ԵԼՔ 7
7
1Տերն ասաց Մովսեսին. «Տե՛ս, քեզ փարավոնի համար աստված դարձրի, իսկ քո եղբայր Ահարոնը կլինի քո մարգարեն։ 2Դու խոսի՛ր այն ամենը, ինչ կհրամայեմ քեզ. իսկ քո եղբայր Ահարոնը թող խոսի փարավոնի հետ, որ Իսրայելի որդիներին արձակի իր երկրից։ 3Բայց ես կխստացնեմ փարավոնի սիրտը և իմ նշաններն ու հրաշքները կշատացնեմ Եգիպտոսի երկրում։ 4Փարավոնը ձեզ չի լսի. և ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա և իմ զորքերը՝ իմ ժողովրդին, Իսրայելի որդիներին, դուրս կհանեմ Եգիպտոսի երկրից մեծ դատաստաններով։ 5Եվ եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ իմ ձեռքը երկարացնեմ Եգիպտոսի վրա և Իսրայելի որդիներին դուրս հանեմ նրանց միջից»։ 6Մովսեսն ու Ահարոնը արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրենց. այդպես էլ արեցին։ 7Մովսեսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք տարեկան, երբ նրանք խոսեցին փարավոնի հետ։
Ահարոնի գավազանը
8Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. 9«Եթե փարավոնը խոսի ձեզ հետ և ասի՝ “Մի հրա՛շք ցույց տվեք”, այն ժամանակ դու կասես Ահարոնին. “Վերցրո՛ւ քո գավազանն ու գցի՛ր փարավոնի առաջ”. և դա վիշապ կդառնա»։ 10Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը։ Ահարոնն իր գավազանը գցեց փարավոնի և նրա ծառաների առաջ, և դա օձ դարձավ։ 11Փարավոնը կանչեց իմաստուններին և կախարդներին. Եգիպտոսի մոգերն էլ իրենց կախարդություններով նույնն արեցին։ 12Յուրաքանչյուրն իր գավազանը գցում էր, և դրանք օձեր էին դառնում. բայց Ահարոնի գավազանը կուլ տվեց նրանց գավազանները։ 13Փարավոնի սիրտը կարծրացավ, և նրանց չլսեց, ինչպես որ ասել էր Տերը։
Տասը հարվածները
1. Արյուն
14Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը կարծրացավ. նա չի ուզում արձակել ժողովրդին։ 15Առավոտյան գնա՛ փարավոնի մոտ. երբ նա դուրս գա դեպի ջուրը գնալու, կանգնի՛ր գետի եզերքին՝ նրա դիմաց, և ձե՛ռքդ առ օձ դարձած այն գավազանը։ 16Եվ ասա՛ նրան. “Եբրայեցիների Տեր Աստվածն ինձ ուղարկել է քեզ մոտ՝ ասելով. "Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ անապատում"։ Բայց մինչև հիմա դու ինձ չլսեցիր։ 17Այսպես է ասում Տերը. սրանով կիմանաս, որ ես եմ Տերը։ Ահա ես իմ ձեռքի գավազանով կհարվածեմ գետի ջրին, և ջրերը արյուն կդառնան։ 18Գետի մեջ եղած ձկները կսատկեն, գետը կնեխի, և եգիպտացիները կզզվեն գետից ջուր խմել”»։
19Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Ահարոնին. “Ա՛ռ գավազանդ և ձեռքդ մեկնի՛ր եգիպտացիների ջրերի վրա՝ նրանց առուների վրա, նրանց գետերի վրա, նրանց լճերի վրա, նրանց բոլոր ջրամբարների վրա, և արյուն կդառնան. Եգիպտոսի ամբողջ երկրում փայտե և քարե ամանների մեջ եղած ջրերը արյուն կդառնան”»։ 20Մովսեսն ու Ահարոնը արեցին, ինչպես որ Տերը պատվիրել էր։ Ահարոնը բարձրացրեց գավազանը և փարավոնի ու նրա ծառաների առաջ հարվածեց գետի ջրերին. գետի բոլոր ջրերը արյուն դարձան։ 21Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, և եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել։ Եգիպտոսի ամբողջ երկրում արյուն էր։ 22Եգիպտացի մոգերն էլ նույնն արեցին իրենց կախարդություններով։ Փարավոնի սիրտը կարծրացավ, և նա չլսեց Մովսեսին ու Ահարոնին, ինչպես որ ասել էր Տերը։ 23Փարավոնը վերադարձավ և եկավ իր տունը։ Այս էլ չազդեց նրա սրտին։ 24Բոլոր եգիպտացիները փորեցին գետի շրջակայքը՝ խմելու ջուր գտնելու համար, որովհետև գետի ջրից չէին կարողանում խմել։ 25Յոթ օր էր անցել, որ Տերը հարվածել էր գետին։
Currently Selected:
ԵԼՔ 7: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018