YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 16

16
Մանանան և լորամարգիները
1Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը մեկնեց Եղիմից և եկավ Սին անապատը, որը գտնվում է Եղիմի և Սինայի միջև, Եգիպտոսի երկրից իրենց դուրս գալու երկրորդ ամսվա տասնհինգերորդ օրը։ 2Իսրայելի որդիների ամբողջ բազմությունն անապատում տրտնջաց Մովսեսի և Ահարոնի դեմ։ 3Իսրայելի որդիներն ասացին նրանց. «Երանի թե Տիրոջ ձեռքով մեռած լինեինք Եգիպտոսի երկրում, երբ մսի կաթսաների մոտ նստած էինք և կուշտ հաց էինք ուտում. որովհետև մեզ բերեցիք այս անապատը, որ այս ամբողջ ժողովրդին սովամահ անեք»։
4Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես երկնքից հաց պիտի տեղացնեմ ձեզ համար. թող ժողովուրդը վեր կենա և օրվա համար պետք եղածը հավաքի նույն օրը, որպեսզի փորձեմ նրանց, թե իմ օրենքի համաձա՞յն պիտի գնան, թե՞ ոչ։ 5Վեցերորդ օրը, երբ նրանք պատրաստեն իրենց բերածը, իրենց ամեն օրվա հավաքածի կրկնապատիկը կլինի»։
6Մովսեսն ու Ահարոնն ասացին Իսրայելի բոլոր որդիներին. «Այս երեկո դուք կիմանաք, որ ձեզ Եգիպտոսի երկրից հանողը Տերն է, 7իսկ առավոտյան կտեսնեք Տիրոջ փառքը, որովհետև Տիրոջ դեմ արած ձեր տրտունջն ինքը լսեց։ Մենք ո՞վ ենք, որ տրտնջում եք մեր դեմ»։ 8Մովսեսն ասաց. «Տերը երեկոյան ձեզ ուտելու միս, իսկ առավոտյան կշտանալու չափ հաց տալիս կիմանաք, որ Տերը լսել է իր դեմ ձեր արած տրտունջը։ Իսկ մենք ո՞վ ենք. ձեր տրտունջը մեր դեմ չէ, այլ Տիրոջ դեմ»։ 9Մովսեսն ասաց Ահարոնին. «Իսրայելի որդիների ամբողջ բազմությանն ասա՛. “Մոտեցե՛ք Տիրոջը, որովհետև ձեր տրտունջը լսեց”»։
10Մինչ Ահարոնը խոսում էր Իսրայելի որդիների ամբողջ բազմության հետ, նրանք նայեցին դեպի անապատը, և ահա Տիրոջ փառքը երևաց ամպի մեջ։ 11Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 12«Ես լսեցի Իսրայելի որդիների տրտունջը. խոսի՛ր նրանց հետ և ասա՛. “Երեկոյան դեմ միս պիտի ուտեք, իսկ առավոտյան պիտի կշտանաք հացով. և կիմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
13Երեկոյան լորամարգիներ ելան և ծածկեցին բանակատեղին, իսկ առավոտյան բանակատեղիի շուրջը ցող իջավ։ 14Երբ իջած ցողը վերացավ, անապատի երեսին մանր թեփաձև մի բան կար՝ գետնի վրայի եղյամի նման մանր։ 15Իսրայելի որդիները տեսան և ասացին միմյանց. «Ի՞նչ է սա». որովհետև չգիտեին, թե ինչ էր։ Մովսեսն ասաց նրանց. «Սա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ՝ ուտելու։ 16Տիրոջ պատվիրածն այս է. “Ամեն մեկդ դրանից հավաքե՛ք ձեր ուտելու չափ՝ մարդագլուխ մեկ օմեր#16.16 1 օմերը հավասար է 2 լիտրի (նաև հմր. 18, 22, 32, 33, 36՝ ըստ ձեր վրանի անդամների թվի. յուրաքանչյուրը թող վերցնի իր վրանում գտնվողների համար”»։ 17Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին. որը շատ, որը քիչ հավաքեց։ 18Չափում էին օմերով. շատ ունեցողինը չավելացավ, իսկ քիչ ունեցողինը չպակասեց։ Յուրաքանչյուրը հավաքեց իր ուտելու չափ։ 19Մովսեսն ասաց նրանց. «Ոչ ոք դրանից մինչև առավոտ չպահի»։ 20Բայց Մովսեսին չլսեցին, այլ ոմանք դրանից թողեցին մինչև առավոտ. որդնոտեց ու հոտեց։ Մովսեսը բարկացավ նրանց վրա։ 21Դրանից հետո ամեն առավոտ յուրաքանչյուրը հավաքում էր իր ուտելու չափ։ Երբ արևը տաքացնում էր, հալվում էր։
22Վեցերորդ օրը հավաքեցին կրկնապատիկ ուտելիք, այսինքն՝ յուրաքանչյուրի համար՝ երկու օմեր։ Ժողովրդի բոլոր իշխանները եկան և պատմեցին Մովսեսին։ 23Նա ասաց նրանց. «Այս է Տիրոջ ասածը. “Վաղը հանգստյան սուրբ շաբաթն է Տիրոջ համար. ինչ որ եփելու եք, եփե՛ք, և ինչ որ եռացնելու եք, եռացրե՛ք, և ինչ որ կավելանա, պահե՛ք ձեզ առավոտվա համար”»։ 24Եվ նրանք դա թողեցին մինչև առավոտ, ինչպես որ հրամայել էր Մովսեսը. այն չհոտեց, ոչ էլ մեջը որդ ընկավ։ 25Մովսեսն ասաց. «Այսօ՛ր կերեք, որովհետև այսօր շաբաթ է Տիրոջ համար։ Դուք այսօր դրանից չեք գտնի դաշտում։ 26Վեց օր կհավաքեք դա, բայց յոթերորդ օրը, որ շաբաթ է, չի գտնվի»։ 27Յոթերորդ օրը ժողովրդից ոմանք գնացին հավաքելու, բայց չգտան։ 28Տերն ասաց Մովսեսին. «Մինչև ե՞րբ չեք ուզում պահել իմ պատվիրաններն ու օրենքները։ 29Տեսաք, որ Տերը ձեզ տվեց շաբաթը։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրվա հաց է տալիս։ Թող յուրաքանչյուրն իր տեղը նստի, և ոչ ոք իր տեղից չելնի յոթերորդ օրը»։ 30Եվ ժողովուրդը հանգստացավ յոթերորդ օրը։ 31Իսրայելի տունն այդ ուտելիքի անունը «ման» դրեց. դա գինձի սերմի պես սպիտակ էր, և համը մեղրով պատրաստված գաթայի նման էր։
32Մովսեսն ասաց. «Այս է Տիրոջ հրամանը. “Դրանից լցրե՛ք մի օմեր, որ պահվի ձեր սերունդների համար, որպեսզի տեսնեն այն հացը, որով ձեզ կերակրեցի անապատում՝ ձեզ Եգիպտոսի երկրից հանելիս”»։ 33Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ մի սափոր, դրա մեջ մի լիքը օմեր մանանա՛ լցրու և դի՛ր Տիրոջ առաջ, որպեսզի պահվի ձեր սերունդների համար»։ 34Ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, Ահարոնն այն դրեց վկայության տապանակի առաջ, որ պահվի։ 35Իսրայելի որդիները քառասուն տարի մանանա կերան, մինչև որ եկան շեն երկիր։ Մանանա կերան, մինչև որ եկան Քանանի երկրի սահմանը։ 36Մեկ օմերը մեկ արդուի տասներորդ մասն է։

Currently Selected:

ԵԼՔ 16: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in