ԵԶԵԿԻԵԼ 24
24
Ժանգոտ կաթսան
1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ իններորդ տարվա տասներորդ ամսին՝ ամսի տասին՝ ասելով. 2«Մարդո՛ւ որդի, հենց այսօր քեզ համար գրի՛ր այսօրվա՝ այս իսկ օրվա անունը.#24.2 Կամ այսօրվա թվականը։ Բաբելոնի թագավորը պաշարելու համար հենց այսօր մոտեցավ Երուսաղեմին։ 3Եվ առակո՛վ խոսիր այս ապստամբների տան հետ և ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դի՛ր կաթսան, դի՛ր և մեջն էլ ջո՛ւր լցրու։ 4Մսի կտորները մե՛ջը հավաքիր, ամեն լավ կտորը՝ ազդրը և ուսը, ընտիր ոսկորներո՛վ լցրու։ 5Ոչխարների ընտի՛րը վերցրու և ոսկորները դիզի՛ր նրա տակ. եռացնելով եռացրո՛ւ, որ ոսկորներն էլ մեջը եփվեն"”»։
6Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ արյունահեղ քաղաքին, այն կաթսային, որի ժանգն իր մեջ է և ժանգը միջից դուրս չի եկել, այն կտոր-կտո՛ր հանիր. նրա վրա վիճակ չի գցված։ 7Որովհետև նրա թափած արյունն իր մեջ է. չոր ապառաժի վրա է դրել այն, գետնի վրա չի թափել այն, որ հողով ծածկի։ 8Իմ զայրույթը բորբոքելու, վրեժն առնելու հանար նրա արյունը չոր ապառաժի վրա դրեցի, որ չծածկվի»։ 9Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ արյունահեղ քաղաքին. ես կրակի խարույկը պիտի մեծացնեմ։ 10Շատացրո՛ւ փայտերը, վառի՛ր կրակը, միսը սպառվի, համեմունքով խառնի՛ր, և թող ոսկորներն այրվեն։ 11Հետո դատարկ դի՛ր փայտածուխի վրա, որպեսզի տաքանա, և նրա պղինձն այրվի, ու նրա մեջ հալվի անմաքրությունը, սպառվի ժանգը։ 12Տաժանքից ինձ հոգնեցրեց, բայց նրա մեծաքանակ ժանգը նրանից դուրս չեկավ, նրա ժանգը կրակում։ 13Քո անմաքրությունը լրբություն է. որովհետև ես փորձեցի քեզ մաքրել, բայց դու չմաքրվեցիր, քո անմաքրությունից այլևս չպիտի մաքրվես, մինչև որ իմ զայրույթը չհանգստացնեմ քեզ վրա։ 14Տերը՝ ես եմ խոսել. լինելու է, և ես պիտի կատարեմ այն. չեղյալ չպիտի համարեմ, չպիտի խնայեմ, կարեկցություն չպիտի ցույց տամ. քո ճանապարհների և քո արարքների համեմատ պիտի դատվես»,- ասում է Տեր Աստված։
Մարգարեի կնոջ մահը
15Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 16«Մարդո՛ւ որդի, ահա ես մի հարվածով քեզնից պիտի հափշտակեմ քո աչքերի ցանկությունը, և դու չպիտի ողբաս, չպիտի լաց լինես, և արտասուքդ չպիտի գա։ 17Լուռ հառաչի՛ր, մեռելի սուգ չպիտի անես. գլխաշորդ գլխի՛դ կապիր, կոշիկներդ ոտքերի՛դ հագիր, դունչդ մի՛ ծածկիր և մարդկանց հացը մի՛ կեր#24.17 Բոլորը սգալու նշաններ են։»։
18Ես առավոտյան խոսեցի ժողովրդի հետ, իսկ երեկոյան կինս մեռավ. և առավոտյան ինձ հրամայվածի պես արեցի։ 19Եվ ժողովուրդն ինձ ասաց. «Մեզ չե՞ս պատմելու, թե դու ինչ որ անում ես, ի՞նչ է նշանակում մեզ համար»։
20Եվ ես նրանց ասացի. «Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 21“Ասա՛ Իսրայելի տանը. "Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես պիտի պղծեմ իմ սրբարանը՝ ձեր զորության պարծանքը, ձեր աչքերի ցանկությունը և ձեր հոգու փափագը, իսկ ձեր թողած որդիներն ու դուստրերը սրից պիտի ընկնեն։ 22Եվ դուք իմ արածի պես պիտի անեք, դունչ չպիտի ծածկեք և մարդկանց հացը չպիտի ուտեք։ 23Եվ ձեր գլխաշորերը ձեր գլխին և ձեր կոշիկները ձեր ոտքերին սուգ չպիտի անեք և լաց չլինեք, այլ ձեր անօրենություններով հալումաշ պիտի լինեք և մեկդ մեկին հառաչեք։ 24Եվ Եզեկիելը ձեզ համար նշան կլինի. նրա բոլոր արածների պես պիտի անեք։ Սրա լինելու ժամանակ կիմանաք, որ ես եմ Տեր Աստված"”։
25Եվ դու, մարդո՛ւ որդի, ահա երբ նրանցից կվերցնեմ իրենց ամրությունը, իրենց պարծանքի ուրախությունը, իրենց աչքերի ցանկությունը և իրենց հոգու փափագը՝ իրենց որդիներին ու դուստրերին, 26այդ օրը ազատված մեկը կգա քեզ մոտ, որը լուր լսել կտա քո իսկ ականջներին։ 27Այդ օրը բերանդ պիտի բացվի այն ազատվածի հետ, և պիտի խոսես ու այլևս համր չմնաս. դու նրանց համար նշան կլինես։ Եվ նրանք կիմանան, որ ես եմ Տերը»։
Currently Selected:
ԵԶԵԿԻԵԼ 24: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018