YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 31

31
Ժողովի վրանի պաշտոնյաները
(Ելք 35.30–36.1)
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Ահա Հուդայի ցեղից կանչեցի Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին։ 3Եվ լցրեցի նրան Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամենայն ճարտարությամբ, 4որպեսզի վարպետի գործեր հնարի՝ ոսկու, արծաթի և պղնձի վրա աշխատելու համար, 5ակնաքարեր գամել, փայտեր փորագրել և ի գործ դնել ամեն տեսակ արհեստներ։ 6Եվ ես ահա նրա հետ տվեցի Աքիսամայի որդի Ողիաբին՝ Դանի ցեղից։ Եվ ամեն իմաստուն սիրտ ունեցողի սրտի մեջ իմաստություն դրեցի, որպեսզի անեն այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ. 7ժողովի վրանը, վկայության տապանակն ու նրա վրայի քավությունը, վրանի ամբողջ սպասքը, 8զոհասեղանն ու նրա անոթները, մաքուր ոսկուց աշտանակն ու նրա բոլոր գործիքները, խնկարկության սեղանը, 9ողջակեզների սեղանն ու նրա բոլոր գործիքները, ավազանն ու նրա պատվանդանը, 10պաշտամունքի զգեստները, Ահարոն քահանայի սուրբ զգեստներն ու նրա որդիների քահանայություն անելու զգեստները, 11օծության յուղն ու սրբարանի համար անուշահոտ խունկը. բոլորը կանեն այնպես, ինչպես պատվիրել եմ քեզ»։
Շաբաթը՝ հանգստյան օր
12Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 13«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Անպատճառ պահե՛ք իմ շաբաթները, որովհետև ձեր սերունդների մեջ դա մի նշան է իմ ու ձեր միջև, որպեսզի գիտենաք, որ ես եմ ձեզ սրբագործող Տերը։ 14Ուրեմն պահե՛ք շաբաթը, որովհետև դա ձեզ համար սուրբ է։ Ով որ այն պղծի, անպատճառ պիտի մեռցվի։ Ամեն ոք, ով այդ օրը գործ կանի, նա պիտի վերանա իր ժողովրդի միջից։ 15Վեց օր պետք է աշխատել, բայց յոթերորդ օրը՝ հանգստյան շաբաթը, սուրբ պետք է լինի Տիրոջ համար։ Ով որ հանգստյան օրը գործ անի, անպատճառ պիտի մեռցվի։ 16Իսրայելի որդիները պիտի պահեն շաբաթը, որպեսզի իրենց սերունդների մեջ այն նշվի որպես հավիտենական ուխտ։ 17Դա հավիտենական նշան է իմ և Իսրայելի որդիների միջև, որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադար տվեց և հանգստացավ”»։
18Երբ Սինա լեռան վրա վերջացրեց Մովսեսի հետ խոսելը, նրան տվեց վկայության երկու տախտակները. քարե տախտակներ՝ Աստծու մատով գրված։

Currently Selected:

ԵԼՔ 31: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in