտնվեն»։ Տերն ասաց. «Այդ տասի համար էլ չեմ կործանի»։ 33Եվ Տերը գնաց, երբ որ Աբրահամի հետ խոսելը վերջացրեց։ Իսկ Աբրահամը վերադարձավ իր բնակության տեղը։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 18: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy