YouVersion Logo
Search Icon

ԵԶԵԿԻԵԼ 25

25
Մարգարեություն ամմոնացիների դեմ
1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Մարդո՛ւ որդի, դեմքդ Ամմոնի որդիների դե՛մ դիր և մարգարեացի՛ր նրանց դեմ։ 3Եվ ասա՛ Ամմոնի որդիներին. “Լսե՛ք Տեր Աստծու խոսքը։ Այսպես է ասում Տեր Աստված. "Քանի որ դու "վա՜շ" ասացիր իմ սրբարանի մասին, երբ նա սրբապղծվեց, և Իսրայելի երկրի մասին, երբ այն ամայացավ, և Հուդայի տան մասին, երբ տարագրվեց, 4դրա համար ահա ես քեզ իբրև ստացվածք պիտի տամ արևելքի որդիներին՝ որպես ժառանգություն, և նրանք իրենց բանակատեղիները պիտի հաստատեն քո մեջ և քո մեջ պիտի հաստատեն իրենց բնակարանները. նրանք պիտի ուտեն քո պտուղները և նրանք պիտի խմեն քո կաթը։ 5Ես Ռաբբան ուղտերի փարախ պիտի դարձնեմ, իսկ Ամմոնի որդիների քաղաքը՝ հոտերի մակաղատեղ։ Եվ դուք կիմանաք, որ ես եմ Տերը"”։ 6Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. “Նրա համար, որ դու ծափ տվեցիր և ոտքով գետնին խփեցիր և քո ամբողջ արհամարհանքով հոգու չափ ուրախացար Իսրայելի երկրի դեմ, 7դրա համար ահա ես իմ ձեռքը դեպի քեզ եմ մեկնում և քեզ իբրև ավար պիտի տամ ազգերին և քեզ վերացնեմ ազգերից և քեզ կորցնեմ երկրներից. ես քեզ պիտի ոչնչացնեմ։ Ապա կիմանաս, որ ես եմ Տերը”»։
Մարգարեություն Մովաբի դեմ
8«Այսպես է ասում Տեր Աստված, որովհետև Մովաբն ու Սեիրն ասացին. “Ահա Հուդայի տունը բոլոր ազգերի պես է”, 9դրա համար ես Մովաբի սահմանամերձ քաղաքները, երկրի պարծանքը եղող Բեթ Եսիմոթը, Բահաղ Մեոնը և Կարիաթեմը պիտի բանամ։ 10Ամմոնի որդիների հետ սա էլ իբրև ստացվածք պիտի տամ Արևելքի որդիներին, որպեսզի Ամմոնի որդիները ազգերի մեջ չհիշատակվեն։ 11Մովաբի դեմ դատաստաններ եմ անելու, և նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը»։
Մարգարեություն Եդովմի դեմ
12«Այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև Եդովմը Հուդայի տան դեմ վրեժխնդրությամբ վարվեց և նրանից վրեժ առնելով՝ մեծ հանցանք գործեց, 13դրա համար այսպես է ասում Տեր Աստված. "Ես իմ ձեռքը պիտի տարածեմ Եդովմի վրա և նրանից վերացնեմ մարդն ու անասունը, նրան ամայի պիտի դարձնեմ Թեմանից մինչև Դեդան. նրանք սրից պիտի ընկնեն։ 14Եվ իմ վրեժխնդրությունը պիտի իրագործեմ Եդովմի դեմ իմ ժողովրդի՝ Իսրայելի ձեռքով, և նրանք իմ բարկության և իմ զայրույթի համեմատ պիտի վարվեն Եդովմի հետ, ու նրանք պիտի ճանաչեն վրեժխնդրությունս"”»,- ասում է Տեր Աստված։
Մարգարեություն փղշտացիների դեմ
15«Այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև փղշտացիները վրեժխնդրությամբ վարվեցին և հոգու արհամարհանքով վրեժ առան՝ մշտական ատելությամբ կործանելով, 16դրա համար այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես իմ ձեռքը տարածում եմ փղշտացիների վրա և պիտի ոչնչացնեմ Քերեթիմին#25.16 Փղշտացիներին տրված անուններից մեկը. իմաստը՝ կրետացի։, պիտի ոչնչացնեմ ծովի եզերքում եղող մնացորդը։ 17Եվ նրանց դեմ մեծամեծ վրեժխնդրություններ պիտի գործեմ ցասումնալից հանդիմանություններով։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ որ իմ վրեժն առնեմ նրանցից"”»։

Currently Selected:

ԵԶԵԿԻԵԼ 25: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in