YouVersion Logo
Search Icon

Բ ՕՐԵՆՔ 20

20
Պատերազմի մասին
1«Եթե քո թշնամիների դեմ պատերազմի ելնես և տեսնես ձիեր ու կառքեր և քեզանից շատ մի ժողովուրդ, չվախենաս նրանցից, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է, որ քեզ հանեց եգիպտացիների երկրից։ 2Երբ մոտենաք պատերազմելու, թող քահանան մոտենա և խոսի ժողովրդի հետ 3ու ասի նրանց. “Լսի՛ր, Իսրայե՛լ, դուք այսօր մոտեցել եք պատերազմելու ձեր թշնամիների դեմ. ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք, մի՛ դողացեք նրանց դիմաց, 4որովհետև ձեր Տեր Աստվածը գնում է ձեզ հետ, որպեսզի ձեզ համար պատերազմի ձեր թշնամիների դեմ և օգնի ձեզ”։
5Զինվորական պաշտոնյաները թող խոսեն ժողովրդի հետ և ասեն. “Ո՞վ է այն մարդը, որ նոր տուն է կառուցել և դրա նավակատիքը չի արել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ կատարի նավակատիքը։ 6Ո՞վ է այն մարդը, որ այգի է տնկել և այն չի վայելել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ վայելի այն։ 7Ո՞վ է այն մարդը, որ նշանվել է կնոջ հետ և նրան չի առել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ առնի նրան”։ 8Զինվորական պաշտոնյաները թող շարունակեն իրենց խոսքը և ասեն. “Ո՞վ է այն մարդը, որ վախկոտ ու թուլասիրտ է. թող ետ դառնա, գնա իր տունը, որպեսզի չթուլացնի իր եղբայրների սիրտը իր սրտի նման”։ 9Երբ զինվորական պաշտոնյաները վերջացնեն իրենց խոսքը ժողովրդի առաջ, այն ժամանակ թող զորապետներ նշանակեն ժողովրդի վրա։
10Երբ մոտենաս մի քաղաքի՝ պատերազմելու նրա դեմ, նրան խաղաղության կոչիր։ 11Եթե խաղաղությա՛ն պատասխան տա քեզ և իր դռները բաց անի քո առջև, ապա այդ քաղաքում գտնվող ամբողջ ժողովուրդը հարկատու կլինի քեզ և քեզ կծառայի։ 12Իսկ եթե չընդունի քո խաղաղության հրավերը և պատերազմի քո դեմ, ապա կպաշարես այն, 13և քո Տեր Աստվածն այն քո ձեռքը կմատնի, և դու սրի կքաշես նրա բոլոր տղամարդկանց։ 14Բայց կանանց, երեխաներին ու անասուններին և ինչ որ կա այդ քաղաքում, դրա ամբողջ ավարը կվերցնես քեզ համար. և կուտես քո Տեր Աստծու՝ քո ձեռքը մատնած թշնամիներիդ ամբողջ ավարը։ 15Այդպես կվարվես այն բոլոր քաղաքների հետ, որոնք քեզանից շատ հեռու են, և որոնք այս ազգերի քաղաքներից չեն։ 16Սակայն քո Տեր Աստծու՝ քեզ ժառանգություն տված այս ազգերի քաղաքներում ոչ մի շունչ ունեցողի ողջ չթողնես, 17այլ բնաջինջ կանես քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին, ինչպես որ քո Տեր Աստվածը պատվիրել է քեզ, 18որպեսզի ձեզ չսովորեցնեն ընդօրինակել իրենց այն բոլոր գարշելի բաները, որ անում են իրենց աստվածների համար, և որպեսզի դուք մեղք չգործեք ձեր Տեր Աստծու առաջ։
19Երբ մի քաղաք երկար ժամանակ պաշարես՝ նրա դեմ պատերազմելու, այն գրավելու համար, դրա ծառերը կացնահարելով չփչացնես, որովհետև դրանցից պիտի ուտես. ուրեմն չկտրես դրանք. որովհետև դաշտում գտնվող ծառը մի՞թե մարդ է, որ քո կողմից պաշարման մեջ լինի։ 20Բայց այն ծառերը, որոնք գիտես, թե ուտելու պիտանի պտուղ չեն տալիս, կարող ես փչացնել և կտրել. դրանցով պատնեշ կկառուցես քո դեմ պատերազմող քաղաքի դիմաց, մինչև որ այն նվաճվի»։

Currently Selected:

Բ ՕՐԵՆՔ 20: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in