ԵԶՐԱՍ 10
10
Խառն ամուսնություններին վերջ դնելու ծրագիր
1Երբ Եզրասը լացով և Աստծու տան առաջ ընկած աղոթք էր անում ու խոստովանում, նրա մոտ Իսրայելից հավաքվեց մի շատ մեծ բազմություն՝ տղամարդիկ և կանայք, երեխաներ. ժողովուրդն էլ էր շատ լաց լինում։ 2Եվ Եղամի որդիներից Հեքիելի որդին՝ Սեքենիան, պատասխանեց Եզրասին և ասաց. «Մենք մեղք գործեցինք մեր Աստծու դեմ՝ երկրի ժողովուրդներից օտար կանայք առնելով, բայց և այնպես հույս կա Իսրայելի համար այս բանի մեջ։ 3Արդ ուխտ անենք մեր Աստծու առաջ, որ դուրս անենք բոլոր կանանց ու նրանցից ծնվածներին՝ իմ տիրոջ և մեր Աստծու պատվիրաններից վախեցողների խորհրդով, և թող օրենքի պես կատարվի։ 4Վե՛ր կաց, որովհետև այս գործը քեզ վրա է, և մենք էլ քեզ հետ ենք. զորացի՛ր և արա՛»։
5Եվ Եզրասը վեր կացավ և երդում տվեց քահանաների ու ղևտացիների գլխավորներին և բոլոր իսրայելացիներին, թե այս բանի պես կանեն, և նրանք երդվեցին։ 6Եզրասը վեր կացավ Աստծու տան առաջից և գնաց Եղիասիբի որդի Հոհանանի սենյակը և այնտեղ գնալով՝ հաց չկերավ ու ջուր չխմեց, որովհետև տրտմել էր գերությունից վերադարձածների անօրինության համար։ 7Եվ մունետիկ կանչել տվեցին, որ Հուդայի և Երուսաղեմի մեջ գտնվող բոլոր գերեդարձները հավաքվեն Երուսաղեմում. 8«Յուրաքանչյուր ոք, ով իշխանների և ավագների խորհրդի համաձայն երեք օրում չգա, նրա ամբողջ ունեցվածքը պիտի նզովվի, և նա պետք է զատվի գերեդարձների ժողովքից»։ 9Եվ Հուդայի ու Բենիամինի բոլոր մարդիկ երեք օրում հավաքվեցին Երուսաղեմում իններորդ ամսվա քսանին, և ամբողջ ժողովուրդը նստեց Աստծու տան հրապարակում՝ դողալով այն բանի համար և անձրևներից։ 10Վեր կացավ Եզրաս քահանան և ասաց նրանց. «Դուք անօրինություն եք գործել և օտար կին եք առել՝ ավելացնելով Իսրայելի հանցանքը։ 11Բայց հիմա խոստովանե՛ք ձեր հայրերի Տեր Աստծու առաջ և նրան հաճելի՛ն արեք և զատվե՛ք երկրի ազգերից ու օտար կանանցից»։
12Եվ բոլոր ժողովվածները պատասխանեցին ու բարձրաձայն ասացին. «Այդպես, մեր պարտքն է քո խոսքի համաձայն անել։ 13Միայն թե ժողովուրդը շատ է, և ժամանակն էլ՝ անձրևային, և հնարավոր չէ դրսում կանգնել. այս գործը մեկ կամ երկու օրվա բան չէ, որովհետև շատերս հանցավոր ենք այդ գործի մեջ։ 14Հիմա թող մեր իշխանները կանգնեն բոլոր ժողովվածների փոխարեն, իսկ նրանք, ովքեր մեր քաղաքներում օտար կին են առել, թող որոշված ժամանակին գան, և նրանց հետ՝ յուրաքանչյուր քաղաքի ավագներն ու նրա դատավորները, մինչև որ մեր Աստծու բարկության բորբոքումը վանեն մեզանից այս գործի համար»։
15Միայն Ասայելի որդի Հովնաթանը և Թեկվայի որդի Հազիան կանգնեցին սրա վրա, և Մեսուղամն ու ղևտացի Սաբեթան նրանց օգնեցին։ 16Եվ գերությունից վերադարձածներն էլ այդպես արեցին, և ընտրվեցին Եզրաս քահանան ու տոհմապետ մարդիկ՝ իրենց տոհմերի համեմատ (և ամենքն էլ անվանի էին), և տասներորդ ամսվա առաջին օրն այս բանը քննելու համար նիստ գումարեցին։ 17Եվ մինչև առաջին ամսվա առաջին օրը վերջացրին բոլոր տղամարդկանց գործերը, որոնք օտար կին էին առել։
Այլազգի կին ունեցողները
18Քահանաների որդիներից սրանք գտնվեցին, որոնք օտար կին էին առել՝ Հովսեդեկի որդի Հեսուի որդիներից և եղբայրներից՝ Մաասիան, Եղիազարը, Հարիբը և Գոդողիան։ 19Իրենց թողեցին, որ իրենց կանանց արձակեն և իրենց հանցանքի համար մեկ խոյ զոհաբերեցին։ 20Եվ Եմմերի որդիներից՝ Անանին և Զաբադիան. 21Հարիմի որդիներից՝ Մաասիան, Եղիան, Սեմայիան, Հեքիելը և Ոզիան. 22Փասուրի որդիներից՝ Եղիովենային, Մաասիան, Իսմայելը, Նաթանայելը, Հովզաբադը և Եղեասան. 23ղևտացիներից՝ Հովզաբադը, Սեմեին, Կովղիան, այսինքն՝ Կովղիտան, Փեթայիան, Հուդան և Եղիազարը. 24երգիչներից՝ Եղիասիբը, դռնապաններից՝ Սեղղումը, Տելեմը և Ուրին. 25իսրայելացիներից՝ Փարոսի որդիներից՝ Ռամիան, Հեղիան, Մեղքիան, Միամինը, Եղիազարը, Մեղքիան և Բանեան. 26Եղամի որդիներից՝ Մաթանիան, Զաքարիան, Հեքիելը, Աբդին, Հերիմովթը և Եղիան. 27Զաթուի որդիներից՝ Եղիովենային, Եղիասիբը, Մաթանիան, Հերիմովթը, Զաբադը և Ազիզան. 28Բեբայիի որդիներից՝ Հոհանանը, Անանիան, Զաբբան, Աթաղին. 29Բանիի որդիներից՝ Մեսուղամը, Մալուքը, Ադայիան, Հասուբը, Սաաղը և Ռամովթը. 30Փաաթ-Մովաբի որդիներից՝ Եդնանը, Քաղելը, Բանեան, Մաասիան, Մաթանիան, Բեսելիելը, Բանուին և Մանասեն. 31Հարիմի որդիներից՝ Եղիազարը, Հեսիան, Մեղքիան, Սեմայիան, Շմավոնը, 32Բենիամինը, Մալուքը, Սամարիան. 33Հասումի որդիներից՝ Մաթանան, Զաբադը, Եղիփաղետը, Հերեմին, Մանասեն և Սեմեին. 34Բանիի որդիներից՝ Մաադան, Ամրամը, Ուելը, 35Բանեան, Բադայիան, Քեղուհան, 36Ուանիան, Մերամոթը, Եղիասիբը, 37Մաթանիան, Մաթանան, Հաասուն, 38Բանին, Բաբուին, Սեմեին, 39Սեղեմիան, Նաթանը, Ադայիան, 40Մաքնադբան, Սասան, Սարան, 41Ազարիելը, Սեղեմիան, Սամարիան, 42Սեղղումը, Ամարիան և Հովսեփը. 43Նաբավի որդիներից՝ Հեիելը, Մատաթիան, Զաբադը, Զեբինան, Հադային, Հովելը և Բանեան։ 44Սրանք ամենքն օտար կին էին առել, և նրանց մեջ կային այնպիսի կանայք, որ զավակներ էին բերել։
Currently Selected:
ԵԶՐԱՍ 10: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018