Բ ՕՐԵՆՔ 26
26
Առաջին բերքի մատուցում
1«Երբ մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ իբրև ժառանգություն, ժառանգես այն ու բնակվես այնտեղ, 2այն ժամանակ կվերցնես այդ երկրի բոլոր պտուղների առաջին բերքից, որը կքաղես քո Տեր Աստծու՝ քեզ տված հողից, կդնես մի զամբյուղի մեջ և կգնաս այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը՝ իր անունն այնտեղ դնելու համար։ 3Կգնաս այդ օրերի քահանայի մոտ և կասես. “Այսօր ես քո Տեր Աստծուն հայտնում եմ, որ մտա այն երկիրը, որի համար Տերը երդվել էր մեր հայրերին, որ կտա մեզ”։ 4Քահանան զամբյուղը կվերցնի քո ձեռքից և կդնի քո Տեր Աստծու սեղանի առաջ։ 5Դու, պատասխան տալով, կասես քո Տեր Աստծու առջև. “Իմ հայրը թափառական մի ասորի#26.5 Եբր. արամեացի։ էր. նա Եգիպտոս իջավ սակավաթիվ մարդկանցով, պանդուխտ մնաց այնտեղ, բայց դարձավ մեծ, հզոր և բազմամարդ մի ազգ։ 6Եգիպտացիները մեզ չարչարեցին, մեզ նեղեցին և մեզ տաժանակիր աշխատեցրին։ 7Մենք աղաղակեցինք դեպի մեր հայրերի Տեր Աստվածը. Տերը լսեց մեր ձայնը, տեսավ մեր նեղությունը, հոգնությունն ու մեր զրկանքը։ 8Տերը մեզ հանեց Եգիպտոսից հզոր ձեռքով և բարձր բազկով, սարսափազդու արարքներով, նշաններով ու հրաշքներով։ 9Եվ մեզ բերեց այս վայրն ու մեզ տվեց այս երկիրը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։ 10Արդ, ահա բերում եմ ինձ տված քո երկրի պտուղների երախայրիքը, ո՛վ Տեր”։ Դու, դրանք քո Տեր Աստծու առաջ դնելով, երկրպագություն կանես քո Տեր Աստծու առջև։ 11Եվ քո Տեր Աստծու քեզ և քո ընտանիքին տված բոլոր բարիքների համար կուրախանաք դու, ղևտացին և ձեր մեջ գտնվող օտարականը։
12Երբ երրորդ տարում՝ տասանորդի տարում, քո արդյունքների բոլոր տասանորդները տաս վերջացնես և այն տաս ղևտացուն, օտարականին, որբին ու որբևայրուն, և նրանք քո քաղաքներում ուտեն ու հագենան, 13այն ժամանակ քո Տեր Աստծու առջև կասես. “Ինչ որ սրբագործված էր, ամբողջությամբ հանեցի իմ տնից և ըստ ինձ պատվիրած քո բոլոր հրամանների՝ տվեցի ղևտացուն, օտարականին, որբին ու որբևայրուն։ Քո պատվիրանները զանց չարեցի և չմոռացա։ 14Իմ սգո օրերին դրանից չկերա և անմաքուր բանի չգործածեցի, դրանից չտվեցի մեռելի համար. իմ Տեր Աստծու խոսքը լսեցի և արեցի բոլորը, որ պատվիրել էիր ինձ։ 15Նայի՛ր երկնքից՝ քո սուրբ բնակարանից, և օրհնի՛ր քո Իսրայել ժողովրդին ու այն երկիրը, որ տվեցիր մեզ, ինչպես որ երդվել էիր մեր հայրերին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում”։
Տիրոջ սեփական ժողովուրդը
16Այսօր քո Տեր Աստվածը պատվիրում է քեզ, որ կատարես այս բոլոր կանոններն ու օրենքները. դրանք կպահես և կգործադրես քո ամբողջ սրտով ու ամբողջ հոգով։ 17Դու այսօր խոսք ես տալիս Տիրոջը, որ նա կլինի քո Աստվածը, որ դու կգնաս նրա ճանապարհներով, կպահես նրա կանոնները, պատվիրաններն ու հրամանները և կհնազանդվես նրա ձայնին։ 18Տերն էլ այսօր քեզ խոսք է տալիս, որ դու կլինես նրա սեփական ժողովուրդը, ինչպես ասել է քեզ, եթե պահես նրա բոլոր պատվիրանները։ 19Նա իր ստեղծած բոլոր ազգերից գերիվեր կդարձնի քեզ մեծավայելչությամբ, համբավով ու փառքով, որպեսզի սուրբ ժողովուրդ լինես քո Տեր Աստծու համար, ինչպես որ ասել է»։
Currently Selected:
Բ ՕՐԵՆՔ 26: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018