ԵԶԵԿԻԵԼ 6
6
Տերը դատապարտում է կռապաշտությունը
1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Իսրայելի սարե՛րը դարձրու և մարգարեացի՛ր նրանց դեմ։ 3Եվ ասա՛. “Ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տեր Աստծու խոսքը. այսպես է ասում Տեր Աստված սարերին և բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին. "Ահա ես ձեզ վրա սուր պիտի բերեմ և ոչնչացնեմ ձեր Բարձր տեղերը։ 4Ավերակ պիտի դառնան ձեր զոհասեղանները, և պիտի փշրվեն ձեր խնկասեղանները, և ձեր սպանվածներին ձեր կուռքերի առաջ պիտի գցեմ։ 5Իսրայելի որդիների դիակներն իրենց կուռքերի առաջ պիտի դնեմ և ձեր ոսկորները ձեր սեղանների շուրջը ցրիվ պիտի տամ։ 6Ձեր բնակության բոլոր քաղաքները պիտի ավերվեն, Բարձր տեղերը՝ ամայանան, որպեսզի ավերակ ու ամայի դառնան ձեր զոհասեղանները, և փշրվեն ու կործանվեն ձեր կուռքերը. կոտրվեն ձեր խունկի սեղանները, և ձեր գործերը ջնջվեն։ 7Եվ ձեր մեջ սպանվածներ պիտի վայր ընկնեն, և պիտի իմանաք, որ ես եմ Տերը։
8Եվ ես ձեզնից ոմանց կենդանի պիտի թողնեմ, և ոմանք պիտի ազատվեն սրից, երբ ցրվեք ազգերի և երկրների մեջ։ 9Եվ ձեզնից նրանք, որ ազատվածներ են, պիտի հիշեն ինձ այն ազգերի մեջ, ուր նրանք գերի տարված կլինեն, թե ինչպես տխրեցի նրանց շնացող սրտի համար, որը դարձել էր ինձանից, ու նրանց աչքերի համար, որոնք շնացան իրենց կուռքերի հետևից։ Եվ նրանք պիտի զզվեն իրենցից այն չարությունների համար, որ գործեցին, իրենց բոլոր պիղծ կուռքերի համար։ 10Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը. իզուր չէ, որ ասել եմ, թե այս չարիքը իրենց պիտի անեմ"”։ 11Այսպես է ասում Տերը՝ Աստված. “Ծա՛փ տուր ձեռքերովդ և դոփի՛ր ոտքերովդ ու ասա՛. "Ավա՜ղ Իսրայելի տան բոլոր անարգ պիղծ կուռքերին, որ սրով, սովով ու ժանտախտով պիտի ընկնեն։ 12Հեռավորը ժանտախտով պիտի մեռնի, իսկ մոտիկը սրով պիտի ընկնի, մնացածն ու պահպանվածը սովից պիտի մեռնի, և ես պիտի սպառեմ իմ զայրույթը նրանց վրա։ 13Եվ պիտի գիտենաք, որ ես եմ Տերը, երբ որ ձեր սպանվածները կլինեն ձեր կուռքերի մեջ, ձեր զոհասեղանների շուրջը, ամեն բարձր բլրի վրա՝ բոլոր սարերի կատարներին և ամեն փարթամ ծառի տակ ու ամեն տերևախիտ բևեկնու տակ, այնտեղ, որտեղ անուշահոտ խունկ էին մատուցում իրենց բոլոր կուռքերին։ 14Այսպես իմ ձեռքը պիտի երկարեմ նրանց դեմ և երկիրը ամայի ավերակ պիտի դարձնեմ Ռիբլահ#6.14 Եբր. ունի Դիբլահ։ անապատից նրանց բոլոր բնակավայրերում։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը"”»։
Currently Selected:
ԵԶԵԿԻԵԼ 6: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018