YouVersion Logo
Search Icon

Բ ՕՐԵՆՔ 21

21
Չբացահայտված մարդասպանությունների մասին
1«Եթե քո Տեր Աստծու՝ քեզ ժառանգություն տված երկրում դաշտի մեջ ընկած մի սպանված գտնվի, և չիմացվի, թե ո՛վ է սպանել նրան, 2ապա քո ծերերն ու դատավորները թող դուրս գան և չափեն սպանվածի ու շրջակայքում գտնվող քաղաքների միջև եղած հեռավորությունը։ 3Սպանվածին ամենամոտ գտնվող քաղաքի ծերերը արջառների միջից թող վերցնեն չբանեցված, այսինքն՝ լծի տակ չմտած մի երինջ, 4այդ քաղաքի ծերերն այդ երինջը թող իջեցնեն չհերկված և չսերմանված ապառաժոտ մի ձորի մեջ և այնտեղ՝ այդ ձորում, կտրեն երինջի վիզը։ 5Եվ Ղևիի որդիները՝ քահանաները, մոտենան (որովհետև քո Տեր Աստվածը նրանց է ընտրել իրեն ծառայելու և Տիրոջ անունով օրհնություն տալու համար), և ամեն վեճ ու ամեն վերք նրանց խոսքով թող դատվի։ 6Սպանվածին ամենամոտ գտնվող այդ քաղաքի բոլոր ծերերն այն ձորում իրենց ձեռքերը թող լվանան վիզը կտրած այդ երինջի վրա 7և թող պատասխանեն ու ասեն. “Մեր ձեռքերը չթափեցին այս արյունը, և մեր աչքերը չտեսան։ 8Ո՛վ Տեր, քավությո՛ւն արա քո Իսրայել ժողովրդին, որին դու փրկեցիր, և անմեղ արյան համար մեղավոր մի՛ համարիր քո Իսրայել ժողովրդին”։ Այդպիսով այդ արյունը քավված կլինի նրանցից։ 9Իսկ դու անմեղ արյունը կվերացնես քեզանից՝ անելով այն, ինչ ուղիղ է Տիրոջ առաջ։
Գերի կանանց մասին
10Երբ պատերազմի ելնես քո թշնամիների դեմ, և քո Տեր Աստվածը նրանց մատնի քո ձեռքը, և գերիներ վերցնես նրանցից 11և գերիների մեջ մի գեղադեմ կին տեսնես, սիրես նրան ու նրան կին առնես քեզ, 12ապա նրան կտանես քո տունը, և նա կածիլի իր գլուխը, կկտրի իր եղունգները, 13իր վրայից կհանի գերության զգեստները, կնստի քո տանը և մի ամբողջ ամիս լաց կլինի իր հոր ու մոր համար։ Դրանից հետո կմերձենաս նրան, նրա այրը կլինես, և նա էլ կլինի քո կինը։ 14Եթե նրան չհավանես, նրան ազատ կարձակես, բայց նրան փողով բնավ չվաճառես, ոչ էլ կստրկացնես, քանի որ դու լլկել ես նրան։
Անդրանիկ զավակի ժառանգության մասին
15Եթե մի մարդ երկու կին ունենա, մեկը՝ սիրելի, իսկ մյուսը՝ ատելի, և նրանք՝ թե՛ սիրելին և թե՛ ատելին, նրա համար որդիներ ծնեն, և եթե անդրանիկը լինի ատելի կնոջ որդին, 16իր ունեցվածքը որդիներին բաժանելու օրը չի կարող անդրանիկության իրավունքը տալ իր սիրելի կնոջ որդուն՝ իր ատելի կնոջ անդրանիկ որդուց առաջ գցելով, 17այլ նա պետք է անդրանիկ ճանաչի իր ատելի կնոջ զավակին և իր ամբողջ ունեցածից կրկնակի բաժին տա նրան, որովհետև նա է նրա զորության սկիզբը, և անդրանիկության իրավունքը նրան է պատկանում։
Անհնազանդ զավակի մասին
18Եթե մի մարդ անզգամ և անհնազանդ մի տղա ունենա, որն իր հոր և մոր խոսքը չի լսում և իրեն խրատելիս չի հնազանդվում նրանց, 19ապա նրա հայրն ու մայրը թող բռնեն նրան ու տանեն իրենց քաղաքի ծերերի մոտ, նրա բնակած վայրի դարպասի առջև 20և քաղաքի ծերերին ասեն. “Մեր այս տղան անզգամ և անհնազանդ է. նա մեր խոսքը չի լսում, որկրամոլ է և հարբեցող”. 21այն ժամանակ այդ քաղաքի բոլոր մարդիկ թող քարկոծեն ու սպանեն նրան։ Այդպիսով չարությունը կվերացնես քո միջից, և ամբողջ Իսրայելը կլսի և կվախենա։
Զանազան օրենքներ
22Եթե մեկը մահապատժի արժանի մեղք գործի, նա պետք է մեռցվի. դու նրան կկախես ծառից։ 23Նրա մարմինը գիշերը ծառի վրա չմնա, այլ նույն օրը անպատճառ կթաղես նրան, որովհետև կախված մարդը Աստծուց անիծված է, և չպղծես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը քեզ է տալիս ժառանգելու համար»։

Currently Selected:

Բ ՕՐԵՆՔ 21: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in