YouVersion Logo
Search Icon

Կողոսացիներին 2

2
1Կամենում եմ, որ դուք գիտենաք, թե ինչպիսի՛ պայքար եմ մղում ձեզ և լաոդիկեցիների համար, նաև բոլոր նրանց համար, ովքեր ինձ անձամբ չեն տեսել, 2որպեսզի նրանց սրտերը մխիթարվեն՝ սիրով միմյանց միանալով, և ամենայն ճոխությամբ հասնեն կատարյալ իմաստության, այսինքն՝ Աստծու և Հոր և Քրիստոսի խորհուրդը ճանաչելուն, 3որի մեջ են թաքնված իմաստության և գիտության բոլոր գանձերը։ 4Այս ասում եմ, որպեսզի ոչ ոք ձեզ հրապուրիչ խոսքերով չմոլորեցնի։ 5Քանի որ թեև մարմնով բացակա եմ, բայց հոգով ձեզ հետ եմ՝ տեսնելով ձեր ընթացքը և Քրիստոսի հանդեպ ձեր հավատի հաստատությունը և ուրախանալով։
Կյանքի լիությունը Քրիստոսով
6Ուրեմն ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, նրանով էլ ընթացե՛ք՝ 7արմատավորված և նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, և դրա մեջ աճե՛ք գոհություն հայտնելով։ 8Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ իմաստասիրությամբ ու դատարկ խաբեությամբ գրավի, որ մարդկային ավանդության, բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ Քրիստոսի։ 9Որովհետև նրա մեջ Աստվածության ամբողջ լիությունը բնակվում է մարմնապես։ 10Եվ դուք էլ նրանով լցվեցիք, որովհետև նա է ամեն իշխանության և պետության գլուխը։ 11Նրանով դուք անձեռակերտ թլփատությամբ թլփատվեցիք՝ Քրիստոսի թլփատությամբ մարմնական մեղքերի մարմնից մերկանալով, 12նրա հետ մկրտությամբ թաղվեցիք, որով էլ նրա հետ հարություն առաք՝ հավատալով Աստծու զորությանը, որ մեռելներից հարություն տվեց նրան։ 13Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերի ու ձեր մարմնի անթլփատության մեջ, իր հետ կենդանացրեց՝ մեր բոլոր հանցանքները ներելով։ 14Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց, 15իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց նրանով։
16Արդ թող ոչ ոք ձեզ չդատի ուտելու կամ խմելու համար, կամ տոնական օրվա կամ ամսամուտի կամ շաբաթը պահելու համար։ 17Սրանք գալիքի ստվերներն են, բայց մարմինը Քրիստոսինն է։ 18Ոչ ոք թող ձեզ մրցանակից չզրկի կեղծ խոնարհությամբ և հրեշտակների պաշտամունքով, ներթափանցելով այն բաների մեջ, որ չի տեսել, և անտեղի հպարտանալով իր մարմնական մտքի խոհերով. 19այդպիսի մեկը չի պահում Գլուխը, որից ամբողջ մարմինը, հոդերով ու խաղերով կապված ու միացած, աճում է, և Աստված է աճեցնում։
Կյանք և մահ Քրիստոսով
20Արդ եթե Քրիստոսի հետ մեռաք և ազատվեցիք այս աշխարհի սկզբունքներից, էլ ինչո՞ւ եք ապրում այս աշխարհում այսպիսի կանոններով՝ 21«Մի՛ մոտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպիր»։ 22Դրանք բոլորը նախատեսված են գործածվելու ապականության համար, ինչպես մարդկանց կողմից ստեղծված պատվիրաններն ու վարդապետությունները, 23որոնք արտաքուստ իմաստության կերպարանք ունեն՝ կամային պաշտամունքով, կեղծ խոնարհությամբ, մարմնի խստակեցությամբ, բայց արժեք չունեն և մարմինը բավարարելուն են ծառայում։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in