ԵԶՐԱՍ 3
3
Պաշտամունքը նորից սկսվում է
1Եվ երբ հասավ յոթերորդ ամիսը, և Իսրայելի որդիներն իրենց քաղաքներում էին, ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց Երուսաղեմում։ 2Այն ժամանակ վեր կացավ Հովսեդեկի որդի Հեսուն, և նրա քահանա եղբայրները, Սաղաթիելի որդի Զորաբաբելն ու նրա եղբայրները և շինեցին Իսրայելի Աստծու սեղանը՝ նրա վրա ողջակեզներ մատուցելու համար, ինչպես որ գրված է Աստծու մարդու՝ Մովսեսի գրքում։
3Եվ սեղանը վերականգնեցին իր տեղում, որովհետև վախենում էին այն երկրների ժողովուրդներից, և նրա վրա Տիրոջը ողջակեզներ մատուցեցին՝ առավոտյան և երեկոյան ողջակեզները։ 4Գրվածի համաձայն կատարեցին Տաղավարահարաց տոնը և ամեն օրվա ողջակեզները՝ յուրաքանչյուր օրվա համար ըստ կանոնի սահմանված թվով։ 5Իսկ դրանից հետո՝ մշտնջենական ողջակեզը և ամսագլուխներինը, Տիրոջ բոլոր սուրբ տոներինը և Տիրոջը ամեն մի կամավոր նվեր ընծայողինը։ 6Յոթերորդ ամսի առաջին օրից սկսեցին ողջակեզներ մատուցել Տիրոջը, բայց Տիրոջ տաճարի հիմքը դրված չէր։ 7Եվ փող տվեցին քարհատներին ու հյուսներին, ուտելիք, խմելիք և յուղ՝ սիդոնացիներին և տյուրացիներին, որ Լիբանանից ծովով եղևնու փայտ բերեն Հոպպե, ինչպես որ նրանց արտոնել էր պարսից Կյուրոս թագավորը։
8Եվ նրանց Երուսաղեմ՝ Աստծու տունը գնալու երկրորդ տարվա երկրորդ ամսում Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն ու նրանց եղբայրները՝ քահանաները և ղևտացիները և գերությունից Երուսաղեմ բոլոր եկողները, սկսեցին գործը և քսան տարեկանից բարձր ղևտացիներին վերակացու դրեցին Տիրոջ տան գործերի վրա։ 9Եվ Հեսուն, նրա որդիներն ու եղբայրները, Կադմիելն ու նրա որդիները՝ Հուդայի որդիները, մեկ մարդու պես վեր կացան՝ իբրև վերակացու Աստծու տան գործն անելու համար. նույնպես և Ենադադի որդիները, նրանց որդիները և նրանց եղբայրները՝ ղևտացիները։
10Եվ երբ ճարտարապետները Տիրոջ տաճարի հիմքը դրեցին, այն ժամանակ կանգնեցրին զգեստավորված քահանաներին՝ փողերով, և ղևտացիներին՝ Ասափի որդիներին՝ ծնծղաներով՝ Իսրայելի Դավիթ թագավորի կարգադրության համաձայն Տիրոջն օրհնելու համար։ 11Տիրոջն օրհնելով փոխնիփոխ երգում էին՝ գովելով, թե բարի է, թե նրա ողորմությունը հավիտյան է Իսրայելի վրա, և ամբողջ ժողովուրդը բարձրաձայն աղաղակում էր՝ Տիրոջ տան հիմքը դրվելու համար Տիրոջն օրհնելով։
12Քահանաներից, ղևտացիներից, տոհմապետներից ու ծերերից շատերը, որոնք տեսել էին նախկին տունը, իրենց աչքի առաջ այս տունը հիմնադրվելիս բարձրաձայն լալիս էին, իսկ շատերն ուրախացած աղաղակելով գոչում էին։ 13Եվ ժողովուրդը չէր կարողանում զանազանել ուրախության աղաղակի ձայնը ժողովրդի լացի ձայնից, որովհետև ժողովուրդը մեծ աղաղակ էր բարձրացրել, և ձայնը հեռվից էր լսվում։
Currently Selected:
ԵԶՐԱՍ 3: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018