YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 18

18
Հոթորը այցելում է Մովսեսին
1Մովսեսի աները՝ Մադիամի քուրմ Հոթորը, իմացավ այն ամենը, ինչ Աստված արել էր Մովսեսին և Իսրայելի իր ժողովրդին, որ Տերը Իսրայելին հանեց Եգիպտոսից։ 2Մովսեսի աներ Հոթորը վերցրեց Մովսեսի կնոջը՝ Սեպփորային, նրան ետ ուղարկելուց հետո, 3և նրա երկու որդիներին, որոնցից մեկի անունը Գերսամ էր, որովհետև Մովսեսն ասել էր. «Պանդուխտ եղա օտար երկրում», 4իսկ մյուսի անունը՝ Եղիազար, որովհետև ասել էր. «Իմ հոր Աստվածն իմ օգնականն էր և ինձ ազատեց փարավոնի սրից»։ 5Մովսեսի աներ Հոթորը նրա կնոջ և նրա որդիների հետ եկավ Մովսեսի մոտ՝ անապատ, որտեղ նա բանակատեղի էր հաստատել Աստծու լեռան վրա։ 6Նա ասաց Մովսեսին. «Ես՝ քո աներ Հոթորը, գալիս եմ քեզ մոտ, նաև քո կինը և նրա երկու որդիները՝ նրա հետ»։ 7Մովսեսը դիմավորելու գնաց իր աներոջը, խոնարհվեց և համբուրեց նրան. հարցրին միմյանց ողջության մասին և մտան Մովսեսի վրանը։ 8Մովսեսն իր աներոջը պատմեց այն ամենը, ինչ արել էր Տերը փարավոնին և եգիպտացիներին Իսրայելի պատճառով, այն բոլոր չարչարանքները, որ կրել էին ճանապարհին, և Տերն ազատել էր իրենց։ 9Հոթորն ուրախացավ այն բոլոր բարությունների համար, որ Տերն արել էր Իսրայելին և փրկել նրանց եգիպտացիների ձեռքից։ 10Հոթորն ասաց. «Օրհնյալ լինի Տերը, որ ազատեց ձեզ եգիպտացիների ձեռքից և փարավոնի ձեռքից, որ ազատեց ժողովրդին եգիպտացիների լծից։ 11Հիմա գիտեմ, որ Տերը բոլոր աստվածներից մեծ է հենց այն բանում, որով եգիպտացիները հպարտանում էին նրանց դեմ»։ 12Մովսեսի աներ Հոթորը ողջակեզ և զոհեր մատուցեց Աստծուն։ Ահարոնն ու Իսրայելի բոլոր ծերերը Մովսեսի աներոջ հետ եկան Աստծու առջև հաց ուտելու։
Դատավորների անվանումը
(Բ Օր. 1.9-18)
13Հետևյալ օրը Մովսեսը նստեց ժողովրդին դատելու, և ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնել էր Մովսեսի մոտ։ 14Մովսեսի աները, տեսնելով ամենը, ինչ անում էր Մովսեսը ժողովրդին, ասաց. «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին. ինչո՞ւ ես դու մենակ նստում, իսկ ամբողջ ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնում է քեզ մոտ»։ 15Մովսեսն ասաց իր աներոջը. «Ժողովուրդը գալիս է ինձ մոտ՝ Աստծուց դատաստան հայցելու։ 16Երբ նրանք որևէ վեճ են ունենում, գալիս են ինձ մոտ. ես դատաստան եմ անում նրանց միջև և նրանց հասկացնում Աստծու հրամաններն ու նրա օրենքները»։ 17Մովսեսի աներն ասաց նրան. 18«Քո արածը լավ բան չէ. այդպես անպատճառ դու էլ կտանջվես, քեզ հետ եղած ժողովուրդն էլ, որովհետև քեզ համար շատ ծանր է այդ գործը. դու միայնակ չես կարող անել դա։ 19Հիմա լսի՛ր իմ խոսքին. ես քեզ մի խորհուրդ եմ տալիս, և Աստված քեզ հետ կլինի։ Ժողովրդի համար դո՛ւ գնա Աստծու առաջ և դատերը դո՛ւ ներկայացրու Աստծուն։ 20Սովորեցրո՛ւ նրանց Աստծու հրամաններն ու օրենքները, հասկացրո՛ւ նրանց իրենց գնալու ճանապարհը և իրենց անելու գործը։ 21Դու ամբողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող, աստվածավախ, հավատարիմ, ագահությունն ատող մարդկանց և նրանց վրա հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետնե՛ր կարգիր։ 22Եվ ամեն ժամանակ թող նրանք դատեն ժողովրդին և քեզ ներկայացնեն բոլոր մեծ գործերը, իսկ փոքր գործերն իրենք դատեն։ Թեթևացրո՛ւ բեռը քո վրայից, և նրանք թող այն կրեն քեզ հետ։ 23Եթե այս անես, և Աստված էլ պատվիրի քեզ, այն ժամանակ կկարողանաս կանգնել, և այս ամբողջ ժողովուրդն էլ խաղաղությամբ կգնա իր տեղը»։
24Մովսեսն անսաց իր աներոջ խոսքին և նրա բոլոր ասածներն արեց։ 25Մովսեսը ամբողջ Իսրայելից ընտրեց կարող մարդկանց և ժողովրդի վրա նրանց կարգեց գլխավորներ, այսինքն՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետներ։ 26Ամբողջ ժամանակ սրանք էին դատում ժողովրդին։ Դժվար գործերը բերում էին Մովսեսին, իսկ բոլոր փոքր գործերը դատում էին իրենք։ 27Մովսեսը ճանապարհ դրեց իր աներոջը, և նա գնաց իր երկիրը։

Currently Selected:

ԵԼՔ 18: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy