ԺՈՂՈՎՈՂ 7
7
Խորհուրդներ կյանքի մասին
1Բարի անունը թանկարժեք յուղերից լավ է, և մահվան օրը՝ ծննդյան օրից։
2Լավ է սգի տուն գնալ, քան թե խնջույքի տուն, որովհետև սա՛ է ամեն մարդու վերջը, և ապրողը դա իր սրտի մեջ պիտի պահի։
3Վիշտը ծիծաղից լավ է, որովհետև դեմքի տխրությամբ սիրտն ուրախանում է։
4Իմաստունների սիրտը սգի տանն է, իսկ անմիտների սիրտը՝ ուրախության տանը։
5Լավ է իմաստունների կշտամբանքը լսել, քան թե անմիտների երգը։
6Որովհետև ինչպես փշերի ձայնն է կաթսայի տակ, այնպես էլ՝ անմիտի ծիծաղը. սա էլ է ունայն։
7Որովհետև բռնությունը խենթացնում է իմաստունին. իսկ կաշառքն ապականում է միտքը։
8Ավելի լավ է մի բանի վախճանը, քան նրա սկիզբը. համբերատար մարդը գոռոզ մարդուց լավ է։
9Մի՛ շտապիր հոգով բարկանալ, քանի որ բարկությունը անմիտների ծոցում է հանգչում։
10Մի՛ ասա. «Ինչո՞ւ էին առաջվա օրերը այս օրերից լավը», որովհետև իմաստությունից չէ, որ հարցնում ես այս բանը։
11Իմաստությունը լավ է ժառանգության հետ և օգտակար է արեգակը տեսնողների համար։
12Որովհետև իմաստության հովանին արծաթի հովանու պես է, բայց գիտության օգուտը սա է, որ իմաստությունն իր տերերին ապրեցնում է։
13Նայի՛ր Աստծու գործին. որովհետև ո՞վ կարող է ուղղել նրա ծռածը։
14Բարօրության օրը ուրա՛խ եղիր և չարիքի օրը՝ զգուշավոր. Աստված թե՛ մեկը, թե՛ մյուսը ստեղծեց, որ մարդ իրենից հետո լինելիք ոչ մի բան չգտնի#7.14 Կամ չկարողանա գուշակել՝ ինչ է լինելու իր հետ։։
15Ամեն բան տեսա իմ ունայնության օրերում. արդար կա, որ կորչում է իր արդարության մեջ, և անիրավ կա, որ երկարացնում է իր կյանքը իր անիրավության մեջ։
16Չափազանց արդար մի՛ եղիր և քեզ չափազանց իմաստուն մի՛ կարծիր. ինչի՞ համար քեզ կործանես#7.16 Ամայանաս։։
17Խիստ ամբարիշտ մի՛ եղիր և անխելք մի՛ եղիր. ինչի՞ համար տարաժամ մեռնես։
18Լավ է, որ մեկին բռնես և մյուսից էլ ձեռքդ չքաշես, որովհետև Աստծուց վախեցողը ամեն ինչից դուրս կգա։
19Իմաստությունն իմաստունին ավելի ուժ կտա, քան թե մի քաղաքում եղող տասը իշխանները այդ քաղաքին։
20Իրոք որ երկրի վրա արդար մարդ չկա, որ բարին անի և երբևէ մեղք չգործի։
21Սիրտդ մի՛ տուր ասված ամեն խոսքի, որպեսզի չլսես, որ ծառադ անիծում է քեզ։
22Որովհետև քո սիրտն էլ իմացել է, որ շատ անգամ դու էլ ուրիշներին ես անիծել։
23Այս ամենը փորձարկեցի իմաստությամբ, ասացի. «Ես իմաստուն կլինեմ», բայց այն ինձանից հեռու էր։
24Այն, ինչ եղել է, հեռու է և խորը՝ խորունկ. ո՞վ կարող է գտնել այն։
25Ես իմ միտքը շրջեցի, որ գիտենամ և քննեմ, իմաստություն և նշանակություն#7.25 Բռց. հաշիվ։ փնտրեմ և իմանամ, որ չարությունը ապուշություն է, իսկ անխելքությունը՝ խենթություն։
26Ես մահից ավելի դառը գտա այն կնոջը, որի սիրտը ցանցեր և ուռկաններ են, ձեռքերը՝ կապանքներ։ Աստծու առաջ հաճելի եղողը կազատվի նրանից, իսկ մեղավորը կբռնվի նրա մեջ։
27Ահավասիկ սա՛ եմ գտել,- ասում է Ժողովողը,- մի բան մյուսին ավելացնելով՝ գտնել իրերի նշանակությունը#7.27 Բռց. հաշիվ։.
28Հոգիս տակավին փնտրում է, բայց ես չեմ գտել։ Մի տղամարդ եմ գտել հազարից, բայց այս բոլորի մեջ մի կին չգտա։
29Սակայն ես միայն սա գտա. որ Աստված մարդուն ուղիղ է ստեղծել, բայց նա շատ հնարքներ փնտրեց։
Currently Selected:
ԺՈՂՈՎՈՂ 7: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018