Բ ՕՐԵՆՔ 34
34
Մովսեսի մահը
1Մովսեսը Մովաբի դաշտերից բարձրացավ Նաբավ լեռը՝ Փասգայի գագաթը, որը գտնվում է Երիքովի դիմաց։ Տերը նրան ցույց տվեց Գաղաադի ամբողջ երկիրը մինչև Դան, 2նաև ամբողջ Նեփթաղիմը, Եփրեմի ու Մանասեի երկիրը և Հուդայի ամբողջ երկիրը մինչև արևմտյան ծովը, 3հարավային կողմը, Երիքովի հովտի դաշտն ու Արմավենիների քաղաքը մինչև Սեգոր։ 4Տերն ասաց նրան. «Սա է այն երկիրը, որի համար երդվեցի Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ասելով. “Քո սերնդին եմ տալու դա”։ Ահա քո աչքերով տեսնել տվեցի քեզ, բայց դու այնտեղ չես մտնի»։
5Եվ Տիրոջ ծառա Մովսեսը վախճանվեց այնտեղ՝ Մովաբի երկրում, Տիրոջ խոսքի համաձայն։ 6Եվ նա նրան թաղեց Մովաբի երկրի ձորում՝ Բեթփեգորի դիմաց, և ոչ մի մարդ չիմացավ նրա գերեզմանի տեղը մինչև այսօր։ 7Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ մեռավ. նրա աչքը չէր տկարացել, նրա ուժը չէր սպառվել։ 8Իսրայելի որդիները Մովաբի դաշտերում երեսուն օր լաց եղան Մովսեսի համար, և վերջացան Մովսեսի սգո լացի օրերը։
9Նավեի որդի Հեսուն լցված էր իմաստության հոգով, որովհետև Մովսեսն իր ձեռքերը դրել էր նրա վրա, և Իսրայելի որդիները լսում էին նրան ու անում այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։
10Իսրայելում այլևս չեղավ Մովսեսի նման մի մարգարե, որին Տերը ճանաչեր երես առ երես. 11այն բոլոր նշաններով ու հրաշքներով, որ փարավոնի, նրա բոլոր ծառաների և նրա ամբողջ երկրի դեմ կատարելու համար Տերը Մովսեսին ուղարկեց Եգիպտոսի երկիրը, 12և իր հզոր ձեռքով ու սարսափազդու բոլոր արարքներով, որ Մովսեսն արեց ամբողջ Իսրայելի աչքի առջև։
Currently Selected:
Բ ՕՐԵՆՔ 34: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018