YouVersion Logo
Search Icon

ԵԶԵԿԻԵԼ 5

5
Եզեկիելը կտրում է մազերը
1«Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի հատու սո՛ւր վերցրու և այն գործածի՛ր քեզ համար սափրիչի ածելու պես և անցկացրո՛ւ գլխիդ ու մորուքիդ վրայով. ապա մի կշե՛ռք վերցրու ու բաժանի՛ր մազերը։ 2Մեկ երրորդը կրակով այրի՛ր քաղաքում, երբ որ պաշարման օրերը լրանան. մեկ երրորդն էլ վերցրո՛ւ և սրով կտրատի՛ր քաղաքի շուրջը, իսկ մեկ երրորդը ցրի՛վ տուր օդի մեջ, և ես սուրը պիտի մերկացնեմ նրանց հետևից։ 3Դրանցից փոքր թվով վերցրո՛ւ և ծրարի՛ր քո քղանցքներում։ 4Եվ սրանցից ևս մի քիչ վերցրո՛ւ և կրա՛կը գցիր դրանք և կրակով այրի՛ր դրանք. այնտեղից կրակ պիտի դուրս գա ամբողջ Իսրայելի տան դեմ»։
5Այսպես է ասում Տեր Աստված. «Այս է Երուսաղեմը. ես նրան կարգել եմ ազգերի կենտրոնում և նրա շրջակա երկրների հետ։ 6Բայց նա ապստամբեց իմ պատվիրանների դեմ՝ ազգերից ավելի չարություն գործելով, և իմ կանոնների դեմ՝ իր շրջակայքում եղող երկրներից ավելի. որովհետև նրանք մերժեցին իմ պատվիրանները և չգնացին իմ կանոններով»։ 7Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև դուք ավելի խռովարար եք, քան ձեր շրջակայքում եղող ազգերը. իմ կանոններով չընթացաք, իմ պատվիրանները չկատարեցիք և ըստ ձեզ շրջապատող ազգերի կանոնների իսկ չվարվեցիք», 8ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես էլ քեզ դեմ եմ և քո մեջ դատաստաններ եմ անելու ազգերի աչքի առաջ։
9Քո բոլոր պիղծ կուռքերի պատճառով քեզ հետ այն պիտի կատարեմ, որի նմանը երբեք էլ չեմ արել ու երբեք նորից չեմ անելու։ 10Ուստի քո մեջ հայրերը որդիներին պիտի ուտեն, իսկ որդիներն իրենց հայրերին պիտի ուտեն. քեզ դատաստաններ պիտի անեմ ու ամբողջ մնացորդին ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին։ 11Ուստի կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որովհետև դու քո բոլոր գարշելի քանդակներով և պիղծ կուռքերով անմաքուր դարձրիր իմ սրբարանը. ես էլ պիտի կոտորեմ քեզ, և աչքս չպիտի խնայի, իսկ ես էլ չպիտի ողորմեմ։ 12Քո մեկ երրորդը ժանտախտով պիտի մեռնի, և սովով պիտի սպառվեն քո մեջ, քո մեկ երրորդը սրով պիտի ընկնի քո շուրջը, իսկ քո մեկ երրորդին ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին և սուր պիտի մերկացնեմ նրանց հետևից։ 13Եվ իմ բարկությունը պիտի սպառվի, և իմ զայրույթը նրանց վրա պիտի թափեմ ու վրեժ առնեմ։ Եվ պիտի գիտենան, որ ես՝ Տերը, խոսել եմ իմ նախանձախնդրությամբ, երբ որ իմ զայրույթը սպառեմ նրանց վրա։ 14Եվ շրջապատող ազգերի մեջ, ամեն անցորդի աչքի առաջ ես քեզ ավերմունքի և նախատինքի պիտի մատնեմ։ 15Եվ դու նախատինք ու անարգանք, նախազգուշացում ու ապշություն պիտի դառնաս քեզ շրջապատող ազգերի համար, երբ որ ես քո դեմ դատաստաններ անեմ բարկությամբ ու զայրույթով և զայրույթի կշտամբանքով. ես՝ Տերը, ասացի։
16Երբ ես նրանց դեմ արձակեմ սովի չար նետերը, որոնք կործանելու համար են, դրանք ես պիտի արձակեմ քեզ ոչնչացնելու համար. սովը սաստկացնելու եմ ձեզ վրա՝ կոտրելով հացի գավազանը։ 17Ես ձեզ վրա սով պիտի ուղարկեմ և վայրի գազաններ, որ քեզ անզավակ դարձնեն. ժանտախտ ու արյունահեղություն պիտի անցնի քո միջով, և սուր պիտի բերեմ քեզ վրա. ես՝ Տերը, ասացի»։

Currently Selected:

ԵԶԵԿԻԵԼ 5: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in