ԵԶԵԿԻԵԼ 13
13
Ընդդեմ կեղծ մարգարեների
1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի մարգարեացող մարգարեների դեմ և ասա՛ իրենց մտքից#13.2 Բռց. սրտից։ մարգարեացողներին. “Լսե՛ք Տիրոջ խոսքը. 3այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ հիմար մարգարեներին, որ իրենց հոգու հետևից են գնում և ոչինչ չեն տեսնում"”։ 4Քո մարգարեներն ավերակներում եղող աղվեսների պես են, ո՛վ Իսրայել։ 5Դուք ճեղքերի տեղերը չբարձրացաք և Իսրայելի տունը պարսպով չպատեցիք, որ Տիրոջ օրը պատերազմում կանգուն լինեն։ 6Նրանք ունայն տեսիլք և սուտ գուշակություն են տեսնում, երբ ասում են. “Տերն է ասում”, երբ Տերը նրանց չի ուղարկել, և նրանք սպասում են, որ իրենց խոսքը կատարվի։ 7Մի՞թե ունայն տեսիլք չտեսաք և սուտ գուշակություն չխոսեցիք, երբ ասացիք. “Տերն է ասում”, երբ ես չէի խոսել»։ 8Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև ձեր խոսքերը ունայն են, և ձեր գուշակությունները՝ սուտ, ուստի ես ձեզ դեմ եմ»,- ասում է Տեր Աստված։ 9«Եվ իմ ձեռքն այն մարգարեների դեմ պիտի լինի, որոնք ունայն տեսիլք են տեսնում և սուտ գուշակություն են անում. նրանք չպիտի լինեն իմ ժողովրդի խորհրդի մեջ, չպիտի գրանցվեն Իսրայելի տան գրքում և չպիտի մտնեն Իսրայելի երկիրը։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տեր Աստված։ 10Որովհետև նրանք մոլորեցնում են իմ ժողովրդին՝ ասելով. “Խաղաղությո՜ւն”, երբ խաղաղություն չկա. և որովհետև երբ ժողովուրդը պատ է կառուցում, նրանք կրածեփում են։ 11Ծեփողներին ասա՛. “Տապալելու է, հորդահոս անձրև է լինելու, և դուք, ո՛վ կարկուտի քարեր, վայր կընկնեք, և մրրկալից հողմը այն կճեղքի։ 12Եվ ահա երբ պատը տապալվի, մի՞թե ձեզ չեն ասելու. "Ո՞ւր է այն կրածեփը, որով ծեփեցիք"”։ 13Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Իմ զայրույթով մրրկալից հողմ պիտի արձակեմ, և հորդահոս անձրև պիտի լինի իմ բարկությամբ ու կարկուտի քարեր՝ զայրույթով ոչնչացնելու համար։ 14Եվ պիտի քանդեմ այն պատը, որ ծեփեցիք, և գետնով պիտի տամ այն, որ նրա հիմքը բացվի, երբ տապալվի, և դուք նրա մեջ պիտի կործանվեք և պիտի իմանաք, որ ես եմ Տերը։ 15Իմ զայրույթը պիտի սպառեմ այդ պատի վրա և այն ծեփողների վրա ու պիտի ասեմ ձեզ. "Չկա պատը, և չկան այն ծեփողները՝ 16Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեանում են Երուսաղեմի վերաբերյալ և խաղաղության տեսիլք են տեսնում նրա մասին, երբ խաղաղություն չկա"”»,- ասում է Տեր Աստված։
Ընդդեմ սուտ մարգարեուհիների
17«Եվ դու, մարդո՛ւ որդի, դեմքդ դարձրո՛ւ քո ժողովրդի դուստրերի դեմ, որոնք մարգարեանում են իրենց մտքից, և մարգարեացի՛ր նրանց դեմ 18ու ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ այն կանանց, որոնք մոգական բարձիկներ են կարում թևերի յուրաքանչյուր հոդի համար և լաչակներ են սարքում ամեն հասակի մարդկանց գլխի համար՝ հոգիներ որսալու նպատակով։ Դուք որսում եք իմ ժողովրդի հոգիները. մի՞թե ձեր հոգիները կապրեցնեք։ 19Դուք մի բուռ գարու և մի քանի կտոր հացի համար անարգեցիք ինձ իմ ժողովրդի առաջ՝ մեռցնելով այն հոգիները, որոնք չպիտի մեռնեին, և ապրեցնելով այն հոգիները, որոնք չպիտի ապրեին, ձեր ստով՝ իմ ժողովրդին, որ ստերի է ունկնդրում"”»։ 20Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես դեմ եմ ձեր բարձիկներին, որոնցով դուք հոգիներ եք որսում թռչունների պես. դրանք պիտի պոկեմ ձեր բազուկների վրայից և պիտի ազատեմ այն հոգիներին, որ դուք որսում եք, որպեսզի թռչեն։ 21Եվ պիտի պատառոտեմ ձեր լաչակները և իմ ժողովրդին ազատեմ ձեր ձեռքից, որպեսզի նրանք ձեր ձեռքում այլևս որս չլինեն։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։ 22Որովհետև դուք ստով արդարի սիրտը հուսալքել եք, երբ ես նրան չէի վշտացրել, և ուժեղացրել եք ամբարիշտի ձեռքերը, որ հետ չդառնա իր չար ճանապարհից ու ապրի։ 23Ուրեմն այլևս ունայն տեսիլք չեք տեսնելու և գուշակություն չեք անելու. իմ ժողովրդին ե՛ս պիտի ազատեմ ձեր ձեռքից. և կիմանաք, որ ես եմ Տերը»։
Currently Selected:
ԵԶԵԿԻԵԼ 13: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018