Բ ՕՐԵՆՔ 31
31
Հեսուն՝ Մովսեսի հաջորդը
1Մովսեսը գնաց և այս խոսքերը խոսեց Իսրայելի որդիներին ու նրանց ասաց. 2«Ես այսօր հարյուր քսան տարեկան եմ, այլևս դուրս ելնելու և ներս մտնելու կարողություն չունեմ։ Տերն ինձ ասաց. “Դու այս Հորդանան գետը չես անցնի”։ 3Քո Տեր Աստվածն ինքը կանցնի քո առաջ, կորստյան կմատնի քո առջևից այս ազգերին, և դու կտիրես նրանց։ Հեսո՛ւն կանցնի քո առաջ, ինչպես ասել է Տերը։ 4Տերն այնպես կվարվի նրանց հետ, ինչպես վարվեց ամորհացիների Սեհոն և Օգ թագավորների ու նրանց երկրի հետ, որոնց բնաջինջ արեց։ 5Տերը նրանց կհանձնի ձեր ձեռքը, և դուք նրանց հետ կվարվեք ըստ այն պատվիրանների, որ ես պատվիրել եմ ձեզ։ 6Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է գնում ձեզ հետ. նա ձեզ չի թողնի և ձեզ չի լքի»։
7Մովսեսը կանչեց Հեսուին ու բոլոր իսրայելացիների առջև ասաց նրան. «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև դու այս ժողովրդին տանելու ես այն երկիրը, որ Տերը երդվեց նրանց հայրերին, որ կտա նրանց. և դո՛ւ ես նրանց ժառանգություն տալու։ 8Քո առջևից գնացողը նույն ինքը Տերն է. նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողնի և քեզ չի լքի. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր»։
Օրենքը պետք է կարդացվի ամեն յոթ տարին մեկ
9Մովսեսը գրեց այս օրենքը և տվեց Ղևիի որդի այն քահանաներին, որ Տիրոջ ուխտի տապանակը վեր են առնում, ինչպես նաև Իսրայելի բոլոր ծերերին։ 10Մովսեսը նրանց պատվիրեց՝ ասելով. «Ամեն յոթերորդ տարում՝ թողության տարում, Տաղավարահարաց տոնին, 11երբ որ ամբողջ Իսրայելը կգա երևալու քո Տեր Աստծու առաջ, նրա ընտրած վայրում, դու կկարդաս այս օրենքը ամբողջ Իսրայելի առջև, որպեսզի լսեն։ 12Հավաքի՛ր ժողովրդին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին և քո քաղաքներում գտնվող օտարականներին, որպեսզի լսեն, սովորեն ձեր Տեր Աստծուց վախենալ և պահեն ու կատարեն այս օրենքի բոլոր խոսքերը։ 13Նրանց զավակները, որոնք դեռ չգիտեն, կլսեն ու կսովորեն ձեր Տեր Աստծուց վախենալ այն բոլոր օրերին, որ կապրեք այն երկրում, որ Հորդանանով անցնում եք այնտեղ՝ այն ժառանգելու»։
14Տերն ասաց Մովսեսին. «Ահա մոտեցել են քո մահվան օրերը։ Կանչի՛ր Հեսուին, և եկեք ներկայացե՛ք ժողովի վրանում, որպեսզի պատվեր տամ նրան»։ Մովսեսն ու Հեսուն գնացին ներկայացան ժողովի վրանում։ 15Տերն ամպի սյունով երևաց վրանում, և ամպի սյունը կանգնեց վրանի դռանը։ 16Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու կննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի և շնություն անի օտար աստվածների հետևից այն երկրում, ուր նա գնում է. նա պիտի լքի ինձ և պիտի բեկանի իր հետ արած իմ ուխտը։ 17Այդ օրը իմ բարկությունը պիտի բորբոքվի նրանց վրա, և ես պիտի լքեմ նրանց ու երեսս ծածկեմ նրանցից. պիտի բնաջնջվեն, բազում չարիքների և նեղությունների պիտի հանդիպեն ու այդ օրը պիտի ասեն. “Մի՞թե մեր Աստվածը մեր մեջ չլինելու պատճառով չէ, որ այս չարիքները հանդիպեցին մեզ”։ 18Ես այդ օրն իմ երեսն ամբողջովին պիտի ծածկեմ նրանց արած բոլոր չարությունների համար, որովհետև դեպի ուրիշ աստվածները դարձան։ 19Հիմա գրե՛ք այս երգը ձեզ համար. այն սովորեցրո՛ւ Իսրայելի որդիներին, դի՛ր նրանց բերանը, որպեսզի այս երգը վկայություն լինի ինձ համար Իսրայելի որդիների մեջ. 20որովհետև ես նրանց պիտի տանեմ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում, և որի համար ես երդում եմ արել նրանց հայրերին։ Նրանք կուտեն, կկշտանան, կգիրանան, ապա ուրիշ աստվածների կդառնան, կծառայեն նրանց, կարհամարհեն ինձ և կբեկանեն իմ ուխտը։ 21Իսկ երբ նրանք հանդիպեն բազում չարիքների և նեղությունների, այս երգը թող վկայություն լինի նրանց առաջ, որովհետև այն չպիտի մոռացվի նրանց զավակների բերանից. քանզի ես գիտեմ, թե նրանք ինչ խորհուրդ են անում այսօր, նախքան ես նրանց կտանեմ այն երկիրը, որ երդումով խոստացել եմ նրանց»։ 22Եվ Մովսեսը նույն օրը գրեց այս երգը և այն սովորեցրեց Իսրայելի որդիներին։
23Նա Նավեի որդի Հեսուին պատվիրեց և ասաց. «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև դու պիտի տանես Իսրայելի որդիներին այն երկիրը, որի համար երդում եմ արել նրանց. և ես քեզ հետ կլինեմ»։
24Երբ Մովսեսն այս օրենքի բոլոր խոսքերը մինչև վերջ գրեց վերջացրեց մի մատյանի մեջ, 25նա պատվիրեց Տիրոջ ուխտի տապանակը տանող ղևտացիներին՝ ասելով. 26«Վերցրե՛ք այս օրենքի մատյանը և դրե՛ք ձեր Տեր Աստծու ուխտի տապանակի մոտ, որպեսզի դա այնտեղ վկայություն լինի ձեր դեմ. 27որովհետև ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. ահա այսօր, երբ տակավին ես ողջ եմ ու ձեզ հետ, և դուք Տիրոջ դեմ ըմբոստանում եք, ապա որչա՜փ ավելին կանեք իմ մեռնելուց հետո։ 28Հավաքե՛ք իմ առջև ձեր ցեղերի բոլոր ծերերին և ձեր գլխավորներին, որպեսզի ես այս խոսքերը խոսեմ նրանց ականջներին և երկինքն ու երկիրը վկա կանչեմ նրանց առաջ. 29որովհետև գիտեմ, որ իմ մեռնելուց հետո դուք անպատճառ անօրենություն եք անելու, շեղվելու եք այն ճանապարհից, որ պատվիրել եմ ձեզ, և վերջին օրերին հանդիպելու եք չարիքների։ Որովհետև Տիրոջ առջև չարություն եք անելու և ձեր ձեռքի գործերով բարկացնելու եք նրան»։ 30Եվ Մովսեսն այս երգի խոսքերն Իսրայելի ամբողջ ժողովրդին ասաց մինչև վերջ.
Currently Selected:
Բ ՕՐԵՆՔ 31: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018