YouVersion Logo
Search Icon

Բ ՕՐԵՆՔ 3

3
Իսրայելը հաղթում է Օգ թագավորին
(Թվ. 21.31-35)
1«Շրջվեցինք և բարձրացանք Բասանի ճանապարհով։ Բասանի Օգ թագավորը, ինքն ու իր ամբողջ ժողովուրդը Եդրայիում պատերազմի դուրս ելան մեր դեմ։ 2Տերն ինձ ասաց. “Մի՛ վախեցիր նրանից, որովհետև քո ձեռքն եմ մատնելու նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա երկիրը։ Նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի հետ”։ 3Եվ մեր Տեր Աստվածը Բասանի Օգ թագավորին էլ մատնեց մեր ձեռքը նրա ամբողջ ժողովրդի հետ։ Մենք կոտորեցինք նրանց այնպես, որ նրանցից ոչ մեկն էլ ողջ չմնաց։ 4Այն ժամանակ մենք գրավեցինք նրա բոլոր քաղաքները. քաղաք չմնաց, որ գրաված չլինեինք նրանցից. վաթսուն քաղաք, այսինքն՝ ամբողջ Արգոբի գավառը՝ Օգի թագավորությունը Բասանում։ 5Սրանք բոլորն էլ բարձր պարիսպներով, դարպասներով և դռնափակերով ամրացած քաղաքներ էին, բացի չպարսպապատված քաղաքներից, որոնք խիստ շատ էին։ 6Նրանց քաղաքները կործանեցինք, կոտորեցինք տղամարդկանց, կանանց և երեխաներին, ինչպես որ արել էինք Եսեբոնի Սեհոն թագավորի երկրում։ 7Սակայն ավար առանք բոլոր անասուններն ու քաղաքներից կողոպուտը։ 8Այն ժամանակ ամորհացիների երկու թագավորների ձեռքից առանք Հորդանանի այն կողմում գտնվող երկիրը՝ Առնոնի ձորից մինչև Հերմոն լեռը։ 9(Սիդոնացիները Հերմոնն անվանում էին Սարիոն, իսկ ամորհացիներն այն անվանում էին Սանիր)։ 10Դաշտային բոլոր քաղաքները, ամբողջ Գաղաադն ու ամբողջ Բասանը, մինչև Սելքա և Եդրայի, Բասանում գտնվող Օգի թագավորության քաղաքները։ 11Հսկաների ցեղից միայն Բասանի Օգ թագավորն էր մնացել։ Նրա մահճակալը՝ երկաթյա մի մահճակալ, այժմ գտնվում է Ամմոնի որդիների Ռափա քաղաքում։ Դրա երկարությունը ինը կանգուն է, իսկ լայնությունը՝ չորս կանգուն, ընդունված չափի կանգունով։
Հորդանան գետի արևելքում գտնվող ցեղերը
(Թվ. 32.1-42)
12Երբ այդ երկիրը գրավեցինք, Ռուբենի և Գադի ցեղերին տվեցի այն տարածքը, որ ընդգրկում է Արոերը, Առնոնի ձորը և Գաղաադի լեռնային տարածքի կեսը իր քաղաքներով։ 13Գաղաադի մնացած մասն ու ամբողջ Բասանը՝ Օգի թագավորությունը, նաև Արգոբի ամբողջ գավառն ամբողջ Բասանի հետ, որ հսկաների երկիր էր կոչվում, տվեցի Մանասեի կես ցեղին։ 14Մանասեի որդի Հայիրն առավ Արգոբի ամբողջ գավառը մինչև գեսուրացիների ու մաքաթացիների սահմանը և դրանք իր անունով կոչեց Բասան-Հավոթ-Հայիր, մինչև այսօր էլ։ 15Գաղաադը տվեցի Մաքիրին։ 16Ռուբենի և Գադի ցեղերին տվեցի Գաղաադից մինչև Առնոնի ձորը, որի միջով անցնում է սահմանը, մինչև Հաբոկի ձորը, որ Ամմոնի որդիների սահմանն է. 17նաև դաշտը, որի սահմանն է Հորդանան գետը, Քեներեթից մինչև Արաբայի, այսինքն՝ Մեռյալ ծովը, Փասգա լեռան ստորոտը՝ արևելյան կողմում։
18Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. “Ձեր Տեր Աստվածն այս երկիրը տվեց ձեզ իբրև ժառանգություն։ Ո՛վ դուք բոլոր քաջերդ, սպառազինված գնացեք անցե՛ք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ. 19իսկ ձեր կանայք, ձեր երեխաներն ու ձեր անասունները (գիտեմ, որ ձեր անասունները շատ են) թող մնան ձեր այն քաղաքներում, որ ես տվել եմ ձեզ, 20մինչև որ Տերը ձեր եղբայրներին էլ ձեզ պես հանգստացնի, և մինչև որ նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալու է նրանց Հորդանանի այն կողմում։ Հետո ձեզնից յուրաքանչյուրը կվերադառնա իր ժառանգած երկիրը, որ ես տվել եմ ձեզ”։
21Այն ժամանակ ես Հեսուին պատվիրեցի՝ ասելով. “Քո աչքերը տեսան, ինչ որ ձեր Տեր Աստվածն արեց այդ երկու թագավորներին։ Տերն այդպես է անելու նաև այն բոլոր թագավորություններին, որոնցով դու պիտի անցնես։ 22Մի՛ վախեցեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է պատերազմելու ձեզ համար”։
Մովսեսին չի թույլատրվում մտնել Քանան
23Ես այն ժամանակ Տիրոջն աղաչեցի և ասացի. 24“Ո՛վ Տեր, Տե՛ր, դու սկսեցիր քո ծառային ցույց տալ քո մեծությունն ու քո զորավոր ձեռքը, որովհետև երկնքում և երկրի վրա ո՞վ է այն աստվածը, որ կարողանա քո գործերի և քո զորավոր արարքների պես անել։ 25Աղաչում եմ, թող անցնեմ և տեսնեմ Հորդանանի այն կողմում գտնվող լավ երկիրը, այն սքանչելի լեռն ու Լիբանանը”։ 26Բայց Տերն ինձ վրա բարկացավ ձեր պատճառով ու չլսեց ինձ։ Տերն ինձ ասաց. “Բավական է. այդ մասին այլևս ինձ հետ չխոսես։ 27Բարձրացի՛ր Փասգայի գագաթը, աչքերդ ուղղի՛ր դեպի արևմուտք, հյուսիս, հարավ ու արևելք և աչքերովդ տե՛ս, որովհետև դու այս Հորդանան գետից չես անցնելու։ 28Պատվերնե՛ր տուր Հեսուին, զորացրո՛ւ նրան, քաջալերի՛ր, որովհետև նա՛ է առաջնորդելու այս ժողովրդին և նրանց իբրև ժառանգություն տալու է այն երկիրը, որ դու տեսնում ես ահա”։ 29Եվ մենք նստեցինք հովտում՝ Բեթփեգորի դիմաց»։

Currently Selected:

Բ ՕՐԵՆՔ 3: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in